Գյուղատնտեսության ոլորտում զբաղվածները կազմում են բնակչության ընդհանուր թվի 45,6 տոկոսը, ինչը վկայում է, որ գյուղատնտեսությունը Հայաստանում նաև սոցիալական մեծ նշանակություն ունի։ Չնայած այն հանգամանքին, որ 2006‑2008 թվականներին գյուղատնտեսության ոլորտում գրանցվել էր աճ, սակայն ակնհայտ էր, որ կան կառուցվածքային խնդիրներ։ Այսպես, վերջին մի քանի տարիներին թե՛ բուսաբուծության և թե՛ անասնաբուծության բնագավառում նկատվում էին կայուն նվազման միտումներ։ Մասնավորապես, մշակվող ցանքատարածությունները 2005 թվականին կազմում էին 332 հազար հա, 2010 թվականին՝ 283 հազար հա, մինչդեռ 2011 թվականին կառավարությանն հաջողվեց արձանագրել մշակվող ցանքատարածությունների աճ՝ 440 հազար հա։

Կառավարությունը, կարևորելով երկու ուղղություններն էլ, մշակեց և կյանքի կոչեց այս ոլորտների զարգացմանը միտված մի շարք ծրագրեր, մասնավորապես`

  • Գյուղացիական տնտեսությունների վարկավորում,
  • Գյուղատնտեսական մթերքների իրացման շղթայի ապահովում։

Բուսաբուծության ոլորտ`

  • ցորենի և գարու սերմնաբուծության և սերմնարտադրության ծրագիր,
  • օրգանական գյուղատնտեսության զարգացում,
  • տեղական կենսապարարտանյութերի արտադրության զարգացում,
  • գյուղատնտեսական տեխնիկայի վերազինում։

Անասնապահության ոլորտ`

  • տավարաբուծության ծրագիր,
  • համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր,
  • գյուղատնտեսության միջավայրի բարելավում։

Գյուղացիական տնտեսությունների վարկավորման ծրագիր

Ընդհանրապես գյուղատնտեսությունը ֆինանսական ներդրումների տեսանկյունից համարվում է բարձր ռիսկային ոլորտ, ինչը հիմնականում պայմանավորված է բնակլիմայական պայմաններից դրա անմիջական կախվածությամբ։ ՀՀ գյուղատնտեսության ոլորտն առավել ևս աչքի է ընկնում ֆինանսական ներդրումների սակավությամբ, քանի որ առկա է նաև ցածր եկամտաբերության գործոնը։ Գաղտնիք չէ, որ ոլորտի ռիսկայնությունից ելնելով` վարկերը տրամադրվում են բարձր տոկոսադրույքներով։ Ուստի 2008 թվականին վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման փորձնական ծրագիր իրականացվեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի և Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների 60 համայնքներում: Սուբսիդավորվել է վարկերի տոկոսադրույքների 10 տոկոսային կետին համարժեք մասը, իսկ այն տնտեսվարողները, որոնք վերջին երեք տարվա ընթացքում առաջին անգամ են ստացել վարկ, տոկոսադրույքները սուբսիդավորվել են ամբողջությամբ: Սակայն կառավարությունը, վարկերը գյուղացիական տնտեսություններին առավել հասանելի դարձնելու համար, 2011 թվականին ձեռնարկեց վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր։ Ծրագրի առաջին փուլում ՀՀ կառավարության նախատեսած 7.5 մլրդ դրամը տեղաբաշխվեց մինչև 2011 թվականի առաջին կիսամյակի վերջ` նպաստելով գարնանային աշխատանքների ծավալների մեծացմանը։ Ծրագրի իրականացման հաջողությունը և դրա նկատմամբ աճող պահանջարկը կառավարությանը դրդեցին շարունակել ծրագիրը՝ նախատեսելով ևս 7.5 մլրդ դրամ վարկային միջոց, որը կնպաստի գյուղատնտեսական աշնանային միջոցառումների ավելի մեծ ծավալների իրականացմանը։ Ծրագրի հաջողությունը պայմանավորված էր հատկապես այն հանգամանքով, որ կառավարությունը, սուբսիդավորելով վարկի տոկոսադրույքը, այն գյուղատնտեսությամբ զբաղվողի համար դարձնում է մատչելի՝ հանրապետության առավել աղքատ 225 համայնքներում` 8 տոկոս, իսկ մնացած բոլոր համայնքներում` 10 տոկոս տոկոսադրույքով։ Ամբողջ ծրագրի իրականացման նպատակով հատկացվեց 15 մլրդ դրամի վարկային միջոց:

Ուրբաթ, 20 Մայիս 2011

Ինչու՞ են ուշանում բանկերը

Այս տարի կառավարությունը նոր ծրագիր գործողության մեջ դրեց՝ գյուղական վարկերի սուբսիդավորում, որով գյուղացիները կարող են ձեռք բերել էժան վարկեր: Բանկերը վարկեր են տրամադրում 14 տոկոսով, պետությունը սուբսիդավորում է 4, առավել աղքատ գյուղական տարածքներում՝ 6 տոկոսով: «Պրոկրեդիտբանկի» Մալաթիա մասնաճյուղն սպասարկում է Արմավիրի մարզի տարածաշրջանի գյուղերը: Վերջին շաբաթն այստեղ շատ աշխույժ էր, հարյուրավոր վարկառուներ վարկային գործակալների հետ արդեն քննարկել են իրենց վարկ ստանալու հնարավորությունները: Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղի բնակիչ Արթուր Ռուստամյանը հենց նոր կնքեց 2 մլն դրամի վարկի պայմանագիրը՝ առանց գրավի եւ լրացուցիչ այլ պայմանների: Ջերմոց ունի, ուզում է ընդլայնել թե՛ տարածքը, թե՛ բանջարեղենի տեսականին: Նրա խոսքով՝ գյուղացիներից շատերի մոտ ձեւավորված մի կարծիք կա, որ նման էժան վարկերի մասին միայն խոսում են, որ այդպես հեշտ ու հանգիստ ոչ մի բանկ գումար չի տալիս և որ պետք է լավ երաշխավոր կամ միջնորդ գտնել, բայց իր օրինակը հաստատ նրանց կոգևորի:

Բացի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագրից, կառավարությունը «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» վարկային ծրագրով 2010 թվականի ընթացքում գյուղական փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրեց 2.6 մլն ԱՄՆ դոլարի կարճաժամկետ և երկարաժամկետ վարկեր, Համաշխարհային բանկի գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության շրջանակում կազմակերպություններին և անհատ ձեռներեցներին` մոտ 5.5 մլն ԱՄՆ դոլարի վարկեր։ «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ‑Հայաստան» ծրագրով գյուղացիական տնտեսություններին առավելագույնը 12 տոկոս տոկոսադրույքով տրամադրվել է 8.5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալի վարկ։

Արդյունքում կառավարության իրականացրած ծրագրերով վարկավորվեցին գյուղացիական տնտեսություններ հանրապետության գրեթե բոլոր համայնքներից և տեղաբաշխվեց 20.8 մլրդ դրամ վարկային միջոց (ինչը կազմել է գյուղատնտեսության ընդհանուր վարկավորման շուրջ 1/3‑ը)։

Գյուղատնտեսական մթերքների իրացման շղթայի ապահովման ծրագիր

Գյուղատնտեսության ոլորտի ապագան ուղղակիորեն կախված է գյուղատնտեսական մթերքների իրացման և արտահանման շղթայի կայացումից և դրա հետագա զարգացումից։ Չունենալով մթերքների իրացման կայուն շղթա` հնարավոր չէ ակնկալել գյուղատնտեսության զարգացում։ Կարևորելով այս հանգամանքը` կառավարությունը վերջին երեք տարիների ընթացքում ձեռնամուխ եղավ արտահանմանը նպաստող քաղաքականության վարմանը, այդ թվում նաև գյուղատնտեսության ոլորտում։ Նախ, այդ ոլորտի մի շարք ճյուղերում բարելավվեց բիզնես միջավայրը, որը հնարավորություն տվեց առավել նպաստավոր պայմաններում կազմակերպել արտահանման գործընթացը և նվազեցնել գործարարների ժամանակային ու ֆինանսական ծախսերը։ Այսպես,

  • կառավարությունը պարզեցրեց ներմուծման և արտահանման ընթացակարգերը` հանելով նախնական թույլտվություն ստանալու պահանջը, հետևաբար 7 օրով կրճատելով փաստաթղթերի հավաքման համար անհրաժեշտ ժամանակահատվածը։
  • կառավարությունը սահմանեց նոր ընթացակարգ` մինչև 2.5 տոննա գյուղատնտեսական մթերք արտահանող անձանց համար անհրաժեշտ փաստաթղթերի քանակը 7‑ից նվազեցնելով մինչև 4‑ը, ապահովեց հավաստագրի ստացումը 1 օրում և 2000 դրամ վճարի դիմաց (նախկինում` 5 օր և 25‑35 հազար դրամ), իսկ բուսասանիտարական հավաստագրի ստացումը 1 աշխատանքային օրվա ընթացքում, անվճար` առանց փորձաքննության։
  • կառավարությունը ձեռնարկեց մի շարք միջոցառումներ, որոնց շնորհիվ հնարավոր եղավ վերացնել Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն ձկնեղենի, խեցգետնի և այլ հիդրոբիոնտների արտահանման արգելքը, որը գործում էր 2007 թվականից կենդանական ծագման բոլոր մթերքների նկատմամբ։ Արդյունքում 2010 թվականին Հայաստանի Հանրապետությունից արտահանվեց մոտ 390 տոննա ձկնեղեն։ 2011 թվականին արտահանվել է շուրջ 1276 տոննա ձկնեղեն:
  • կառավարության իրականացրած մի շարք միջոցառումների արդյունքում վերջին երեք տարիների ընթացքում էապես ավելացել է ոչխարների արտահանումը և 2011 թվականին կազմել 140 հազար գլուխ՝ 2007 թվականին արտահանված 3.4 հազարի դիմաց։
  • կառավարությունն ընդունեց ձկան, ձկնամթերքի առաջնային մշակման և վերամշակման արտադրամասերում միջազգային չափորոշիչներին համապատասխանող արտադրական (GMP) կամ պատշաճ հիգիենիկ փորձի (GHP) ներդրման սկզբունքների հիման վրա մշակված փաստաթուղթ, և այժմ համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովը լայնածավալ աշխատանք է իրականացնում այն լիարժեք ներդնելու Հայաստանի Հանրապետությունում։

Չնայած արտահանման գործոնը հանգեցրեց ներքին շուկայում գյուղատնտեսական մթերքների գնաճի, սակայն հնարավորություն ստեղծեց ավելացնել ճյուղի շահութաբերությունը, որի շնորհիվ բարձրացավ գյուղատնտեսության ոլորտի գրավչությունը ներդրումների համար, ինչն էլ իր հերթին ֆինանսական միջոցների հոսքն ուղղեց դեպի գյուղատնտեսություն։

Արդյունքում չնայած 2010 թվականին գյուղատնտեսության ոլորտի 13.4 տոկոսանոց անկմանը, արձանագրվեց գյուղատնտեսական մթերքների արտահանման ծավալի 23 տոկոս աճ` 2007 թվականի 169.6 մլն ԱՄՆ դոլարի դիմաց 2011 թվականին կազմելով 208.7 մլն ԱՄՆ դոլար։ Այս ծրագրի արդյունավետ իրականացումը 2012 թվականի գյուղատնտեսության արտադրանքի արտահանման աճի հիմքն է։

Ցորենի և գարու սերմնաբուծության և սերմնարտադրության ծրագիր

Հացահատիկային մշակաբույսերի արտադրողականությունը բավական ցածր է եղել, ինչը վերջին վեց տարիների ընթացքում հանգեցրել է ցանքատարածքների տարեկան միջին հաշվով 5 տոկոս կայուն կրճատման։ Վերջին տասը տարիների ընթացքում հացահատիկային մշակաբույսերի սերմերը Հայաստանի Հանրապետությունում չեն թարմացվել, ինչի հետևանքով բարձր բերքատվության մասին խոսել հնարավոր չէր։ Ուստի կառավարությունն անհապաղ միջոցներ ձեռնարկեց ցորենի և գարու սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ուղղությամբ։ Մինչև օրս ներկրվել և տեղական սերմնաբույծներից գնվել է շուրջ 4467 տոննա լավագույն սորտերի աշնանացան ցորենի, 2000 տոննա գարնանացան գարու և 63 տոննա եգիպտացորենի սերմացու։ Այն բաշխվել է գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարող տարբեր սուբյեկտների՝ սերմնաբույծների, սերմնարտադրողների և հացահատիկային մշակաբույսերի ցանքով զբաղված այլ տնտեսվարողների։

Ցորենի բերքատվությունը (ց/հա)

Թվարկված ծրագրերի նպատակն է ոչ միայն ավելացնել ցանքատարածությունները, այլև գյուղացիներին ապահովել որակյալ սերմով, որը կբարձրացնի բերքատվությունը (մեկ հեկտարից` 21 ցենտներից մինչև 30 ցենտներ), կավելացնի այս ոլորտի շահութաբերությունը, և որպես արդյունք ցանքատարածությունները կավելանան 2010 թ. 159.3 հազար հեկտարից մինչև 200 հազար հեկտար` 2014 թ։ Ծրագիրն ունի շարունակական բնույթ և ներկայիս 37 տոկոսի փոխարեն նախատեսում է 2016 թվականին ապահովել ցորենի 50‑55 տոկոս ինքնաբավության մակարդակ։

Արդյունքում 2011 թվականի տվյալների հիման վրա ծրագրի իրականացման շնորհիվ աճեցված մշակաբույսերի միջին բերքատվությունը հեկտարից կազմել է 35‑40, իսկ առավելագույն բերքատվությունը` մինչև 70 ցենտներ։ Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ կառավարությանը կհաջողվի կանխել դեռևս 2005 թվականից սկսված հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների նվազման միտումը։

Օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագիր

ՀՀ կառավարությունը Հայաստանում գյուղատնտեսության ապագան տեսնում է որպես մրցունակ և արտահանման ներուժ ունեցող ոլորտ։ Այսօր համաշխարհային տնտեսությունում մեծ տարածում է ստանում օրգանական գյուղատնտեսությունը, որի արտադրանքը մեծ պահանջարկ ունի։ Քանի որ Հայաստանում կա օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելու բավականաչափ ներուժ, ապա կառավարությունն օժանդակում է գյուղատնտեսության այդ ճյուղի զարգացմանը և 300 մլն դրամի վարկային աջակցությամբ զարկ է տվել օրգանական հատապտղի մշակմանը։ Նշենք, որ ծրագիրը շարունակական է։

Ծրագրին մասնակցեց 13 գյուղացիական տնտեսություն, հիմնվեց 41 հա օրգանական այգի։ Աճեցված գրեթե ողջ բերքը արտահանվում է, քանի որ օրգանական հատապտղի գինը միջազգային շուկաներում շուրջ 40 տոկոսով բարձր է, ինչն էլ նպաստում է դրա մրցունակության բարձրացմանը։ Սա նշանակում է, որ անցում է կատարվում դեպի բարձր արտադրողական գյուղատնտեսություն:

Տեղական կենսապարարտանյութերի արտադրության զարգացման ծրագիր

2011 թվականից կառավարությունը որոշում ընդունեց աջակցել հանրապետությունում «Ազոտովիտ‑1» և «Ազոցեովիտ‑1» կենսապարարտանյութերի արտադրությանը և տարածմանը, որոնք կիրառելի են ոչ միայն օրգանական, այլ նաև ավանդական գյուղատնտեսության մեջ և, լինելով ինքնարժեքով ավելի ցածր և արդյունավետությամբ առավել բարձր, մրցունակ են դառնում ներկրվող ազոտական պարարտանյութերի նկատմամբ։ Տեղական արտադրության «Ազոտովիտ‑1» և «Ազոցեովիտ‑1» կենսապարարտանյութերը փորձարկման արդյունքում ակներև դարձրեցին դրանց բարձր արդյունավետությունը. մասնավորապես, դրանք 1.5 անգամ ավելի էժան են, քան սելիտրան, օգտագործման շնորհիվ մինչև 30 տոկոսով նվազում է ոռոգման ջրի պահանջը, և սելիտրայի համեմատությամբ շուրջ 20 տոկոսով բարձրանում բերքատվությունը։ Հաշվի առնելով այս ամենը` կառավարությունը պարարտանյութի արտադրությունը խթանելու նպատակով 6 ամիս ժամկետով հատկացրեց 50 մլն դրամի վարկ։ Այն հնարավորություն տվեց հանրապետության առավել աղքատ 225 համանքի հողօգտագործողներին հատկացնել «Ազոցեովիտ‑1» տեսակի կենսապարարտանյութ՝ տարաժամկետ վճարման պայմանով։

Ընդհանուր առմամբ կենսապարարտանյութերի զարգացման ծրագրից օգտվեց մոտ 240 գյուղացիական տնտեսություն, իրացվեց 4000 լիտր պարարտանյութ (նախատեսված շուրջ 400 հեկտարի համար)։

Գյուղատնտեսական տեխնիկայի վերազինման ծրագիր

Հանրապետությունում այսօր եղած գյուղատնտեսական տեխնիկան խիստ մաշված է և դարձել է ծախսատար։ Մասնավորապես, գյուղատնտեսական տրակտորների սարքինության մակարդակը կազմում է 78,4 տոկոս: Տեխնիկան թարմացնելու նպատակով կառավարությունը 2010‑2011 թվականներին ներկրել է 147 միավոր գյուղատնտեսական տեխնիկա և այն բաշխել համայնքներին, կոոպերատիվներին և գյուղացիական միավորումներին` խթանելով նաև կոոպերացիոն հարաբերությունների տարածումը։ Միաժամանակ միջազգային վարկային այլ ծրագրերից 2006‑2010 թվականներին 3.0 մլն ԱՄՆ դոլար ուղղվել է 242 միավոր գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու համար։

Տավարաբուծության ծրագիր

Տավարաբուծության հիմնախնդիրներից մեկն այս ճյուղի ցածր մթերատվությունն է։ Մասնավորապես, խոշոր եղջերավոր կենդանիների մսային և կաթնային մթերատվությունը գտնվում են բավական ցածր մակարդակի վրա (շուրջ 2 հազար լիտր կաթ մեկ կովի հաշվարկով, մինչդեռ տավարաբուծության արդյունավետ վարումը պահանջում է, որ մեկ կովի տարեկան կաթնատվությունը կազմի առնվազն 3000 լիտր)։ Տավարաբուծության ցածր շահութաբերության հետևանքով տարեցտարի կրճատվում է կենդանիների գլխաքանակը։ 2007‑2010 թվականների ընթացքում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը տարեկան միջին հաշվով կրճատվել է 5.1 տոկոսով։ Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ խոշոր եղջերավոր կենդանիների տեղական գենոֆոնդի բարելավում վերջին տասը տարիների ընթացքում (թե՛ պետական ծրագրով, թե՛ մասնավոր) Հայաստանի Հանրապետությունում տեղի չի ունեցել։

Անասնապահության արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ կառավարությունն արտերկրից հանրապետություն ներկրեց 1332 գլուխ կաթնատու և կաթնամսատու լավագույն ցեղերի տոհմային երինջ, որից 2010 թվականին՝ 262 գլուխ։ Ներկրված առանձին կենդանիների կաթնատվությունը կազմում է 8‑9 հազար լիտր, ինչը 4‑5 անգամ գերազանցում է տեղական կովերի կաթնատվությունը։ Արդեն իսկ ներկրված երինջների օգտագործմամբ ձևավորվել է 14 նոր տոհմային տնտեսություն, ստացվել է ավելի քան 1100 գլուխ տոհմային մատղաշ։ Ներկրված կենդանիները տարաժամկետ վճարման պայմանով տրամադրվում են համեմատաբար խոշոր տնտեսվարողներին, որոնք հետագայում ստացված սերունդն արդեն օտարելով պետք է տեղաբաշխեն հանրապետությունում` այդպիսով նպաստելով խոշոր եղջերավոր անասնապահության արդյունավետության բարձրացմանը։

Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր

Կենդանաբուծության ճյուղում այսօր լիարժեք չեն օգտագործվում զարգացման հնարավորությունները, մասնավորապես՝ արոտների հիմնական /հեռագնա/ մասը թերօգտագործված է, այն դեպքում, երբ գյուղամերձ արոտները գերօգտագործվում են և կորցնում իրենց արտադրողականությունը` առաջացնելով բնապահպանական և տնտեսական լուրջ խնդիրներ։ Լիարժեք չի օգտագործվում նաև վարելահողերի զգալի մասը, որը բարձրարժեք կերի հիմնական աղբյուրն է։ Կառավարությունն այս խնդիրների լուծմանն ուղղել է 21.33 մլն ԱՄՆ դոլար, որից 16 մլն ԱՄՆ դոլարը՝ Համաշխարհային բանկի վարկային միջոցներից, որով բարձրլեռնային այն համայնքներում, որտեղ անասնապահությունն ապրուստի հիմնական միջոցն է, մասնակի բարելավվում են հեռագնա արոտ տանող դաշտային ճանապարհները, արոտները ջրարբիացվում են։ Բացի այդ, չօգտագործվող վարելահողերը կօգտագործվեն բազմամյա կերաբույսերի արտադրության համար, կստեղծեն գյուղացիների եկամուտների ավելացման հնարավորություն։ Այս ծրագրով դաշտային ճանապարհների նորոգման և մոտ 80000 հա հեռագնա արոտների ջրարբիացման արդյունքում հնարավորություն կստեղծվի ծրագրում ընդգրկված և այլ համայնքների մոտ 66000 գլուխ կենդանիներին ամառվա ընթացքում ապահովել լիարժեք և բարձրորակ կերով (72000 տոննա կերամիավոր)` շուրջ 20 տոկոսով բարձրացնելով անասնապահական մթերքների արտադրությունը։

Ծրագիրն արդեն գտնվում է փորձնական փուլում և սկսել է գործել հանրապետության 55 համայնքներում, որտեղ նախատեսվում է այս նպատակների համար ձեռք բերել գյուղատնտեսական տեխնիկա և բարելավել արոտավայրեր տանող ճանապարհները։ Այս ծրագրի իրականացման կառուցվածքն այնպիսին է, որ նպաստում է ՀՀ կառավարության որդեգրած` հանրապետությունում կոոպերացիոն շարժմանը զարկ տալու քաղաքականությանը։

Գյուղատնտեսության միջավայրի բարելավման ծրագիր

2007-2011 թվականներին ՀՀ մարզերում տեղադրվել է 119 հակակարկտային կայան:

Կառավարությունը նախաձեռնեց փոփոխություններ «Հողային օրենսգրքում», որով սահմանվեց, որ 1000 քմ ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ‑բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսությունների և 5000 քմ ձկնաբուծական արհեստական լճերի կառուցման համար օգտագործվող հողամասերի կադաստրային արժեքների տարբերության վճարում չի իրականացվում, և կառուցապատումն իրականացնելիս համապատասխան չափի հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված՝ համայնքի ղեկավարի կողմից որոշում ընդունելու և շինարարության թույլտվությունը տալու պարագայում։

Կառավարությունը վերացրել է գյուղատնտեսական տեխնիկայի պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու ինստիտուտը։ Պարզեցվել է նաև տրակտորիստ‑մեքենավարի գիտելիքների ստուգման և վարման իրավունքի վկայականի տրամադրման կարգը։ Արդյունքում գյուղացիական տեխնիկա ունեցող անձը միջին հաշվով խնայում է 4500 դրամ և վարման իրավունք է ստանում նախկին 7‑10 օրվա փոխարեն առավելագույնը 3 օրում։

«Սպառողական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով սպառողական ընկերություն ստեղծելու համար անհրաժեշտ առնվազն 30 անդամի սահմանափակումը վերացվել է։ Համատեղ գործունեության պայմանագրով գործող գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող սուբյեկտների համագործակցությունը ընդլայնելու նպատակով կատարվեց փոփոխություն «Ավելացված արժեքի հարկի» մասին օրենքում, հնարավորություն ընձեռնելով յուրաքանչյուր մասնակցին հանդես գալ որպես առանձին հարկ վճարող, ինչը նշանակում է 58.35 մլն դրամ հարկման շեմը չի սահմանափակի գյուղատնտեսությամբ զբաղվողների համատեղ գործունեությունը:

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում հնարավորություն ընձեռվեց գյուղատնտեսությունում օգտագործվող տրակտորների, հողի նախապատրաստման և մշակման, գյուղատնտեսական կուլտուրաների բերքահավաքի մեքենաների, կթի ագրեգատների, կաթի վերամշակման, այգեգործության, անտառային տնտեսության, թռչնաբուծության, մեղվաբուծության համար օգտագործվող սարքավորումների, պարարտանյութերի, սերմերի թունաքիմիկատների ներմուծումը, ինչպես նաև ներքին շուկայում իրացումն ավելացված արժեքի հարկից ազատելով՝ նպաստել այդ ռեսուրսների գյուղատնտեսությունում տնտեսվարողների կողմից ձեռք բերման մատչելիությանը, դրանց ներմուծման և օգտագործման ծավալների ընդլայնմանը:

Սահմանվել է արոտավայրից և խոտհարքից օգտվելու նոր պարզեցված կարգ, որի համաձայն գյուղացին ազատվել է չորս վճարից (նոտարի կողմից վավերացման վճար, կադաստրում իրավունքների գրանցման վճար, արտոնագրված անձանց կողմից քարտեզագրման ծառայության վճար, պետական գրանցման գրասենյակից օգտվելու համար մարզկենտրոն կամ համապատասխան վարչական մարմնի տեղակայման վայր հասնելու ծախս), կամ նվազագույն խնայողությունը մեկ հեկտարի համար կազմում է 8000 դրամ։