Կառավարությունը հստակ սահմանված չափանիշների հիման վրա առանձնացրել է առավել աղքատ 225 համայնք (ընդգրկված են հիմնականում սահմանամերձ և բարձրլեռնային համայնքները)։ Այդ համայնքներն առանձնակի ուշադրության են արժանացել, ինչը դրսևորվել է տարբեր ծրագրերով նրանց արտոնությունների տրամադրմամբ։ Եվ քանի որ այդ համայնքներում գործունեության հիմնական ոլորտը գյուղատնտեսությունն է, ապա կառավարության կողմից իրական հատվածում հիշատակված գյուղատնտեսական ուղղվածության ծրագրերում ներառվել է այդ համայնքներին լրացուցիչ արտոնություն տալու գաղափարը։ Այսպես,

  • եթե մնացած համայնքներում գյուղացիական վարկերը հասանելի են 10 տոկոս տոկոսադրույքով, ապա թիրախավորված առավել աղքատ համայքներում` 8 տոկոս տոկոսադրույքով,
  • գարու սերմնաբուծության և սերմնարտադրության ծրագրերը կառավարության կողմից իրականացվել են բացառապես այս 225 համայնքների շահառուներին սերմացուն բաշխելու նպատակով։ Տեղական կենսապարարտանյութերի զարգացման ծրագիրն իրականացվել է միայն նշված 225 համայնքում։

Սրանք այն ծրագրերն են, որտեղ կառավարությունն առավել աղքատ համայնքների համար սահմանել է լրացուցիչ բարենպաստ պայմաններ՝ առավել ցածր տոկոսադրույքով վարկեր, առաջնահերթության աստիճան, պարարտանյութ ձեռք բերելու դյուրություն և այլն։ Կառավարության այս մոտեցումն ունի շարունակական բնույթ և արտացոլվելու է նաև մշակվող և իրականացվող հետագա ծրագրերում։