Հարգելի գործընկերներ,

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2007-2011 թվականների գործունեության արդյունքները: Զեկույցի մեջ մանրակրկիտ ներկայացված են կառավարության իրականացրած աշխատանքների նկարագիրն ու վերլուծությունը:

2008 թվականին բռնկեց համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամը, որի բնույթն աննախադեպ էր և որի ազդեցությունը ցայսօր զգացվում է թե՛ համաշխարհային, թե՛ հայաստանյան տնտեսության վրա: Մեզ հաջողվեց խուսափել ճգնաժամի առաջին՝ ֆինանսական փուլից, սակայն 2009‑ից համաշխարհային տնտեսությանը պատուհասած խնդիրները սկսեցին անմիջականորեն զգացվել նաև Հայաստանում: Չնայած ճգնաժամի ռիսկերին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնամուխ եղավ տնտեսության կառուցվածքի դիվերսիֆիկացմանն ու վերափոխմանն ուղղված քայլերի, մեր նպատակը մակրոտնտեսական կայունության վերականգնումն ու տնտեսության աճի երկարաժամկետ ու կայուն հիմքերի հաստատումը դարձավ: Այսօր մենք արձանագրում ենք, որ մեր երկիրը մուտք է գործում համաշխարհային տնտեսական բացասական ազդակների ու գնաճի առաջացրած մարտահրավերի հաղթահարման հանգրվան, ինչը մեզ հնարավորություն է տալու առաջիկա տարիներին շարունակել իրականացնել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման մեր տեսլականն ու առավել պատրաստ լինել առաջացող մարտահրավերներին: Մենք համարում ենք, որ մեր վերջնական նպատակը տնտեսական բարձր աճն է, իսկ մակրոտնտեսական կայունությունը` այդ նպատակին հասնելու կարևորագույն միջոցը:

Ձեր դատին ներկայացված զեկույցում անդրադարձ է կատարվում ՀՀ կառավարության իրականացրած այն քայլերին, որոնք միտված են տնտեսության իրական հատվածի՝ արդյունաբերության ու գյուղատնտեսության զարգացմանը, ներկայացված են այն հսկայական ներդրումները, որոնք կատարել ենք ենթակառուցվածքների կատարելագործման համար:

Այսօր կառավարությունը որդեգրել է Հայաստանն արդյունաբերական ուղղվածություն ունեցող երկիր դարձնելու նոր քաղաքականություն, որը նպատակ ունի ոչ միայն վերականգնել կորցրած ներուժը, այլև բացահայտել նոր բնագավառներ և հնարավորություններ: Հսկայածավալ ծրագրեր են իրականացվել գյուղի և գյուղատնտեսության զարգացման համար, որոնց նպատակը ոլորտի համալիր զարգացումն է, մեր երկրի արտահանման ծավալների ավելացումը, պարենային ինքնաբավության աստիճանի բարձրացումն ու գյուղական աղքատության հաղթահարումը: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում կառավարությունը վերանայեց իր բոլոր ծրագրերը և աննախադեպ ներդրումներ կատարեց նոր ենթակառուցվածքների ստեղծման, ինչպես նաև հների նորոգման համար: Կառավարությունը 2007‑2011 թվականներին ապահովել է աննախադեպ ներդրումներ ենթակառուցվածքներում (ջրամատակարարում, ճանապարհաշինություն, էներգետիկ համակարգ, օդային հաղորդակցություն, կապի ոլորտ), որոնց արդիականացումը մրցունակ է դարձրել տնտեսության նորանոր ճյուղեր, ապահովել նոր գործարար հնարավորություններ:

Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության առաջնայնություններից է մեր երկրում գործարար միջավայրի բարելավումը: Մեր համոզմունքն այն է, որ Հայաստանում պետք է հարմար լինի բիզնեսով զբաղվելը: ՀՀ կառավարությունը մի շարք ոլորտներում նախաձեռնեց արմատական բարեփոխման ծրագրեր, որոնց նպատակը ներդրումային և գործարար բարենպաստ միջավայրի ապահովումն է: Ծրագրերի մի մասն արդեն իսկ հաջողությամբ ավարտին է հասցվել, իսկ մի մասն ընթացքի մեջ է և այժմ էլ կառավարության ծրագրային գերակայություններից է, որոնք ներառում են հարկային և մաքսային ոլորտը, բիզնեսի հիմնադրումը և գրանցումը (ինչն, ի դեպ, արդեն հնարավոր է հաշված րոպեների ընթացքում), արտաքին առևտուրը, իրականացված քաղաքաշինական թույլտվությունների թվի արմատական կրճատումն ու տեսչական բարեփոխումները:

Անցած տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը իրականացրել է լրջագույն սոցիալական ծրագրեր: Անգամ ճգնաժամի տարիներին սոցիալական ոլորտներին՝ սոցիալական ապահովությանը, առողջապահությանն ու կրթությանն ուղղված միջոցները չնվազեցին, և կառավարությունը կատարեց իր բոլոր սոցիալական պարտավորությունները: Անցած տարիների ընթացքում կատարելագործվեց պետական կենսաթոշակի գործող համակարգը և ստեղծվեցին կուտակային կենսաթոշակի համակարգի ներդրման՝ կենսաթոշակային բարեփոխումների իրականացման օրենսդրական հիմքեր: Սոցիալական քաղաքականության ծրագրերը մշակելիս կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձրել բնակչության խոցելի կամ հատուկ կարիքներ ունեցող կամ առանձնահատուկ մոտեցում պահանջող խմբերի` հասարակությանն ինտեգրվելու առավել ճկուն մեխանիզմների ներդրմանը: Պետական նպաստների հասցեականությունը նկատելիորեն աճել է, ինչի շնորհիվ ավելացնել են բոլոր տեսակի նպաստների չափերը:

Մեր երկրի հիմնական կապիտալը մարդն է, ու այս առումով Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության առաջնային ուղղություններից է մարդկային կապիտալի զարգացումը: Ներկայացվող զեկույցի 6‑րդ գլխում մանրամասնորեն ներկայացված են կրթության, առողջապահության, մշակույթի ու շրջակա միջավարի պահպանությանն ուղղված միջոցառումները: Կրթության ոլորտում իրականացված ծրագրերը հնարավորություն են ստեղծելու որակապես բարեփոխել առկա համակարգը, առավել հասուն դարձնել ուսման և կրթության վերաբերյալ հանրային մոտեցումները: Մենք անկյունաքարային ծրագրեր ենք իրականացրել առողջապահության բնագավառում, սկսած անվճար ծննդօգնությունից, մինչև շտապօգնության համակարգի արմատական վերազինումը, ստվերայնության կրճատումից մինչև բուժծառայությունների հասանելիության շեշտակի աճը և բուժաշխատողների սոցիալական պայմանների բարելավումը:

Կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել բնակչության մշակութային կյանքին, նախաձեռնել ու կազմակերպել է նորանոր ծրագրեր, փառատոններ ու միջոցառումներ: Պատմամշակութային հուշարձանների պահպանության բնագավառում կանոնակարգվել և ներդրվել են պետական ֆինանսավորման նոր ծրագրային ուղղություններ։ ՀՀ մարզերի համաչափ զարգացման սկզբունքից ելնելով, հիմնանորոգվել և վերանորոգվել են մշակույթի մարզային կենտրոնները:

2007‑2011 թթ. ժամանակահատվածը նշանակալից է եղել կենսաբազմազանության պահպանության և հատուկ պահպանվող տարածքների զարգացման տեսանկյունից։ Կառավարության ընդունած որոշումներով ընդլայնվել են բնության հատուկ պահպանվող տարածքները, ստեղծվել են նորերը: Ամենօրյա ուշադրության կենտրոնում է մնում Սևանա լճի էկոհամակարգի պահպանման գերնպատակը:

Մենք հասնելու ենք այն նպատակին, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր պետական ծառայող աշխատանքի է գնալու մեր քաղաքացիների կյանքը ավելի լավը դարձնելու և իր երկրի ավելի լավ վաղվա օրը կերտելու հավատամքով: Վերջին երեք տարիներին կառավարությունն էական բարեփոխում է իրականացրել պետական կառավարման համակարգում։Դա հանգեցրել է պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործմանը, պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի, պետական կառավարման համակարգի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը: Շարունակաբար կրճատվում են տեսչական ստուգումները, առցանց համակարգերի միջոցով մեր քաղաքացիները հնարավորություն են ստանում հետևել ոչ միայն պետական մարմինների հետ իրենց շփումների ընթացքին, այլ նաև վերահսկել պետական բյուջեն, գնահատել իրականացվող ծրագրերի արդյունավետությունը: 2008 թվականին կառավարության հավանությանն արժանացավ պետություն‑մասնավոր հատված համագործակցության հայեցակարգը, ինչի նպատակը խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման նախադրյալների ստեղծումն է (օրինակ՝ «Տաթևի վերածնունդ» ծրագիրը): Որպես տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանի հրամայական՝ ՀՀ կառավարությունը նախաձեռնեց էլեկտրոնային կառավարության համակարգի ներդրման ծրագիրը, ինչը տարիներ առաջ թվում էր երազանք, իսկ այժմ շատ‑ շատերի ամենօրյա գործունեության անբաժանելի մասն է: ՀՀ կառավարության կողմից մի շարք ոլորտներում իրականացվել են բարեփոխումներ, որոնց նպատակը ՀՀ քաղաքացիների համար որոշ ծառայություններից օգտվելու առավել բարենպաստ պայմաններ ստեղծելն է: Հավաստիացնում եմ, որ մատուցվող ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումը շարունակական բնույթ է կրում:

Զեկույցի 8‑րդ մասը վերաբերում է տարածքային համաչափ զարգացման մարտահրավերին: Գաղտնիք չէ, որ տարածքային մեծ և առավել ևս խորացող անհամաչափությունները կարող են ուղղակիորեն և անուղղակիորեն բացասաբար անդրադառնալ ոչ միայն երկրի ընդհանուր տնտեսական զարգացման վրա, այլ նաև լուրջ խնդիրներ ստեղծել պաշտպանական, ժողովրդագրական և ազգային անվտանգության հարցերում: Խնդրի լուծմանն է ուղղված ՀՀ կառավարության կողմից 2011 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման հայեցակարգը, որը հնարավորություն է տալիս միասնական մոտեցումների հիման վրա մշակել յուրաքանչյուր մարզի եռամյա կամ քառամյա սոցիալ‑տնտեսական զարգացման ծրագրեր և սկսել դրանց իրականացումը: 2008 թվականին ներդրվեց ՀՀ կառավարության արտագնա նիստերի ավանդույթը: Տարածքային համաչափ զարգացման առումով պետության կողմից իրականացված միջոցառումներն ուղղված են ենթակառուցվածքների բարելավմանը, աղետի գոտու վերականգնմանը (բնակարանաշինություն, կրթական հաստատությունների նորոգում և վերականգնում), առավել աղքատ համայնքներին աջակցության արտոնյալ պայմանների ստեղծմանը, բնակավայրերի սոցիալ‑տնտեսական և զբոսաշրջային զարգացմանը: Օրինակ՝ 2010 թվականից կառավարությունն իրականացնում է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը, որով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին ցուցաբերում է պետական աջակցություն: Կառավարությունը, փոփոխություններ կատարելով ծրագրում, էլ ավելի բարելավեց մարզերի բնակչությանն առաջարկվող պայմանները: Ի հավելումն վերը նշվածի հիմնովին վերակառուցվել և բժշկական նորագույն սարքավորումներով են հագեցվել մարզերի մի շարք բուժկենտրոններ, կառուցվել են նորերը: Կառավարությունը հստակ սահմանված չափանիշների հիման վրա առանձնացրել է առավել աղքատ 225 համայնք (ընդգրկված են հիմնականում սահմանամերձ և բարձրլեռնային համայնքները), որոնք առանձնակի ուշադրության են արժանացել, ինչը դրսևորվել է տարբեր ծրագրերով նրանց արտոնությունների տրամադրմամբ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը մարզերում և համայնքներում առկա տարաբնույթ հրատապ հիմնախնդիրների լուծման նպատակով պահուստային ֆոնդից հատկացրեց մոտ 20 մլրդ դրամ: Այս գործընթացը կրելու է շարունակական բնույթ և նպատակ է ունենալու ուղղակիորեն աջակցել մարզերի համայնքային բնակչությանը` արագ վերացնելու տեղերում առկա բնականոն կենսագործունեությունը խոչընդոտող երևույթները: Տարածքային համաչափ զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացման շնորհիվ էապես ավելացել են տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները և պատասխանատվության շրջանակը, ընդլայնվել համայնքների ռեսուրսային և ֆինանսական հնարավորությունները։

Ներածական այս բաժնում նշվածը սոսկ անցած ավելի քան հինգ տարիների սեղմ ուրվագիծն է: Զեկույցում դուք թվերի ու փաստերի լեզվով կգտնեք ձեզ հետաքրքրող յուրաքանչյուր ոլորտի առավել ընդգրկուն վերլուծությունը:

Շնորհակալություն ՀՀ կառավարության գործունեության նկատմամբ ձեր հետաքրքրության համար:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետ