2007‑2011 թթ. ժամանակահատվածը նշանակալից է եղել կենսաբազմազանության պահպանության և հատուկ պահպանվող տարածքների զարգացման տեսանկյունից։ Կառավարության ընդունած որոշումներով ընդլայնվել են բնության հատուկ պահպանվող տարածքները, այդ թվում ստեղծվել են «Արփի լիճ» և «Արևիկ» ազգային պարկերը, «Ջերմուկի ջրաբանական», «Հանքավանի ջրաբանական», «Զանգեզուր» և «Զիկատար» պետական արգելավայրերը, ընդլայնվել է «Խոսրովի անտառ» արգելոցի ընդհանուր տարածքը՝ «Գիլան» արգելավայրում արգելոցային ռեժիմ սահմանելու միջոցով։ Դրա շնորհիվ Հայաստանի պահպանվող տարածքների ընդհանուր մակերեսն ավելացել է 76.3 հազ. հեկտարով, որի արդյունքում ներկայումս Հայաստանի ԲՀՊՏ‑ների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 380.0 հազ. հա, որը հանրապետության տարածքի շուրջ 12.8 տոկոսն է, ինչը մոտ է միջազգայնորեն ընդունված չափանիշներին։

Կառավարությունը հետևողականորեն շարունակել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումները։ Արդյունքում շարունակվել է Սևանա լճի մակարդակի բարձրացման կայուն միտումը (2007 թ. ՝55 սմ, 2008 թ.` 6 սմ, 2009 թ.` 38 սմ, 2010 թ.` 47 սմ, 2011 թ.` 23 սմ)։ Առաջիկա տարիներին ֆինանսավորման տարբեր աղբյուրներից նախատեսվում է հատկացնել ավելի քան 44 մլրդ դրամ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների իրականացման համար:

Սևանա լճի էկոհամակարգի պահպանման նպատակով կառավարությունը 2011 թվականից կասեցրել է լիճ հոսող գետերի վրա փոքր ՀԷԿ‑երի կառուցման թույլտվության և ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացը։

Բնապահպանական խնդիրներից ելնելով՝ կառավարությունն օգտակար հանածոների արդյունահանման լիցենզիա տրամադրելու որոշում կայացնելիս որդեգրել է խիստ պահպանողական մոտեցում։

Կառավարությունը Նորվեգիայի կառավարության աջակցությամբ 2008 թվականի հոկտեմբերից Ամբերդում գործարկել է մթնոլորտի անդրսահմանային աղտոտման դիտանցի առաջին կարգի կայան՝ հագեցված 110.000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ ժամանակակից սարքավորումներով։ Եվրոպայում գործող 68 կայանների գործունեության վերլուծության արդյունքում Հայաստանի Հանրապետության կայանը ճանաչվել է լավագույն 6‑ից մեկը։

2010 թվականին կառավարությունը վերանայել և հրատարակել է Հայաստանի Հանրապետության նոր «Կարմիր Գիրքը», զուգահեռաբար` խստացումներ նախաձեռնել նաև օրենսդրական դաշտում` բույսերի և կենդանիների պահպանման գործում։

Հայաստանի կառավարությունը կատարել է օզոնի շերտի պահպանության և օզոնի շերտը քայքայող նյութերի վերաբերյալ միջազգային կոնվենցիաներով ստանձնած բոլոր պարտավորությունները։

Հաջողությամբ իրականացվում են Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմով ծրագրերը, որոնց քանակը շարունակաբար ավելանում է: 2010 թվականին Մեքսիկայի Կանկուն քաղաքում կայացած Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ‑ի շրջանակային կոնվենցիայի Կողմ երկրների 16‑րդ համաժողովում կազմակերպված ՄԶՄ տասներորդ ֆորումի ժամանակ Հայաստանին Կոնվենցիայի քարտուղարության կողմից շնորհվել է «Տարվա լավագույն լիազորված ազգային մարմին» տիտղոսը՝ Մաքուր զարգացման մեխանիզմում արդյունավետ մասնակցության համար»:

Չափազանց կարևորելով հասարակության էկոլոգիական գիտակցության և մտածելակերպի կայացման խնդիրները, կառավարությունը հաստատել է «Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ամբողջական և միասնական ազգային համակարգի ստեղծման հայեցակարգից բխող՝ 2011‑2015 թվականների միջոցառումների» և «Մաքուր Հայրենիք» ազգային ծրագրերը: