ՀՀ կառավարության կողմից մի շարք ոլորտներում իրականացվել են բարեփոխումներ, որոնց նպատակը ՀՀ քաղաքացիների համար որոշ ծառայություններից օգտվելու առավել բարենպաստ պայմաններ ստեղծելն է։

Բարեփոխումները ներառում են`

  • Ավտոմեքենաների տեխնիկական զննման իրականացման բարեփոխում. 2011 թվականից ուժի մեջ մտած այս նորամուծության նպատակը ոլորտում կոռուպցիոն երևույթների վերացումն է։ Արդյունքում ավտոմեքենայի տեխնիկական զննման կտրոնը ՀՀ քաղաքացին այսուհետև ստանում է միայն առևտրային բանկից` համապատասխան վճարում կատարելուց հետո։
  • Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում երկրորդային գրանցման բարեփոխում. եթե մինչև վերջերս իրավունքի յուրաքանչյուր պետական գրանցումից կամ միասնական տեղեկության տրամադրումից առաջ իրականացվում էր անշարժ գույքի տեղազննում (չափագրում), ապա 2011 թվականի ապրիլից երկրորդային գրանցման ժամանակ գույքի տեղազննության և չափագրման պարտադիր պահանջը հանվել է։ 2011 թվականի հունիսից վերացվեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված անշարժ գույքի գործարքների (բացառությամբ միակողմ գործարքների) պարտադիր նոտարական վավերացման պահանջը, և ներմուծվեց ստորագրության իսկության ճանաչմամբ գործարքի կնքման ինստիտուտը։ Արդյունքում անշարժ գույքի գործարք կատարող անձը գործարքը կնքելու նպատակով կայցելի միայն գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմին` առանց նոտարական գրասենյակ այցելելու և ծառայության համար լրացուցիչ վճարում կատարելու։
  • Հարկային համակարգում ծառայությունների որակի բարձրացման նպատակով գործարկվել է հարկ վճարողների սպասարկման կենտրոնների և վճարողների սպասարկման օժանդակելուն ուղղված հեռախոսազանգերի ժամանակակից կենտրոնը (Call Center): Ինտերնետային կայքում պարբերաբար թարմացվում է հաճախ հանդիպող հարցերի և պարզաբանումների շտեմարանը: Հարկային տեսչություններում, մաքսատներում, մաքսակետերում և հարկ վճարողների սպասարկման կենտրոններում տեղադրվել են էլեկտրոնային տերմինալներ, որոնք հնարավորություն են տալիս հարկ վճարողներին իրազեկվել հարկային օրենսդրության փոփոխությունների մասին, ինչպես նաև կազմել և ներկայացնել հաշվետվություններ էլեկտրոնային եղանակով:
  • Արտահիվանդանոցային բուժօգնություն ցուցաբերող բուժհաստատության (պոլի- կլինիկայի) կողմից տեղեկանք տալու կանոնակարգում. 2011 թվականի հունիսին ընդունված որոշմամբ սոցիալական, կրթական, առողջապահական հաստատությունների դիմորդներին և աշխատողներին կամ աշխատանքի ընդունվելու համար դիմած քաղաքացիներին այլևս չի պահանջվի ներկայացնել օրենսդրությամբ չնախատեսված տեղեկանքներ։
  • Վարորդական վկայականների ստացման կարգի բարեփոխում. վերացվել է ճանապարհային ոստիկանություն պոլիկլինիկայի և հոգեբուժարանի համապատասխան տեղեկանքների ներկայացման պահանջը։ ՀՀ ճանապարհային ոստիկանությունում այդ տեղեկությունն արդեն իսկ առկա է տեղեկատվության փոխանակման համակարգի ներդրման արդյունքում, ինչը ՀՀ քաղաքացիներին զերծ կպահի նախկինում պահանջվող տեղեկանքներն հավաքելուց։
  • Նոտարների կողմից մատուցվող ծառայությունների բարեփոխում. 2011 թվականի մայիսին ՀՀ կառավարությունը հաստատեց նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների նոր սակագները։ Նոր որոշմամբ մանրամասնորեն կարգավորվում է գործընթացը, և հնարավորինս հստակ թվարկվում են նոտարների կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները։ Մասնավորապես, վերացվում է «առանձնապես բարդ գործարքներ» հասկացությունը, որի համար ծառայության վճար էր նախատեսված նվազագույն աշխատավարձի 5‑20‑ապատիկի չափով: Սահմանվում է, որ նոտարի կողմից կատարվող վճարը ներառում է ոչ միայն բոլոր փաստաթղթերի ուսումնասիրումը, պարզաբանումը, այլև օրինակելի ձևերի տրամադրումը։ Սակագների հստակեցմամբ նոտարին դիմած անձանց համար կապահովվեն առավել բարենպաստ պայմաններ` սահմանափակելով նոտարների կողմից իրենց հայեցողությամբ որոշակի ծառայություններն առանձնապես բարդ համարելու և դրանց համար առավել բարձր սակագին սահմանելու հնարավորությունը։ Սահմանվել է նաև նոտարների մոտ հաշվիչ դրամարկղային մեքենաների պարտադիր տեղադրման պահանջը։
  • Դատական ակտերի հարկադիր կատարման համակարգում տեղ գտած մի շարք փոփոխությունների շնորհիվ ներդրվել է «Առցանց աճուրդ» համակարգը, որը հնարավորություն է տվել կատարել հարկադիր էլեկտրոնային աճուրդ, որով բացառվել է որևէ պետական մարմնի կամ որևէ անձի օրենքով չնախատեսված միջամտությունն աճուրդի ընթացքին։
  • ՀՀ‑ում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ներդրման աշխատանքի մեկնարկը տրվել է, ինչը նշանակում է, որ 16 տարեկանից բարձր ցանկացած ՀՀ քաղաքացի կունենա էլեկտրոնային նույնականացման քարտ, որը կփոխարինի ներկայիս անձնագրին և կծառայի ՀՀ տարածքում։ Քարտը կպարունակի տեղեկություն քաղաքացու վերաբերյալ և պաշտպանված կլինի անվտանգության հատուկ գործիքներով։ Ապագայում այն կարող է նաև ծառայել որպես բժշկական քարտ, վարորդական իրավունքի վկայական, վճարային քարտ։ Նախատեսվում է, որ նոր էլ‑անձնագիրը կդառնա ճամփորդական փաստաթուղթ բոլոր ՀՀ այն քաղաքացիների համար, ովքեր ճամփորդում են ՀՀ տարածքից դուրս։ Էլեկտրոնային նոր անձնագիրը պետք է ունենա ներկայիս անձնագրի ձևաչափն ու պարամետրերը, սակայն պետք է նաև պարունակի տիրոջ կենսաչափական տվյալները և ալեհավաք պարունակող առանց շփման պահոց` տեղադրված շապիկի վերջին էջում։ Այս աշխատանքի կատարման նպատակով 2011 թ. արդեն պայմանագիր է կնքվել լեհական ընկերության հետ։
  • ՀՀ կառավարության սահմանած փոփոխությամբ պետական գրանցման նոր համակարգում կադաստրային քարտեզագրումն ավարտած համայնքներում հավաստագրի տրամադրումից հետո քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող բնակելի նշանակության անշարժ գույքի և գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքը տրամադրվում է անվճար՝ առանց ժամկետի սահմանափակման։
  • Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործընթացի բարեփոխումներ. վերացվել է ամուսնության պետական գրանցման ոլորտում տարածքային պատկանելության սահմանափակումը՝ թույլ տալով մարզերի բնակիչներին ամուսնության պետական գրանցում իրականացնել նաև Երևան քաղաքի ՔԿԱԳ գործակալության Ամուսնության պալատ ՔԿԱԳ տարածքային բաժնում: Կրճատվել են ամուսնության գրանցման ժամկետները. ամուսնության ակտերը պարտադիր պետք է գրանցվեն 10 օրից մինչեւ 3 ամիս ժամկետում (նախկին 1‑3 ամսվա փոխարեն)։ Բացի այդ, օրենքով հստակեցվել են այն հարգելի պատճառները, որոնց դեպքում ամուսնության գրանցումը պետք է արագացվի (հղիություն, զինծառայություն եւ այլն). Նախկինում հստակ ձևակերպման բացակայությունը կոռուպցիոն երևույթների պատճառ էր հանդիսանում։

Մատուցվող ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումը շարունակական բնույթ է կրում։ Այժմ ընթացող բարեփոխումը հիմնականում նպատակաուղղված է պետական մարմինների միջև համագործակցության, տեղեկատվության ազատ փոխանակման, միասնական կենտրոնացված բազաների հասանելիության ապահովմանը։ Արդյունքում հնարավոր կլինի կրճատել բազմաթիվ անհարկի տեղեկանքներ, կբացառվեն ուշացումը և ավելորդ բյուրոկրատական քաշքշուկը։