• Ելնելով բնակավայրերի սոցիալ‑տնտեսական և զբոսաշրջային զարգացման, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների և բնապահպանական հիմնահարցերի փոխկապակցված լուծման, ազգային, պատմամշակութային, քաղաքաշինական, լանդշաֆտային և բնապատկերային արժեքների պահպանման առաջնային անհրաժեշտությունից` ՀՀ կառավարությունը դեռևս 2008 թվականին որոշեց քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ առանձնացնել Երևան, Գյումրի, Վանաձոր, Դիլիջան, Ջերմուկ, Էջմիածին, Աշտարակ, Գորիս, Տաթև, Հալիձոր համայնքներում և կառավարության սահմանած զբոսաշրջային կենտրոններում։ Սա նպատակ էր հետապնդում այդ տարածքներում քաղաքաշինական գործունեությունը ծավալել առանձին կարգով` յուրաքանչյուր դեպքում ցուցաբերելով յուրովի մոտեցում և դրանով իսկ ազդելով այդ քաղաքների ընդհանուր զարգացման վրա։ Այս գաղափարի շրջանակում Ջերմուկ և Սևան քաղաքներում կառուցվեցին ճոպանուղիներ, Կենտրոնական բանկի մասնաշենք է կառուցվում Դիլիջան քաղաքում և այլն։ Այս շարքն են դասվում նաև կառավարության կողմից 2008 թվականին ընդունված և իրականացման ընթացքի մեջ գտնվող Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակները։ Ծրագրով նախատեսվում է Ջերմուկ քաղաքն առաջիկա մի քանի տարում միջազգային չափանիշներին համապատասխանող, տարվա չորս եղանակի զբոսաշրջային կենտրոն դարձնել` այն զարգացնելով որպես առողջարանային և ձմեռային զբոսաշրջային վայր, շախմատի միջազգային մրցաշարերի կազմակերպման վայր, համահայկական, ինչպես նաև միջազգային մանկապատանեկան և երիտասարդական ճամբարատեղի, մշակութային զբոսաշրջության վայր։ ՀՀ կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխության արդյունքում 2013 թվականից խաղատուն կամ շահումով խաղեր կարող են կազմակերպվել միայն Ջերմուկ, Դիլիջան և Սևան համայնքների վարչական սահմաններում։
  • Կառավարությունը մարզերում իրականացրել է մի շարք մշակութային ծրագրեր, այդ թվում՝
    • «Մշակութային մարզ» ծրագրի շրջանակներում մարզերում կազմակերպել է մոտ 80 թատերական և համերգային կազմակերպությունների հյուրախաղեր, հայկական արտադրության ֆիլմերի ցուցադրություններ, մարզերում գործող ստեղծագործական խմբերի ելույթներ Երևանում, իրականացրել է «Մենք ենք, մեր մարզը» խորագրով մանկապատանեկան մշակույթի օրերը մայրաքաղաքում (Տավուշի, Արարատի մարզերից),
    • Հաշմանդամների գրադարանային սպասարկման նպատակով ձեռնարկել է «Ընտանեկան գրադարանավար» ծրագիրը (Լոռու և Շիրակի մարզային գրադարանների միջոցով, հատկացվել է` 774.0 հազ. դրամ), իսկ թերի տեսողություն ունեցողների համար՝ «Արև» տեղեկատվական հաղորդակցման ծրագիրը (Արագածոտնի, Արարատի, Արմավիրի մարզային գրադարաններում, հատկացվել է 1.2 մլն դրամ):
    • Հեռավոր բնակավայրերի մշակութային սպասարկումը իրականացրել է «Շրջիկ գրադարանը» (հատկացվել է 1.5 մլն դրամ),
    • «Թանգարան անիվների վրա» ծրագրով իրականացվել է 47 միջոցառում (հատկացվել է 5.9 մլն դրամ):
  • ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մշակվել և ուժի մեջ են մտել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը և ենթաօրենսդրական ակտերը, որոնց համաձայն Երևան քաղաքն առաջին անգամ ստացել է համայնքի կարգավիճակ։
  • Իրականացվել է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական հատվածի հողերի՝ համայնքներին հանձնելու գործընթացը, ինչի արդյունքում ավելացել են համայնքների տնտեսական և ռեսուրսային հնարավորությունները։
  • Մշակվել է և Ազգային ժողով է ներկայացվել «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նախագիծը, որը ֆինանսական կարողությունների համահարթեցման առավել բազմագործոն մեխանիզմներ է պարունակում։ Այս օրենքի ընդունմամբ լուծում կգտնեն մի շարք խնդիրներ, առավել նպատակային ու տարբերակված կդառնան մարզկենտրոնից և մայրաքաղաքից հեռու գտնվող, ինչպես նաև մեկից ավելի բնակավայր ընդգրկող համայնքներին տրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաները, հաշվի կառնվեն համայնքի հաշվարկային եկամտային ունակությունները և համայնքների պարտադիր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսային կարիքները, կզարգանան հանրապետության բարձրադիր համայնքները, ուշադրության կենտրոնում կհայտնվեն համայնքի բնակչության տարբեր տարիքային խմբերը, ինչպես նաև չեն անտեսվի փոքրաթիվ բնակչություն ունեցող համայնքները։
  • 2011 թվականին կառավարությունը Հայաստանի Հանրապետության մարզերում և համայնքներում առկա տարաբնույթ հրատապ համարվող հիմնախնդիրների լուծման նպատակով պահուստային ֆոնդից հատկացրեց մոտ 20 մլրդ դրամ։ Այս գործընթացը կրելու է շարունակական բնույթ և նպատակ է ունենալու ուղղակիորեն աջակցել մարզերի համայնքային բնակչությանը` արագ վերացնելու տեղերում առկա բնականոն կենսագործունեությունը խոչընդոտող երևույթները։
  • 2011 թվականի համար համայնքներին տրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների ծավալը նախորդ տարվա համախմբված բյուջեի փաստացի եկամուտների մոտ 4.6 տոկոսն է` գերազանցելով վերջին տասը տարվա ընթացքում առավելագույն 4 տոկոս շեմը։
  • Համայնքային բյուջեների եկամտային մասն ապահովող հարկատեսակների հավաքման մեխանիզմների կատարելագործման, տեղական նոր հարկատեսակների հավաքման նպատակով կառավարության նախաձեռնությամբ կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնց համաձայն տեղական հարկերի հետ կապված ամբողջ վարչարարությունը սահմանվել է որպես տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր լիազորություն։ Այս բարեփոխման արդյունքում կշարունակվի համայնքային բյուջեների շարունակական աճի ապահովումը, համայնքային բյուջեների սեփական եկամուտների հավաքման բարելավման և կատարելագործման գործընթացը։
  • Հողային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման և համայնքային ռեսուրսային հնարավորությունների ավելացման տեսանկյունից կառավարության նախաձեռնությամբ կատարվել են փոփոխություններ ՀՀ հողային օրենսգրքում, որով սահմանվել է կադաստրային արժեքների տարբերության վճարման վեցամսյա ժամկետ` արդեն փոփոխված կատեգորիաների և եռամսյա ժամկետ` նոր փոփոխվող կատեգորիաների համար։ Կառավարությունն ընդունել է հողերի նպատակային նշանակության փոփոխության նոր կարգ, որով պարզեցվել է գործընթացը։ Հստակ սահմանվել են կարճ ընթացակարգային ժամկետներ։ Արդյունքում ավելացել են համայնքների բյուջետային եկամուտները, բացառվել են հողերի կատեգորիաների փոփոխության սպեկուլյատիվ շարժառիթները։ 2007‑2011 թվականների ընթացքում ընդունվել է 352 որոշում, որոնցով փոփոխվել է 6534 հեկտար հողատարածքների նպատակային նշանակությունը, և համայնքային բյուջե է մուտքագրվել 772 մլն 245 հազար դրամ։
  • Կառավարության նախաձեռնությամբ հողերի նպատակային օգտագործման կատեգորիաների փոփոխության լիազորությունը վերապահվել է տեղական ինքնակառավարման մարմիններին։

Վերոնշյալ միջոցառումների իրականացման շնորհիվ էապես ավելացել են տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները և պատասխանատվության շրջանակը, ընդլայնվել` համայնքների ռեսուրսային և ֆինանսական հնարավորությունները։ Իբրև արդյունք` համայնքային բյուջեների եկամուտները 2007 թվականի համեմատ 2011 թվականի հունվարի 1‑ի դրությամբ աճել են 6.4 մլրդ դրամով կամ շուրջ 37 տոկոսով։