Կառավարությունը, նպատակ ունենալով բարձրացնել մարդկանց վստահությունը պետական մարմինների նկատմամբ, ինչպես նաև պետական պաշտոնյաների պատասխանատվության աստիճանը, նախաձեռնեց միջոցառումներ, որոնք ուղղված էին պետական մարմինների աշխատանքի թափանցիկության ապահովմանը.

  • 2010 թվականից ներդրվեց առցանց համակարգ, որը քաղաքացիներին հնարավորություն է տալիս հետևելու պետական մարմիններ ուղարկված գրությունների ընթացքին։ Միայն ընթացիկ տարում 41000 դիմումատուներ համակարգի միջոցով հետևել են իրենց դիմումի ընթացքին։
  • 2010 թվականից գործում է նաև «Ինտերակտիվ բյուջե» առցանց համակարգը, որը հնարավորություն է տալիս ցանկացած պահի տեղեկանալ, թե ինչ նպատակով, ուղղությամբ և ինչպես են ծախսվում պետական բյուջեի գումարները։ 2011 թվականի առաջին կիսամյակի ընթացում կայքի շուրջ 7000 այցելու օգտվել է ներկայացված տեղեկատվությունից։
  • Առցանց համակարգում բաց և հասանելի են կառավարության և վարչապետի բոլոր որոշումները։ Ավելին, ամեն ոք կարող է նախապես ծանոթանալ բոլոր այն հարցերին և նախագծերին, որոնք կառավարությունը պատրաստվում է քննարկել առաջիկա նիստի ընթացքում. կառավարության նիստի օրակարգը և բոլոր հարցերը նախօրոք տեղադրվում են առցանց համակարգում։ 2011 թ. օգոստոսի դրությամբ կայքի «ՀՀ կառավարության որոշումները» հատվածի այցելուների թիվը եղել է մոտ 495000, «ՀՀ վարչապետի որոշումները» հատվածի այցելուների թիվը՝ 136000, «ՀՀ կառավարության նիստի օրակարգը» հատվածի այցելուների թիվը՝ 139000։
  • Կառավարությունը թափանցիկություն է ապահովել նաև պետական գնումների գործընթացում։ Բացի գնումների համակարգը ներկայացնող արդեն իսկ գործող առցանց համակարգից, որը հնարավորություն է տալիս տեսնել գնումների հայտարարությունները և բոլոր ընթացակարգերը, 2010 թվականից հանրությանը հասանելի է նաև պետության կողմից մեկ աղբյուրից առանց մրցույթի իրականացվող գնումների տեղեկատվությունը։
  • Հանրության համար բաց և հասանելի է նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից իրականացվող բոլոր ծրագրերի, պայմանագրերի և ֆինանսավորման վերաբերյալ տեղեկատվությունը։ 2011 թ. դրությամբ այս հատվածն արդեն ունեցել է շուրջ 16000 այցելու։
  • Կառավարությունը հասանելի է դարձրել նաև մի շարք ռեեստրներ և ցանկեր, մասնավորապես՝ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը, օգտակար հանածոների արդյունահանման համար տրամադրված հանքային իրավունքների ցանկը, գործող ուսումնասիրության արտոնագրերի վերաբերյալ տեղեկատվությունը, ՀՀ տարածքի ոչ մետաղային և մետաղային օգտակար հանածոների հանքավայրերի ցուցակը։
  • Կառավարության որոշման նախագիծ մշակող մարմիններն այսուհետև նախագիծը տեղադրում են իրենց ինտերնետային կայքում, որպեսզի հանրությունը դեռևս քննարկման փուլում իրազեկվի նախագծի վերաբերյալ և իր առաջարկություններով մասնակից դառնա կառավարության որոշումների ընդունմանը։

Պետական կառավարման համակարգում հաշվետվողականության ապահովման նպատակով ներդրվել են նոր սկզբունքներ և մոտեցումներ.

  • ցանկացած միջոցառում կամ միջոցառումների ծրագիր, որ ներկայացվում է որևէ պետական մարմնի կողմից, պետք է պարունակի ծրագրի արդյունքների հստակ ձևակերպում, ընդ որում այդ արդյունքները պետք է լինեն չափելի,
  • պետական կառավարման մարմինները պարբերաբար ներկայացնում են կատարողական հաշվետվություններ, որոնց հիման վրա գնահատվում է նրանց իրականացրած աշխատանքը,
  • կատարողականի հիման վրա գնահատվում է ոչ միայն պետական մարմնի, այլև ամեն մի աշխատակցի կատարած աշխատանքը։

Նոր սկզբունքներն արդեն երկու տարի հաջողությամբ գործում են, ընդ որում նախատեսվում է անցնել նաև կատարողականի հիման վրա վարձատրման նոր համակարգի, որը կկիրառվի արդեն 2011 թվականի ընթացքում։

Պետական կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ կառավարությունը պետական հատվածում նախաձեռնեց մասնավոր հատվածին բնորոշ գործիքների և սկզբունքների ներդրում։

  • Պետական ձեռնարկություններում կառավարությունը նախաձեռնել է կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրման գործընթացը։ 2010 թվականի դեկտեմբերին կառավարությունը հավանության արժանացրեց Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման կանոնագիրքը։
  • 2011 թվականի հունիսին կառավարությունն ընդունեց որոշում, համաձայն որի` 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ ընկերությունները պետք է առաջնորդվեն Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման կանոնագրքով։
  • 2008 թվականին կառավարության հավանությանն արժանացավ պետություն‑մասնավոր հատված համագործակցության հայեցակարգը։ Նպատակը պետության և մասնավոր հատվածի գործընկերության (ՊՄԳ) մոդելի միջոցով խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման նախադրյալների ստեղծումն էր։ Պետական և մասնավոր հատվածների գործընկերությունը ենթակառուցվածքների զարգացման և ծառայությունների մատուցման եղանակ է, որը ներգրավում է մասնավոր հատվածի ռեսուրսները և խրախուսման միջոցները։ Սահմանափակ մրցակցության պայմաններում կառավարությունը հանդես է գալիս որպես պայմանագրի կողմ և կարգավորիչ։

ՊՄԳ մոդելի թերևս ամենավառ օրինակը «Տաթևի վերածնունդ» ծրագիրն է։ Ծրագրի ընդհանուր արժեքը 45 մլն ԱՄՆ դոլար է։ Ծրագրի ֆինանսավորման համար կատարվել է հանգանակություն, ինչպես նաև մշակվել է համապատասխան բիզնես‑պլան։ Ծրագրի իրականացման առաջին փուլում 2010 թվականին պետության կողմից`

  • հիմնանորոգվեց Շինուհայր‑Հալիձոր ճանապարհը,
  • կառուցվեց գազամուղը,

իսկ մասնավոր հատվածի կողմից`

  • կառուցվեց Տաթևի վանքի հետ կապող ճոպանուղին
  • իրականացվեցին վանքի բարեկարգման և նորոգման աշխատանքներ։