2011 թվականին «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում կատարվեցին փոփոխություններ, որոնցով ապահովվեցին հետևյալ արդյունքները.

  • Հստակեցվել և խստացվել են մրցակցային օրենսդրության խախտումների համար սահմանված տուգանքների չափերը՝ համապատասխանեցնելով դրանք միջազգային չափանիշներին:
  • Ընդլայնվել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ապացուցողական կարողությունները՝ նախատեսելով դիտանցումներ և հսկիչ գնումներ կատարելու իրավասություններ:
  • Վերացվել են օրենքում առկա բազմաթիվ սողանցքները, հստակեցվել են հասկացությունները: Գնային չարաշահումների դեմ առավել արդյունավետ պայքար մղելու նպատակով օրենքում հստակ կարգավորում են ստացել գների չհիմնավորված բարձրացման, իջեցման և պահպանման հետ կապված հարաբերությունները:
  • Գերիշխող դիրքի որոշման համար, բացի քանակական չափանիշներից, սահմանվել են նաև որակական չափանիշներ, որը հնարավորություն է տալիս գերիշխող դիրք ունեցող համարել շուկայում իրական ազդեցություն ունեցող այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնք քանակական ցուցանիշներով գերիշխող դիրք ունեցող չէին համարվի և չարաշահումների համար պատասխանատվության չէին ենթարկվի:
  • Չարաշահում թույլ տված գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտի լուծարման գործընթացը կանոնակարգվել է՝ ՏՄՊՊՀ-ին ընձեռելով գործի համապարփակ ուսումնասիրության հնարավորություն:
  • Առևտրային ցանցերի վերաբերյալ որոշ դրույթների վերանայման արդյունքում հնարավորություն է ստեղծվել կանխարգելել և բացառել խոշոր առևտրային ցանցերի կողմից տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտումները, որով բարենպաստ պայմաններ են ստեղծվել փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման համար: