Տևական ժամկետում տարածքային մեծ և առավել ևս խորացող անհամաչափությունները կարող են ուղղակիորեն և անուղղակիորեն բացասաբար անդրադառնալ ոչ միայն երկրի ընդհանուր տնտեսական զարգացման վրա, այլ նաև լուրջ խնդիրներ ստեղծել պաշտպանական, ժողովրդագրական և ազգային անվտանգության հարցերում։ ՀՀ կառավարությունը, տարածքային համաչափ զարգացումը դիտարկելով որպես ռազմավարական նշանակության հիմնախնդիր, իր կողմից մշակվող և իրականացվող ծրագրերում հնարավորինս ներառել է նաև այդ բաղադրիչը։ Միաժամանակ այս խնդրի լուծմանն է ուղղված ՀՀ կառավարության կողմից 2011 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման հայեցակարգը։ Այն հնարավորություն տվեց միասնական մոտեցումների հիման վրա մշակել յուրաքանչյուր մարզի եռամյա կամ քառամյա սոցիալ‑տնտեսական զարգացման ծրագրեր և սկսել դրանց իրականացումը։ Ծրագրերի մշակումն ունենալու է շարունակական բնույթ և հնարավորություն է տալու կազմակերպված ձևով իրականացնել մարզի ընդհանուր զարգացման համալիր քայլեր։ Միաժամանակ կարևորելով մարզերի զարգացումը` ՀՀ կառավարությունը ծրագրերի իրականացման ընթացքը սահմանված պարբերականությամբ ենթարկում է մոնիթորինգի։

Առաջնորդվելով տարածքային համաչափ զարգացման գաղափարախոսությամբ` պետության կողմից իրականացված միջոցառումները կարելի է դասակարգել հետևյալ խմբերի`

  • ենթակառուցվածքների բարելավում,
  • աղետի գոտու վերացում, բնակարանաշինություն, կրթական հաստատությունների նորոգում և վերականգնում,
  • առավել աղքատ համայնքների աջակցության արտոնյալ պայմանների ստեղծում,
  • բնակավայրերի սոցիալ‑տնտեսական, մշակութային և զբոսաշրջային զարգացում։