2007-2011 թվականների ընթացքում ՀՀ կառավարության կողմից իրականացվել է 105 մլրդ դրամի խմելու և ոռոգման ջրի մատակարարման, ինչպես նաև ջրահեռացման ոլորտների կապիտալ շինարարություն, ինչը շուրջ 2.5 անգամ գերազանցում է հաշվետու տարիներին նախորդող երեք տարիների (2002- 2006 թվականների) ընթացքում կատարված 44 մլրդ դրամի աշխատանքի ծավալը։

Խմելու ջրի համակարգեր

Հանրապետությունում առկա խմելու և ոռոգման ջրի ցանցերը կառուցվել են խորհրդային տարիներին և ունեն մաշվածության բարձր աստիճան։ Ջրի կորուստը մինչև վերջնական սպառողին հասնելը (2007 թվականին խմելու ջրի կորուստը մոտ 85 տոկոս է եղել) և հին տեխնոլոգիաների օգտագործումը նույն արդյունքը ստանալու համար պահանջում են ավելի մեծ ծախս, ինչը հանգեցնում է ջրի սակագնի բարձրացմանը։ Միաժամանակ անընդհատ վթարները նաև ազդում են խմելու ջրի որակի վրա։ 2007 2011 թվականներին կառավարությունը կառուցել է մոտ 2100 կմ խմելու ջրի ջրագիծ` ներդնելով շուրջ 38.7 մլրդ դրամ։ Կառուցվել ու նորոգվել են 106 պոմպակայան և 209 օրվա կարգավորիչ ջրամբար։ Կառուցվել, հորատվել և վերականգնվել է 4 արտեզյան հոր։ Այս բոլոր միջոցառումների արդյունքում 2011 թ. խմելու ջրի կորուստը նվազել է մինչև 82 տոկոս։ Ընդհանուր առմամբ, կառուցված և արդիականացված պոմպակայանները, ջրամբարները, հորերը, ինքնահոս և ջրագծերի համակարգերը հնարավորություն տվեցին հանրապետության ջրային ոլորտում կատարել էլեկտրաէներգիայի զգալի խնայողություն՝ 2007 թվականի մոտ 360 մլն կՎտ ժամից 2011 թվականին` 260 մլն կՎտ ժամ։

Ջրամատակարարման ոլորտում ներդրումներ (մլրդ դրամ)

2007-2011 թվականներին կատարված աշխատանքը հնարավորություն է տվել գրեթե կայուն պահել խմելու ջրի սակագնի մակարդակը։ Իրականացված աշխատանքի արդյունքում հանրապետության մասշտաբով միջինացված տվյալներով` միայն 2011 թվականին միջին հաշվով օրական կես ժամով աճել է ջրամատակարարման տևողությունը, իսկ Երևան քաղաքում այն 2007 թվականի օրվա միջին հաշվով 17.4 ժամից հասել է 22.9 ժամի, չնայած որոշ թաղամասերում գործում է 24 ժամյա գրաֆիկ։

Ոռոգման համակարգ

Հայաստանում առկա ոռոգման ջրագծերի հիմնական մասը կառուցվել է դեռևս խորհրդային տարիներին և ունի մաշվածության բարձր աստիճան, ինչի հետևանքով 2007 թվականին ջրի կորուստը կազմում էր մոտ 68 տոկոս։ Հաշվի առնելով ոռոգման ջրագծերի կենսական դերը հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում` ՀՀ կառավարությունը կարևորում է ջրագծերի կառուցումն ու նորոգումը։ 2007-2011 թվականներին պետական բյուջեի, վարկային և դրամաշնորհային ծրագրերի (որոնցից ամենամեծ ֆինանսավորումն ապահովել է «Հազարամյակի մարտահրավեր» ծրագիրը) միջոցներից այդ նպատակին հատկացվել է մոտ 66.6 մլրդ դրամ, նորոգվել կամ կառուցվել են մոտ 473 կմ ոռոգման ջրագծեր և տարբեր համակարգեր։ 2007-2011 թվականներին նաև կառուցվել և նորոգվել են 130 պոմպակայան, 45 ջրամբար, մաքրվել է շուրջ 1767 կմ երկարությամբ դրենաժ, հորատվել և վերականգնվել է 32 խորքային հոր։ Կատարված աշխատանքը հնարավորություն է տվել ապահովել ոռոգման համակարգի անխափան աշխատանքը։

ՀՀ կառավարությունը ձեռնամուխ եղավ Կոտայքի մարզի Մարմարիկի ջրամբարի վերականգնմանը, որի 4.5 մլրդ դրամ արժողությամբ աշխատանքն ավարտվեց 2011 թվականին։ Մարմարիկի ջրամբարը հանդիսանում է ջրային պաշարի կարևոր ենթակառուցվածք, որն անկախ Հայաստանի Հանրապետության ժամանակաշրջանի միակ կառուցված ջրամբարն է։ Այն հնարավորություն ընձեռում շուրջ 20 մլն խորանարդ մետրով նվազեցնելու Սևանա լճից թողքը, լրացուցիչ ոռոգելու 1055 հա հողատարածք, տարեկան կխնայվի մոտ 11 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, քանի որ կապահովվի ինքնահոս ոռոգում: Ոռոգման համակարգում իրականացված աշխատանքից օգտվել են շուրջ 500 համայնք և մոտ 700 հազար շահառու (Հայաստանի համայքների կեսից ավելին և բնակչության շուրջ 20 տոկոսը)։