Մինչև ԽՍՀՄ փլուզումը Հայաստանը համարվում էր Խորհրդային Միության ամենազարգացած արդյունաբերություն ունեցող պետություններից մեկը։ Մեծ հողատարածքներ և բնական պաշարներ չունեցող երկրի տնտեսության հիմքը ԽՍՀՄ հումքային բազայի հիման վրա աշխատող զարգացած արդյունաբերությունն էր։ Անկախացումից հետո սկսված ճգնաժամի հետևանքով Հայաստանը կորցրեց զարգացած արդյունաբերություն ունեցող երկրի իր կարգավիճակը, և անգամ 90‑ականների ճգնաժամին հաջորդած վերելքի տարիներին չհաջողվեց լիովին վերականգնել երկրի արդյունաբերությունը։

Կառավարությունը որդեգրեց Հայաստանն արդյունաբերական ուղղվածություն ունեցող երկիր դարձնելու նոր քաղաքականություն, որը նախատեսում է արտահանման ներուժ ունեցող ճյուղերի զարգացում, նոր տեխնոլոգիաների ներդրում և գիտելիքահեն ճյուղերի զարգացում, կառավարման ժամանակակից մոդելների կիրառում, ինչպես նաև արդյունաբերության արդեն իսկ կայացած ճյուղերի կայուն զարգացում։ Կառավարությունը, հավատարիմ մնալով որդեգրած քաղաքականության հիմնական ուղղություններին, այնուամենայնիվ, ստիպված էր որոշ փոփոխությունների ենթարկել նախատեսված ծրագրերը և շեղվել թիրախային ցուցանիշներից, ինչը պայմանավորված էր համաշխարhային ֆինանսական և տնտեսական ճգնաժամով։ Սակայն ճգնաժամը, չնայած իր աղետալի հետևանքներին, հնարավորություն տվեց նաև դասեր քաղել ու ձևավորել տնտեսական քաղաքականության նոր մոտեցումներ։

Ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարությունը նախաձեռնեց միջոցառումներ, որոնք, մի կողմից, ուղղված էին ճգնաժամի անմիջական հետևանքների շուտափույթ վերացմանը, մյուս կողմից` կառուցվածքային խնդիրների լուծմանը և տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումային ծրագրերի խթանմանը։

Կառավարության կողմից արդյունաբերության ոլորտում իրականացված և իրականացվող միջոցառումները պայմանականորեն կարելի է բաժանել երեք հիմնական խմբի.

  • Կարճաժամկետ, որոնք ուղղված էին ճգնաժամի անմիջական հետևանքների վերացմանը և օպերատիվ խնդիրների լուծմանը, և որոնց նպատակը տնտեսական անկման և սոցիալական խնդիրների հետագա խորացման կանխարգելումն էր։
  • Միջնաժամկետ, որոնց նպատակը ներդրումների խթանումը, կառուցվածքային խնդիրների վերացումը, զբաղվածության և տնտեսական աճի ապահովումն է, ինչի արդյունքում երկիրը կթևակոխի կայուն զարգացման փուլ։
  • Երկարաժամկետ, որոնք ուղղված են երկրի արդյունաբերության մրցակցային առավելությունների, նոր հնարավորությունների բացահայտմանը, ներառում են արդյունաբերական նոր քաղաքականության իրականացումը։

Կարճաժամկետ միջոցառումներ

Թեև Հայաստանին հաջողվեց դիմակայել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցության առաջին ալիքը և խուսափել ֆինանսական հատվածի ուժեղ ցնցումներից, այնուամենայնիվ, ճգնաժամի ազդեցությունն անխուսափելի դարձավ տնտեսության իրական հատվածի համար։ Անկման միտումներն սկսեցին նկատվել դեռևս 2008 թվականին, սակայն հաջողվեց տարին ավարտել արդյունաբերության ոլորտի 2 տոկոս աճով։ Ճգնաժամի ազդեցությամբ պայմանավորված տնտեսական անկումը շարունակվեց և իր գագաթնակետին հասավ 2009 թվականի հուլիսին, ինչի պատճառով տարեկան կտրվածքով արդյունաբերությունում գրանցվեց 7.8 տոկոս անկում։

Տնտեսական անկման առաջին իսկ նկատվող միտումները կառավարությանն ստիպեցին ձեռնարկել անկման խորացումը կանխելու և ճգնաժամի անմիջական հետևանքները վերացնելու օպերատիվ միջոցներ։ Իրական հատվածի համար ֆինանսական ճգնաժամի անմիջական հետևանք էր դարձել փողի առաջարկի և արտադրանքի նկատմամբ պահանջարկի կտրուկ նվազումը, և ձեռնարկությունների համար օրհասական խնդիր էր իրացվելիության ապահովումը։ Նման պայմաններում ձեռնարկությունները շատ հաճախ ստիպված էին լինում կրճատել աշխատատեղերը, իսկ մի քանիսը կանգնած էին անվճարունակության և սնանկացման ռիսկի առջև։

Տնտեսության իրական հատվածին ողղակիորեն նպաստելու նպատակով 2008 թվականի դեկտեմբերին վարչապետի գլխավորությամբ ձևավորվեց օպերատիվ շտաբ, որը քննարկում էր մասնավոր հատվածից ստացված բիզնես նախագծերը և որոշում աջակցության չափը։ Ընդ որում, բիզնես նախագծերն ուսումնասիրելիս նախապատվությունը տրվում էր այնպիսի բիզնես ծրագրերի, որոնք նպաստում էին`

  • նոր աշխատատեղերի ստեղծմանը,
  • արտահանման խթանմանը կամ ներմուծման փոխարինմանը,
  • տեղական հումքի և ռեսուրսների կիրառման ընդլայնմանը,
  • նորարարական ուղղվածությանը։

Օժանդակությունն իրականացնելու համար կիրառվում էին տարբեր մեխանիզմներ, ինչպիսիք են`

  • պետական երաշխիքների տրամադրումը,
  • վարկային երաշխավորությունների տրամադրումը,
  • ուղղակի վարկավորումը,
  • մասնակցությունը ձեռնարկությունների կապիտալում։

Օժանդակության առաջին ծրագրերն ուղղված էին երկրի արդյունաբերության հիմքը հանդիսացող համակարգաստեղծ կամ խոշոր ենթակառուցվածքների գործունեություն ապահովող տնտեսվարող սուբյեկտների օժանդակությանը, ինչը հիմնականում իրականացվում էր բյուջետային վարկավորման մեխանիզմով։ Իրականացվող ծրագրերը նպատակ ունեին կանխել արդյունաբերական ձեռնարկությունների աշխատատեղերի կրճատումը և ֆինանսական դրության վատթարացումը։ Ծրագրերի ֆինանսավորման համար օգտագործվում էին ինչպես արտաքին աղբյուրներից ներգրավված ֆինանսական, այնպես էլ պետական բյուջեի միջոցները։ Վարկավորման գործընթացը հատկապես ակտիվացավ 2009 թվականի հունիսին, երբ ՀՀ կառավարությունն սկսեց իրականացնել տնտեսության կայունացման վարկավորման ծրագիրը՝ ՌԴ տրամադրած պետական վարկի միջոցներով։ Տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի ընդհանուր գումարը կազմեց 122 մլրդ դրամ, որից շուրջ 37.2 մլրդ դրամն ուղղվեց ՓՄՁ ոլորտի աջակցության ծրագրերին, 30 մլրդ դրամը՝ արտահանում խթանող, մթերող‑վերամշակող ընկերությունների, ենթակառուցվածքային ծրագրերի և սպառողական վարկավորմանը, շուրջ 32.5 մլրդ դրամը՝ խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների ֆինանսական վիճակի բարելավմանը, իսկ մնացած գումարը՝ այլ ուղղություններով։ 32.5 մլրդ դրամով վարկավորված արդյունաբերական ձեռնարկությունները ներկայացնում են էներգետիկայի, մետաղների վերամշակման և հանքարդյունաբերության ոլորտները, որտեղ միջազգային շուկաներում գների և պահանջարկի կտրուկ անկումը լուրջ խնդիրներ էր առաջացրել։ Այս երեք ոլորտները միասին 2007‑2011 թվականներին ապահովել են Հայաստանի արտահանման շուրջ 51.8 տոկոսը։

Կարևոր է այն հանգամանքը, որ խոշոր բիզնեսի դեպքում (մասնավորապես, հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների) անկումը ժամանակավոր բնույթ էր կրում. ոլորտը կախված էր շուկայի վարքագծից, և միևնույն ժամանակ ոլորտի գործող բիզնեսներն ընդհանուր առմամբ առողջ էին։ Այս պարագայում կառավարությունն աջակցություն ցուցաբերեց ժամանակավոր դժվարությունները հաղթահարելու նպատակով։ Կարճ ժամանակ անց, երբ միջազգային շուկաները վերականգնվեցին, ոլորտում գրանցվեց համապատասխան առաջընթաց։ Արդյունքում հնարավոր եղավ պահպանել հազարավոր աշխատատեղեր և լուծել խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների ֆինանսական լուրջ խնդիրները։

Բացի անմիջական վարկավորման ծրագրերից, իրական հատվածին օժանդակություն տրամադրվում էր նաև անուղղակի կերպով` ֆինանսական համակարգի վարկավորման միջոցով։ 30 մլրդ դրամի չափով արտահանումը խթանող, մթերող‑վերամշակող ընկերությունների, ենթակառուցվածքային ծրագրերի և սպառողական վարկավորման համար հատկացված միջոցները տրամադրվեցին անուղղակի կերպով` գերմանա‑հայկական հիմնադրամի կողմից ֆինանսական համակարգի վարկավորման միջոցով։ Այս դեպքում վարկառուներն էին բանկերը և վարկային կազմակերպությունները, որոնք ՀՀ կենտրոնական բանկի կողմից որոշված չափանիշներին համապատասխան ենթավարկեր տրամադրեցին ձեռնարկություններին։

Կառավարությունն առանձին ուշադրության արժանացրեց ՓՄՁ ոլորտը։ ՓՄՁ սուբյեկտներին տրամադրվեցին ինչպես վարկային երաշխավորություններ և ուղղակի վարկեր, այնպես էլ հարկային արտոնություններ։

Տնտեսության կայունացման վարկավորման ծրագրով ՓՄՁ ոլորտի համար նախատեսվեց 21.2 մլրդ դրամ ֆինանսավորում, որը տրամադրվել է հետևյալ ուղղություններով.

  • ՓՄՁ ԶԱԿ‑ի կողմից վարկային երաշխավորությունների տրամադրման և տնտեսավարող կազմակերպության սեփական կապիտալում ներդրում իրականացնելու ծրագրերի շրջանակներում բաշխվել է շուրջ 700 մլն դրամ գումար:
  • 2009թ.‑ի օգոստոսից հատուկ ՓՄՁ ոլորտը վարկավորելու կամ կապիտալի ֆինանսավորում իրականացնելու նպատակով ստեղծված «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ‑ի կողմից տրամադրվել են շուրջ 2 մլրդ դրամի վարկեր արդյունաբերական տարբեր ճյուղերում գործունեություն իրականացնող ընկերությունների, որից շուրջ 1.3 մլրդ ծավալի վարկավորումը իրականացվել է Օպերատիվ շտաբի կողմից հաստատված ծրագրերի գծով։
  • Գերմանա‑հայկական հինադրամի միջոցով իրականացվող ՓՄՁ ոլորտի աջակցության ծրագրերով 2009 թվականին վարկավորման համար բաշխվել է 18.5 մլրդ դրամ։

Բացի տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի միջոցներից, ՓՄՁ ոլորտի ֆինանսավորում իրականացվել է նաև այլ աղբյուրներից.

  • ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ 2007 թվականից Գերմանա‑հայկական հինադրամի միջոցով իրականցվել է ՓՄՁ ոլորտի վարկավորման ծրագիր՝ 9.8 մլրդ դրամ ընդհանուր վարկավորման ծավալով:
  • Գերմանա‑հայկական հինադրամի կողմից իրականցվող և Համաշխարահային բանկի կողմից ֆինանսավորվող ՓՄՁ ֆինանսների հասանելիության ծրագրի շրջանակներում 2009 թվականից սկսած բաշխվել է 6.5 մլրդ դրամ։

ՓՄՁ հատվածում ներդրումները խթանելու նպատակով կառավարությունը հարկային բեռը թեթևացնելու և հարկային արտոնություններ նախատեսելու միջոցով տնտեսվարողների համար ապահովեց ազատ դրամական միջոցների առկայություն։ Այսպես, կառավարության նախաձեռնությամբ ԱԱՀ հարկման շեմը բարձրացվեց մինչև 58.3 մլն դրամ։ Սա 32 հազար փոքր ու միջին ընկերությունների համար ապահովեց հարկային վարչարարության պարզեցում, ինչի հաշվին այդ ընկերություններում հարկերի գծով խնայողությունը կազմել է շուրջ 11 մլրդ դրամ։ Այս փոփոխություններով կառավարությունը նոր հնարավորություններ և ռեսուրսներ ստեղծեց հաստատագրված հարկերի դաշտում աշխատող փոքր ու միջին սուբյեկտների համար` ընդլայնելու արտադրությունն առանց հարկային բեռի մեծացման։

Երեքշաբթի, 25 Մայիս 2010

Ճգնաժամը հեռացել է` գործով է ապացուցվում

Ճգնաժամը Երևանի §Էլեկտրասարք¦ գործարանում արդեն անցած են համարում: 2009թ-ի առաջին չորս ամիսների համեմատությամբ, 2010-ի հունվար-ապրիլին այստեղ 24 տոկոս աճ են արձանագրել: Նախորդ տարում չընդհատված գործն արդեն իր պտուղները տալիս է. Գործարանի ղեկավարը այս տարվա առաջիկա ամիսների համար ավելի մեծ աճ է ակնկալում, որովհետև վարկը տվեց այնքան շրջանառու միջոցներ, որ կարողանան ընդլայնվել և վաճառել իրենց ապրանքը արտերկրում ու նախկին խորհրդային երկրներում: §Արտֆուդում¦՝ Արտաշատի պահածոների գործարանում կառավարության օպերատիվ շտաբի աջակցությունն ստանալուց հետո նպատակ ունեն ավելացնել տեղական շուկայի վրա հիմնված մրգային ու բանջարեղենային պահածոների արտադրությունը, մթերելու են Արարատյան դաշտի բանջարեղենի 65 տոկոսը` շուրջ 5460 գյուղացիական տնտեսությունից` նախորդ տարիների 50 տոկոսի փոխարեն:

Արդյունքում ՓՄՁ ոլորտում իրականացված օպերատիվ միջոցառումների շնորհիվ , չնայած տնտեսական անկմանը, 2011 թվականին ՓՄՁ մասնաբաժինը եկրի ՀՆԱ մեջ կազմեց 43.5 տոկոս 2007 թվականի 41.0 տոկոսի դիմաց:

Ընդհանուր առմամբ արդյունաբերության ոլորտում իրականացված հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետության մասին է վկայում այն, որ տնտեսական անկման պայմաններում գործող ընկերությունների թիվը ոչ միայն չկրճատվեց, այլև 2008 թվականի 2317‑ի փոխարեն 2009 թվականին հասավ 2393‑ի։

Օպերատիվ հակաճգնաժամային միջոցառումների արդյունքում 2009 թվականի 2‑րդ կիսամյակում արդեն հնարավոր եղավ տնտեսական աճ ապահովել, ինչը մեծապես պայմանավորված էր կառավարության կողմից իրականացվող ընդլայնողական քաղաքականությամբ և ակտիվ հակաճգնաժամային միջոցառումներով։ 2009 թվականի 3‑րդ եռամսյակում հանքարդյունաբերության իրական ծավալների հավելաճը նախորդ տարվա համապատասխան եռամսյակի նկատմամբ կազմեց 6.8 տոկոս, իսկ 4‑րդ եռամսյակում այդ ցուցանիշն արդեն 36.4 տոկոս էր։ 2009 թվականի 4‑րդ եռամսյակում դադարեց անկումը նաև մշակող արդյունաբերության ոլորտում, և իրական ծավալները հավասարվեցին 2008 թվականի 4‑րդ եռամսյակի ծավալներին։

Միջնաժամկետ միջոցառումներ

Ճգնաժամն ընդգծեց այն փաստը, որ դրան նախորդող տնտեսական բուռն զարգացման դինամիկան և հետագա անկումը պայմանավորված են տնտեսության ոլորտների անհամամասնական զարգացմամբ։ Ստեղծված իրավիճակում կառավարությունը, ճշգրտելով իր նախկինում որդեգրած քաղաքականությունը, նախաձեռնեց միջնաժամկետ միջոցառումներ, որոնց նպատակը նոր աշխատատեղերի ստեղծումն էր, առկա կառուցվածքային խնդիրների վերացումը և տնտեսության բոլոր ոլորտների զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը, ինչը հնարավորություն կտար հետագա տարիներին ապահովել կայուն տնտեսական աճ։ Կառավարության կողմից արդյունաբերության ոլորտում իրականացված և իրականացվող միջնաժամկետ միջոցառումներն առաջին հերթին ուղղված էին ներդրումների խթանմանը, ինչը կնպաստեր նոր աշխատատեղերի և նոր ընկերությունների ստեղծմանը, արդեն իսկ գործող արդյունաբերական ձեռնարկությունների ընդլայնմանը և ամենակարևորը` կխթաներ Հայաստանում դեռևս չկայացած արդյունաբերական ճյուղերի հիմնադրումը և զարգացումը։

Իրական հատվածում ներդրումները խթանելու նպատակով կառավարությունը տնտեսվարողների հարկային բեռը թեթևացնելու և հարկային արտոնություններ նախատեսելու միջոցով ապահովեց ազատ դրամական միջոցների առկայություն։ Այսպես,

Կատարված աշխատանքի արդյունքում ՀՀ կառավարության կողմից 2011 թվականին ներդրումային ծրագրերով ԱԱՀ գումարների վճարման ժամկետի հետաձգման թույլտվություն են ստացել 19 ընկերությունների 21 ներդրումային ծրագրեր։ Հավանության արժանացած ծրագրերի ընդհանուր ներդրումները կազմում են 82.4 մլրդ դրամ (հետաձգված ԱԱՀ՝ 16.5 մլրդ դրամ), 2154 նոր աշխատատեղերի ստեղծում, որից 1461‑ն արդեն ստեղծվել է։ Այս ներդրումների շնորհիվ կառավարությունը ոչ միայն հետապնդում էր նոր աշխատատեղերի ստեղծման նպատակ, այլև առավել առաջնային խնդիր` ապահովել արդյունաբերական ոլորտի ընկերությունների արտադրական սարքավորումների վերազինում և արդիականացում, ինչն էլ իր հերթին կհանգեցներ ձեռնարկությունների մրցունակության բարձրացմանը։

Արդյունաբերության ոլորտում կառավարության իրականացրած միջնաժամկետ միջոցառումներն իրենց արդյունքը տվեցին արդեն 2010 թվականին, երբ արձանագրվեց արդյունաբերության 9.7 տոկոս աճ։ Արդյունաբերական արտադրանքի աճը հիմնականում պայմանավորված էր հանքարդյունաբերության և մշակող արդյունաբերության համապատասխանաբար 24.3 տոկոս և 11.5 տոկոս աճով։ Մշակող արդյունաբերության ոլորտում նշանակալի է պատրաստի մետաղական արտադրատեսակների արտադրության 31.6 տոկոս, խմիչքի արտադրության 31.6 տոկոս, ինչպես նաև էլեկտրական սարքավորումների արտադրության 30.3 տոկոս աճը։

Արդյունքում 2011 թվականին ՀՀ կառավարությանը հաջողվեց ՀՆԱ կառուցվածքի փոփոխություն արձանագրել. արդյունաբերության ճյուղի 14.1 տոկոս աճի շնորհիվ դրա մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում հասավ 16.5 տոկոսի՝ 2007 թվականի 14.9 տոկոսի փոխարեն։ 2011 թվականի տվյալներով արձանագրվել է արդյունաբերության ոլորտի 14.1 տոկոս աճ։

Արդյունաբերական արտադրանքի ծավալի հավելաճի տեմպը

Երկարաժամկետ միջոցառումներ

Ելնելով տնտեսության մրցունակության բարձրացման, ոլորտային համաչափ զարգացման և շարունակական տնտեսական աճի ապահովման հրամայականներից՝ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է երկարաժամկետ ակտիվ արդյունաբերական քաղաքականության իրականացում, որը միտված է լինելու տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը՝ արտահանման ներուժի բացահայտման և արդյունավետ իրագործման ճանապարհով։

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության՝ գիտելիքահեն տնտեսություն կառուցելու երկարաժամկետ ռազմավարական նպատակը՝ արդյունաբերական քաղաքականության ուղղորդող տեսլականը կլինի Հայաստանը դարձնել բարձրարժեք և գիտատար ապրանքների և ծառայությունների արտադրության երկիր։ Այս տեսլականի իրագործումը պահանջում է փուլային մոտեցում՝ ենթադրելով աստիճանական անցում արդյունաբերության ռեսուրսաինտենսիվ ճյուղերից դեպի գիտելիքի վրա հիմնված ճյուղերի գերակշիռ դերակատարություն 20‑30 տարվա հեռանկարում։

Հակաճգնաժամային քաղաքականության արդյունքների գնահատման, հետճգնաժամային կայունացման փուլում տնտեսության իրական հատվածի ներդրումային գրավչության բարձրացմանն ուղղված առավել արդյունավետ մեխանիզմների նույնականացմամբ ՀՀ կառավարությունը որդեգրել է արդյունաբերական քաղաքականության հետևյալ սկզբունքները.

  • Քաղաքականությունն առավելապես միտված կլինի արտահանման զարգացմանը՝ չբավարարվելով միայն արտահանման խրախուսման միջոցառումներով։
  • Զարգացման այս փուլում քաղաքականությունը որոշակիորեն կհիմնվի ոլորտային առաջնահերթությունների վրա՝ հաջորդ փուլի համար ձևավորելով շարժիչ ուժ հանդիսացող ոլորտներ։
  • Պետական միջամտությունն ուղղված կլինի շուկայական ուժերի «անկատարության» վերացմանը կամ չեզոքացմանը, այլ ոչ թե առանձին ձեռնարկությունների համար արտոնյալ պայմաններ ստեղծելուն։
  • Կիրառվող քաղաքականությունը պետք է ուղղված լինի երկարաժամկետ զարգացմանը, սակայն ապահովի կարճաժամկետ արդյունքների կանխատեսելի հաջորդականություն։

Արդյունաբերական քաղաքականությունն իրականացվելու է հետևյալ ուղիներով՝

  • ընդհանրական միջոցառումների իրականացում՝ ուղղված բարենպաստ միջավայրի ստեղծմանը և արտադրողականության բարձրացմանը,
  • հատուկ գործիքների կիրառում։

Հատուկ գործիքների շարքում նախատեսվում է կիրառել ինչպես արդեն իսկ արդյունավետ կիրառված գործիքներ, այնպես էլ նորերը.

  • հարկային և մաքսային հատուկ ռեժիմներ,
  • ֆինանսական աջակցություն և ֆինանսավորման մատչելիության ապահովում,
  • շուկաների մատչելիություն,
  • կարողությունների զարգացում և մրցունակության բարձրացում,
  • հետազոտությունների և մշակումների խթանում։

Այսպիսով, կառավարությունը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հաստատել է արդյունաբերական քաղաքականության հայեցակարգ, որի իրականացումը դառնում է առաջիկա տարիների գլխավոր հրամայականը։