ՀՀ կառավարությունը սահմանեց միջնաժամկետ հատվածում իրականացվելիք արդյունավետ պետական կառավարման նպատակներն ու ծրագրերը։ Դրանց շարքում կարևորվում է պետական կառավարմանը ոչ բնորոշ գործառույթներից հրաժարվելու քաղաքականությունը։ Կառուցվածքային և գործառութային բարեփոխումն իրականացվել է հետևյալ ուղղություններով.

  • պետական կառավարման մարմիններում քաղաքական ու հայեցողական պաշտոնյաների ու աշխատակազմերի գործառույթների հստակ տարանջատում,
  • պետական կառավարման մարմիններում ծառայությունների մատուցման, կանոնակարգման ու տեսչական գործառույթների հստակեցում։

Գործառութային և կառուցվածքային վերլուծության ենթարկելով ՀՀ պետական կառավարման բոլոր մարմինների գործունեությունը՝ սահմանվեցին պետական մարմնի տեսլականը, նպատակն ու խնդիրները, տարանջատվեցին ու հստակեցվեցին գործառույթները, կոնկրետացվեցին պետական մարմնին վերապահված ոլորտներն ու բնագավառները։ Բոլոր նախարարություններում և կառավարությանն առընթեր մարմիններում քաղաքականության մշակման գործառույթները տարանջատվեցին ծառայության մատուցման գործառույթներից։

Գնահատվեց գործակալությունների գործունեությունը` այն առումով, որ դրանք պետք է մատուցեն միայն կառավարչական բնույթի ծառայություններ։ Դրանց ոչ բնորոշ բոլոր տեսակի աշխատանքները ապակենտրոնացվեցին կամ պատվիրակվեցին տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմիններին կամ իրականացվեցին մասնավոր հատվածի հետ պայմանագիր կնքելու միջոցով։

Լիցենզավորման, հավատարմագրման և համանման այլ գործառույթները վերապահվեցին գործակալություններին։

Ծրագրերի իրականացման գրասենյակները (ԾԻԳ) որպես ծառայութունների մատուցման միավորներ՝ ինտեգրվեցին նախարարության աշխատակազմերին` քաղաքականության մշակման գործառույթները վերապահելով աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին։

ՀՀ կառավարության կողմից մշակվել և ներդրվել են բոլոր համայնքների աշխատակազմերի համար կիրառելի կանոնադրության օրինակելի ձևերը, ինչի շնորհիվ կարգավորվել են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց և համայնքային ծառայողների հարաբերությունները։

Մշակվել են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունվող փաստաթղթերի նախագծերի օրինակելի ձևերը, ինչպես նաև փաստաթղթերի նախագծերի մշակման մեթոդական ուղեցույցները։ Այս որոշումների ընդունումով կառավարությունը նպատակ է հետապնդում բարձրացնել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մշակվող փաստաթղթերի նկատմամբ իրավական վերահսկողության և պետական իրավական փորձաքննության արդյունավետությունը։

ՀՀ կառավարությունը հաստատեց տեսչական բարեփոխման նոր ռազմավարություն, ըստ որի տեսչական գործընթացը գործադիր իշխանության կողմից կիրառվող գործիք է` ուղղված օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողության ապահովմանը։ Այն կոչված է աջակցելու տնտեսավարող սուբյեկտներին` գործել օրենսդրության շրջանակում։ Սակայն տեսչական ստուգումը ռեսուրս և ժամանակ է կլանում տնտեսվարող սուբյեկտից, նաև տեսուչների` «իշխանությունը» չարաշահելու հակումը տեսչական գործընթացը դարձնում են առավել անարդյունավետ։ Աշխատանքը ճիշտ չկազմակերպելու դեպքում տեսչական ստուգումը կարող է լրջորեն խոչընդոտել գործարար միջավայրը, սահմանափակել ներդրումները` միաժամանակ չլուծելով այն խնդիրները, որոնց լուծման համար պետությունը ռեսուրս է ներդնում։

Տեսչական բարեփոխման նպատակը տեսչական գործընթացի արդյունավետության բարձրացումն է, ընդ որում այն ֆիսկալ նպատակ չի հետապնդում, այսինքն` տեսչության արդյունավետությունը չի չափվելու գանձված տուգանքների քանակով ու մեծությամբ։ Տեսչական բարեփոխումը ներառում է`

  • տեսչական մարմինների կրկնվող գործառույթների բացահայտում և բացառում,
  • տեսչական մարմինների միջև տեղեկատվության փոխանակման արդյունավետ համակարգի ձևավորում,
  • տվյալների միասնական բազայի ստեղծումը և առողջ համակարգման ապահովում,
  • ռիսկի վրա հիմնված տեսչական ստուգման համակարգի ներդրում (հաճախակի, չհամակարգված և ոչ տեղին ստուգումը բացառելու նպատակով),
  • տեսչական գործընթացում ստուգման ցանկերի և տեսուչների վարքագծի կանոնների ներդրում (որոնք նվազեցնում են անորոշությունը գործարարների համար),
  • տեսուչների վերապատրաստում:

Բարեփոխման շրջանակում արդեն իսկ իրականացվել են հետևյալ աշխատանքները.

  • ուսումնասիրվել են Հայաստանում գործող տեսչությունների վերահսկման ոլորտները կարգավորող օրենքները, ենթաօրենսդրական ակտերը, կարգերը, տեխնիկական կանոնակարգերը (450 իրավական ակտ),
  • քննարկումներ են կազմակերպվել գործող տեսչությունների ներկայացուցիչների, գործարարների, բիզնես ասոցիացիաների հետ` վերահսկման ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ գործարարների մոտեցումները և խնդիրները հասկանալու համար,
  • ուսումնասիրվել է պետական վերահսկողության գործող ընթացակարգը, բացահայտվել են առկա խնդիրները,
  • ուսումնասիրվել է պետական վերահսկողության ընթացակարգերի վերաբերյալ միջազգային փորձը։

Այս ամենի արդյունքում կառավարությունը ՀՀ Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացրել «ՀՀ‑ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ընդունվել է 2011 թվականի հունիսին։ Մեկնարկել են 4 տեսչություններում իրականացվող պիլոտային ծրագրերը։

Գործառութային բարեփոխման հաջորդ փուլը ՀՀ պետական կառավարման մարմիններում բիզնես (աշխատանքային) գործընթացների ներդրման ծրագիրն է։ Կառավարությունը նպատակադրված է այս ծրագիրն իրականացնել «գործարարության օրենքներով» կառավարելու և առաջնորդվելու, գործունեության արդյունավետությունն ու թափանցիկությունը հետևողականորեն բարձրացնելու միջոցով։ Կարևոր խնդիր է ցանկալի արդյունքները հստակ ձևակերպելու և դրանց հսկողությունն իրականացնելու ուղղությամբ պետական կառավարման մարմինների կարողությունների զարգացումը։

Բիզնես գործընթացների նկարագրությունն արդեն հաջողությամբ ավարտվել է պետական կառավարման 7 մարմիններում։ Ուսումնասիրության արդյունքում կազմվել են գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագրեր։ Համակարգի ներդրմամբ բոլոր նախարարություններում կձևավորվեն բիզնես գործընթացների հիերարխիկ ցանկը, գործընթացների սխեմատիկ նկարագրությունը, հստակ պատկերացում կկազմվի քաղաքացիական ծառայողների իրավասությունների և պարտականությունների, ինչպես նաև ռեսուրսների օգտագործման օպտիմալության վերաբերյալ։ Մշակվում և ներդրվում են ռիսկերի բացահայտման, վերլուծության, գնահատման, կանխարգելման և կառավարման, ինչպես նաև ներքին հսկողության և հաշվետվողականության համակարգերը։

Կատարված աշխատանքի շնորհիվ պետական մարմինների կողմից իրականացվող գործառույթները դարձել են հստակ ձևակերպված, և հնարավոր է հեշտությամբ վերահսկել ցանկացած գործընթաց։ Այս ամենը նշանակում է ռեսուրսների օպտիմալ օգտագործում, արդյունավետ և արագ աշխատանք, ինչպես նաև պետական կառավարման համակարգի հաշվետվողականության ապահովում։