• Աղետի գոտու վերականգնման և բնակարանային խնդիրների լուծման համար ՀՀ կառավարությունն իրականացրեց բնակարանների գնման վկայագրերի ծրագիր, որով ներդրվեց մոտ 350 մլն դրամ, և բնակարանով ապահովվեց երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 61 ընտանիք։ Շինարարական աշխատանքները բարձր տեմպերով սկսվեցին 2009 թվականին և հսկայածավալ ներդրումներով՝ շուրջ 49.5 մլրդ դրամ, 2009‑2010 թվականներին 1566 ընտանիքի համար կառուցվեցին, և նրանց հանձնվեցին բնակարանները։ 2011 թվականին իրականացվեց մոտ 26 մլրդ դրամի շինարարական աշխատանքները, ինչի հաշվին բնակարանով ապահովվեց 3223 ընտանիք։ Այսինքն՝ 2007-2011 թվականներին կառավարությունը, հատկացնելով 78.8 մլրդ դրամ, բնակարանով ապահովեց երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած շուրջ 5332 ընտանիքի։ Ծրագիրն ունի շարունակական բնույթ և նախատեսում է 2012 թվականին վերջնականապես լուծել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հարցը՝ հատկացնելով ևս մոտ 1720 բնակարան։
  • 2010 թվականից կառավարությունն իրականացնում է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը, որով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին ցուցաբերում է պետական աջակցություն։ Հետագայում ՀՀ կառավարությունը, փոփոխություններ կատարելով ծրագրում, էլ ավելի բարելավեց մարզերի բնակչության պայմանները։ Մասնավորապես, մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունն այժմ սուբսիդավորում է 4 տոկոսը, այսինքն` վարկի տոկոսը կազմում է 6.5‑7 տոկոս։ Փոփոխություններով մարզերի բնակչության համար սահմանվեցին նաև կանխավճարային նպաստավոր պայմաններ` հնարավորություն ընձեռելով կանխավճարը 30 տոկոսից հասցնել մինչև 10 տոկոսի։ Եթե մինչև փոփոխությունները մոտ մեկ տարվա ընթացքում մարզերում հիփոթեքային վարկ ստանալու այս հնարավորությունից օգտվել էր ընդամենը 84 երիտասարդ ընտանիք, ապա փոփոխությունների արդյունքում ընդամենը 6 ամսում նրանց թիվը գրեթե կրկնապատկվեց՝ հասնելով 144‑ի։ Ընդհանուր առմամբ, «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրից օգտվեց 519 շահառու, որից 228‑ը` մարզերում։
  • Կառավարությունը նաև պարզեցրել է շինարարական թույլտվության գործընթացը։ Մարզերի բնակչության համար նախատեսված հուսալի, կենցաղային բարվոք պայմաններ ապահովող, գնային տեսանկյունից մատչելի 17 բնակելի տան և դրանց կից 2 տնտեսական շինության նախագծեր ներառող «ՀՀ համայնքներում բազմակի օգտագործման անհատական բնակելի տների նախագծերի» կատալոգից կառուցապատողն անվճար կարող է ընտրել իր պահանջներին համապատասխան փորձաքննություն անցած ու սահմանված կարգով համաձայնեցված փաստաթղթերի փաթեթ, ինչը հնարավորություն է ընձեռում շրջանցելու`
    • նախագծային փաստաթղթերի մշակման համար ճարտարապետահատակագծային առաջադրանքի ստացման գործառույթը,
    • նախագծերի պատվիրման,
    • նախագծերի սահմանված կարգով համաձայնեցման փուլերը։

Եթե նախկինում տուն կառուցելու վերոհիշյալ գործընթացի համար պահանջվում էր 1‑3 ամիս, իսկ շուկայական գներով հաշվարկելու դեպքում 400‑800 հազար դրամ նախագծային փաստաթղթերի պատրաստման համար, ապա այսօր արդեն 100 բնակիչ ընդամենը 5 օրում ստացել է շինարարության թույլտվությունը և անվճար ձեռք բերել նախագծային փաստաթղթերի փաթեթը։

  • Կառավարությունը հիմնովին վերակառուցել է և բժշկական նորագույն սարքավորումներ տեղադրել Իջևանի, Հրազդանի, Արմավիրի, Արարատի և Գորիսի բժշկական կենտրոններում։ 2011 թվականին ցուցակը կհամալրվի Ապարանի և Գավառի բուժկենտրոններով։ Հանրապետության 30 գյուղական համայնքում նույն ժամանակահատվածում կառավարությունը կառուցել է 10 նոր և նորոգել 20 համայնքային ամբուլատորիա` տրամադրելով նաև ժամանակակից բժշկական սարքավորում, կահույք և բուժպարագաների ստանդարտ հավաքածու։ Ընդհանուր առմամբ, այս ուղղությամբ կառավարությունն իրականացրել է 17 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում, որից 4.4 մլն ԱՄՆ դոլարը՝ սարքավորումների և կահույքի գծով։
  • Բացի աղետի գոտում ծավալված շինարարությունից, ՀՀ կառավարությունն իրականացնում է նաև քաղաքաշինական այլ ծրագրեր` հիմնականում առաջնահերթությունը տալով մարզերին և վթարային վիճակում գտնվող շինություններին։ 2007 2011 թվականներին քաղաքաշինական ծրագրերով լայնածավալ աշխատանք կատարվեց դպրոցաշինության ոլորտում։ Ընդհանուր առմամբ կառավարությունը 2007 2011 թվականներին դպրոցաշինությանը հատկացրել է մոտ 52 մլրդ դրամ, որից մարզերին է ուղղվել 39 մլրդ դրամը։ Ընդհանուր առմամբ նորոգվել և վերակառուցվել է շուրջ 964 կրթական օբյեկտ։