Լինելով սակավ էներգակիրներ ունեցող երկիր` Հայաստանն այսօր տարածաշրջանում էլեկտրաէներգիա արտահանող երկիր է։ 2007 2011 թվականներին հանրապետությունից արտահանվել է մոտ 4 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ ՀՀ կառավարությունը ոլորտի հետագա զարգացման նպատակով կատարել է մի շարք կարևոր քայլեր և զգալի ներդրումներ։

  • Երևանի համակցված շոգեգազային շրջափուլով էներգաբլոկի կառուցման ծրագրով ճապոնական վարկային միջոցներից կառավարությունը ներդրեց մոտ 113 մլրդ դրամ։ Արդյունքում, էներգահամակարգում շահագործվող մյուս ջերմային էներգաբլոկների համեմատ, աշխարհում ներկայումս ընդունված ժամանակակից և խնայողական տեխնոլոգիայով կառուցված նոր էներգաբլոկի վառելիքի տեսակարար ծախսը շուրջ 1.5‑2 անգամ ցածր է, որի շնորհիվ ապահովվում է արտադրանքի ցածր ինքնարժեք։ 2010 թ. ապրիլից «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ‑ի նոր էներգաբլոկի շահագործումը տարեկան կտրվածքով էլեկտրաէներգետիկ համակարգում ստեղծում է շուրջ 14‑14.5 մլրդ դրամ հաշվարկային դրական արդյունք, որն էլ հնարավորություն է տվել ծածկել 2010 թ. ապրիլի 1‑ից գազի սակագնի բարձրացման հետևանքով առաջացող տարբերությունը։ Սա հնարավորություն ստեղծեց էլեկտրաէներգիայի վաճառքի վերջնական սակագինը թողնել անփոփոխ` չնայած ռեսուրսների թանկացմանը։ Հարկ է նշել նաև, որ հանրապետությունում գործող ՋԷԿ‑երի համեմատ նոր էլեկտրակայանն ունի բնապահպանական բարձր ցուցանիշներ։
  • Հանրապետության ներուժը էներգաբլոկներով հզորացնելու հաջորդ հաջողված ծրագիրը Հրազդանի ՋԷԿ‑ի 5‑րդ էներգաբլոկի շինարարության ավարտը և արդիականացումն էր։ 456 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով այս ծրագիրը հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիան կավելացնի 460 Մվտ‑ով և անմիջական առնչություն ունի Իրանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագրին, քանի որ անմիջապես միանում է նոր կառուցվող Իրան‑Հայաստան էլեկտրահաղորդման գծին։
  • Հանրապետությունում 110 կՎտ ենթակայանների վերակառուցման նպատակով ճապոնական վարկային միջոցներից հատկացվել է մոտ 15 մլրդ դրամ, որով վերակառուցվել է 110 կՎտ հզորությամբ 17 ենթակայան (նախատեսված 33‑ից) ի հաշիվ արդիական մեխանիզմների, որոնք ներդրվել են վերականգնված ենթակայաններում։ Դրանով հնարավորություն ընձեռվեց բարձրացնելու ենթակայանների և էներգահամակարգերի աշխատանքի հուսալիությունն ու անվտանգությունը։
  • Հանրապետությունում առկա ջրային ռեսուրսները որպես էներգիայի աղբյուր օգտագործելու միջոցով հնարավորություն է ստեղծվում բարձրացնելու էլեկտրաէներգետիկ ապահովվածության մակարդակը, ինչպես նաև ապահովել լրացուցիչ աշխատատեղեր և եկամուտ` փոքր և միջին ընկերություններին հրապուրելով այդ ոլորտում ձևավորել բիզնես հարաբերություններ։ Կառավարության որդեգրած քաղաքականության հետևողական իրականացման շնորհիվ 2008 թվականից սկսել է կառուցվել 74, և 2007 2011 թվականների ընթացքում արդեն իսկ շահագործման է հանձնվել 69 փոքր ՀԷԿ, որոնք ընդհանուր առմամբ էներգահամակարգ են առաքել մոտ 1.4 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ Այդ ոլորտում նախահաշվային արժեքով ներդրվել է մոտ 24.2 մլրդ դրամ։
  • Հանրապետությունում առկա էներգահամակարգերի կառավարման արդիականացման նպատակով 2008‑2010 թվականներին ճապոնական վարկային միջոցների հաշվին կառավարությունն իրականացրել է մոտ 4 մլրդ դրամ ներդրում։ Ներդրվել է «SCADA» կապի համակարգը, որը հնարավորություն է ընձեռել ձևավորելու Հայաստանի էներգահամակարգի կառավարման ինչպես մեկ ամբողջական, այնպես էլ կապի, տվյալների և տեղեկատվության հավաքման, հաղորդման և պահպանման, էլեկտրաէներգիայի և էներգետիկ ռեսուրսների կառավարման, ինչպես նաև վերահսկման համակարգեր։ Այս ամենի շնորհիվ էներգահամակարգը դարձել է ավելի հուսալի, արդյունավետ և կայուն կառավարվող։
  • Միջուկային նոր էներգաբլոկի կառուցումն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի հետագա զարգացմանը և էներգետիկ հզորության աճին։ Հայաստանի և Ռուսաստանի կառավարություների միջև 2010 թվականին կնքված պայմանագրով իրականացնել մոտ 4.5 մլրդ դոլարի ներդրում և կառուցել եվրոպական անվտանգության չափանիշներին համապատասխան էներգաբլոկ, որը հնարավություն կունենա նախնական հաշվարկով տարեկան արտադրել մոտ 7.5 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ Հայաստանի` էլեկտրաէներգիա փոխադրող և բաշխող հզորություններն այսօր արդեն իսկ լուրջ ներուժ ունեն հանրապետությունը դարձնելու էլեկտրաէներգիայի տարանցիկ կենտրոն, որն ունակ է ողջ երկրի տարածքով հարավից հյուսիս և հակառակ ուղղությամբ էլեկտրաէներգիա փոխադրելու և արտահանելու։ Կարևորելով այս ուղղվածության ենթակառուցվածքների արդիականացումը և հզորացումը, ինչը հնարավորություն կտա նվազագույնի հասցնել փոխադրման կորուստները` ՀՀ կառավարությունը ձեռնամուխ եղավ Իրան‑Հայաստան 400 կՎտ լարման նոր երկշղթա էլեկտրահաղորդման գծի կառուցմանը, որը մեծացնելու է ԻԻՀ և ՀՀ էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունները։ Օդային գծի` Հայաստանում գտնվող հատվածի 275 կմ‑ի (ԻԻՀ սահման‑Հրազդանի 5‑րդ էներգաբլոկ) շինարարության վրա կատարվող ներդրման արժեքն է 75.65 մլն եվրո։ 2010 թվականին աշխատանքն արդեն սկսվել է և ընթացքի մեջ է։ Այս նախագծի մի մասն է նաև 32.24 մլն եվրո արժողությամբ 400 կՎտ «Նորավան» ենթակայանի շինարարությունը,որը կսպասարկի այդ էլեկտրաէնեգիայի հաղորդակցության գիծը։
  • Տարածաշրջանային էլեկտրաէնեգիայի փոխանակման գաղափարի բաղկացուցիչ մասն է նաև միջազգային վարկային միջոցների հաշվին մոտ 1.2 մլն եվրո ներդրումով 2010 թվականին վերակառուցված Ալավերդի‑Գարդաբան գիծն սպասարկող «Ալավերդի‑2» բարձրավոլտ ենթակայանը, որն արդեն բարոյապես և ֆիզիկապես մաշված էր։