Կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել բնակչության մշակութային կյանքի աշխուժացմանը, մշակութային ծառայությունների մատչելիության և որակի ապահովմանը, մշակութային ենթակառուցվածքների համաչափ զարգացմանը (ըստ ոլորտների և մարզերի)՝ կազմակերպելով և ֆինանսավորելով բազում երաժշտական, թատերական, կինոարվեստի փառատոններ, ցուցահանդեսներ, աշխարհահռչակ մշակութային գործիչների հյուրախաղեր: Անցած երեք տարիների ընթացքում կառավարությունը

Ժամանակակից արվեստի զարգացման ուղղությամբ 2009 թվականից սկսել է «Դեբյուտային ծրագրերին պետական աջակցություն» ծրագիրը, որի շրջանակում օժանդակություն է ցուցաբերել երիտասարդական թատերական արվեստի 21 ներկայացումների, 47 լավագույն երիտասարդ կոմպոզիտորների դասական ստեղծագործությունների, 28 կինոֆիլմերի ստեղծմանը (12 դեբյուտային, 16 ուսանողական): Հովանավորչական ֆինանսական ներդրումների, միջազգային կառույցների և արտասահմանյան երկրների դրամաշնորհների հաշվին (մոտ 2 մլրդ դրամին համարժեք տարադրամ) որակական փոփոխության են ենթարկվել մշակութային միջոցառումները, համալրվել է մշակութային կառույցների նյութատեխնիկական բազան, պայմաններ են ստեղծվել մշակութային ժառանգության պահպանության ինստիտուցիոնալ կառույցների ձևավորման համար:

Երաժշտարվեստի ոլորտում գերակա ուղղություն սահմանված օպերային և բալետային արվեստի զարգացման նպատակով պետական պատվերով 2 տարվա ընթացքում`

  • իրականացրել է 5 խոշոր նախագծերի` «Սպարտակ» (բեմադրիչ՝ Յուրի Գրիգորովիչ), «Ռոմեո և Ջուլիետ» (բեմադրիչ՝ Ռուդոլֆ Խառատյան) բալետների, «Աիդա» (բեմադրիչ՝ Մարիո Կորադի), «Սայաթ‑Նովա» (բեմադրիչ՝ Արամ Սուքիասյան), «Ալմաստ» (բեմադրիչ՝ Ա. Իսահակյան) օպերաների բեմադրությունը,
  • ֆինանսավորել է «XXI‑ի հեռանկարներ» միջազգային դասական երաժշտական փառատոնի 10‑ից ավելի ծրագրեր` Հայաստանում կազմակերպելով ավելի քան 70 համերգ՝ աշխարհի ամենաճանաչված օպերային երգիչների, ռոք‑խմբերի, անվանի դիրիժորների ու նրանց ղեկավարած նվագախմբերի, միջազգային մրցույթների դափնեկիրների, մեծ մենակատարների մասնակցությամբ։ Կառավարությունը սատարել է Պլաչիդո Դոմինգոյի, Աննա‑Մարիա Մարտինեսի, Լարա Ֆաբիանի, Ջեթրո Թալի, Յան Գիլանի, Ջո Կոկերի, Ջորջ Բենսոնի, Զուկերոյի, «ՅուռաՀիպ» և «Դիպ Փարփլ» ռոք‑խմբերի, Վլադիմիր Սպիվակովի, Քշիշտոֆ Պենդերեցկու, Վալերի Գերգիևի, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի, Գեդեոն Կրեմերի լարային նվագախմբի, Բորոդինի անվան լարային քառյակի, Մալերի կամերային նվագախմբի, Յուրի Բաշմետի, Դենիս Մացուևի և շատ այլ հանրաճանաչ վարպետների հայաստանյան հյուրախաղերի կազմակերպմանը,
  • աջակցել է, այդ թվում՝ ֆինանսապես, Հայաստանում ջազի 70‑ամյակին նվիրված «Jazz‑70» ջազային փառատոնի համերգներին հանրաճանաչ երաժիշտներ Էլ Ջերոյի, Ինդիանայի, Միխայիլ Բուտմանի, Նինո Քաթամաձեի, Տիգրան Համասյանի, Տաթևիկ Հովհաննիսյանի և շատ այլոց մասնակցությանը,

Կինոարվեստի ոլորտում նոր թափ է հաղորդել «Ոսկե ծիրան» կինոփառատոնին` աջակցելով կինոյի համաշխարհային աստղեր Կլաուդիա Կարդինալեի, Ժերար Դեպարդիեի, Քշիշտոֆ Զանուսիի, Ֆաննի Արդանի, Մարկո Բելոկիոյի, Տավիանի եղբայրների, Տոնինո Գուերայի, Լի Չանգդոյի մասնակցությանը, խթանվել է նոր փառատոնների, մասնավորապես՝ «Ռեանիմանիայի» կայացումը:

Թատերարվեստի ոլորտում նախաձեռնել է առաջին անգամ Հայաստանում՝ Ծաղկաձոր քաղաքում, Մնջախաղի միջազգային փառատոնի և հանրապետական նշանակության «Թատրոն‑X» փառատոնների իրականացումը,

Կերպարվեստի ոլորտում հայ մշակույթը արտերկրում ներկայացվել է շուրջ 18 ցուցահանդեսներում, Հայաստանում կազմակերպվել է «Սալվադոր Դալին և սյուրռեալիստները» ցուցահանդեսը, որտեղ հայ արվեստասերին առաջին անգամ ներկայացվել են 20‑րդ դարի գեղանկարի մեծագույն վարպետներ Սալվադոր Դալիի, Վասիլի Կանդինսկու, Ջորջո դե Կիրիկոյի ավելի քան 160 գրաֆիկական գործեր և հայ նկարիչների 40 գործ,

Գրահրատարակչական ոլորտում պետական պատվերով և աջակցությամբ տպագրել է շուրջ 500 անուն գիրք, ներդրվել է գրահրատարակչական 7 նոր ուղղություն, մասնավորապես՝ մշակութային ժառանգությունը ներկայացնող գրականություն, հայ գրքի տպագրության 500‑ամյակին նվիրված հրատարակություններ, թարգմանական գրականություն, ազգային փոքրամասնությունների գրականություն, գրական ժառանգություն, Հայաստանի անկախության 20‑ամյակին նվիրված գրականություն, էլեկտրոնային հրատարակություններ: Հրատարակված գրականությունից անվճար բաշխվել է 77081, իրացվել՝ 25351 միավոր:

Գեղարվեստական կրթության ոլորտում պետական աջակցությամբ սկսվել է ուսումնական գրականության հրատարակումը, որի արդյունքում երաժշտական և արվեստի դպրոցները ապահովվել են 132 անուն ուսումնական գրականությամբ և մեթոդական ուղեցույցներով: Մշակվել են երաժշտական դպրոցների օրինակելի ուսումնական պլանները և 17 առարկայական ծրագրեր: Մեթոդական աշխատանքների կազմակերպման նպատակով ՀՀ‑ում հիմնվել է 33 հենակետային դպրոց (յուրաքանչյուր մարզում՝ երեքական, հատկացվել է 48 մլն դրամ), վերաբացվել է «Դպրոցականի ֆիլհարմոնիան», որը հանրապետության մանուկների և պատանիների համար 156 դաս‑համերգներ է իրականացրել, այդ թվում 90-ը՝ մայրաքաղաքում (հատկացվել է` 22 մլն դրամ): Ընդլայնվել է երաժշտական արվեստի դպրոցներին տրամադրվող ուսման վարձավճարի փոխհատուցման ծրագիրը՝ ցանկում ներառելով նաև փողային և լարային նվագարաններ: Արդյունքում՝ ներկայումս սովորողների թիվը կազմում է 2443 աշակերտ: Ծրագրի վրա ծախսվում է տարեկան մոտ 300 մլն դրամ:

Տարբեր մասնագիտությունների գծով կազմակերպվել են մի շարք հանրապետական նպատակային մանկապատանեկան մրցույթներ, փառատոններ ամառային ստեղծագործական և արվեստի ճամբարներ, որոնց մասնակցել են 5049 շնորհալի երեխա և 110 երգչախումբ:

Մշակութային ժառանգության պահպանության ոլորտում.

  • Պատմամշակութային հուշարձանների պահպանության բնագավառում կառավարությունը կանոնակարգել և ներդրել է պետական ֆինանսավորման նոր ծրագրային ուղղություններ։ Այսպես, 2009‑2010 թվականներին հուշարձանների վերականգնման ծրագիրը համալրվել է «Հուշարձանների տեխնիկական վիճակի դիտանցում», «Հուշարձանների պեղում» ենթածրագրերով, ինչպես նաև «Հուշարձանների հրատապ ուսումնասիրում, ամրակայում, վերանորոգում» և «Աջակցություն հայկական պատմամշակութային հուշարձանների վավերագրման» նոր ծրագրային ուղղություններով, որոնց շրջանակում արդեն իրականացվել է շուրջ 65 հուշարձանի նախնական ուսումնասիրում, անհրաժեշտության դեպքում՝ նաև պեղման աշխատանքներ, կազմվել է ավելի քան 920 հուշարձանի անձնագրային փաթեթ, իրականացվել է առավել վտանգված 52 հուշարձանի տեխնիկական վիճակի դիտանցում, թողարկվել է 980, որից հաստատվել է 598 պահպանական գոտի, այդ թվում՝ 2010 թ. հաստատվել է Երևան քաղաքի հուշարձանների պահպանական 114 գոտի։
  • Իրականացրել է 24 թանգարանների մոտ 900 000 միավոր թանգարանային առարկաների վերահաշվառում,
  • Թանգարանային ֆոնդերը իրականացված պեղումների արդյունքում և նվիրաբերությունների միջոցով 2007‑2010 թվականներին համալրվել են 45920 ցուցանմուշով:
  • Թանգարաններում ներդրվել է շուրջ 26,8 մլն դրամ գումար՝ հակահրդեհային, ազդանշանային, ջեռուցման, արտաքին տեսահսկողական համակարգերի տեղադրման, ինչպես նաև սենսորային կրպակների ձեռքբերման համար:
  • Գրադարաններում ներդրվել է շուրջ 4.2 մլն դրամ գումար՝ հակահրդեհային, ազդանշանային համակարգերի տեղադրման համար:

Մշակութային ծառայությունների որակի և մատչելիության ապահովման նպատակով կառավարությունն սկսել է մշակույթի ոլորտում տեղեկատվական‑հաղորդակցական նոր տեխնոլոգիաների ներդրումը, մասնավորապես՝

  • Գրադարանային ոլորտում ներդրվել են «Հայաստանյան գրադարանների միացյալ ավտոմատացված ցանցը» (ALEPH), գրադարաններից օգտվողների համար՝ նորացված էլեկտրոնային‑տեղեկատվական «EBSKO» և «Integrum World» փաթեթները,
  • Թանգարանային ոլորտում ստեղծվել է նոր վեբ կայք և ապահովվել էլեկտրոնային շտեմարաններ պարունակող սենսորային կրպակների տեղադրումը,
  • Արվեստի բնագավառում կառավարությունն սկսել է արվեստի գործերի և թանգարանային առարկաների թվայնացման և համացանցում դրանք ներկայացնելու գործընթացը։ Արդեն լուսանկարվել և թվայնացվել է 8000 գործ Հայաստանի պետական պատկերասրահի հավաքածուից, և կայքը բաց է այցելուների համար։
  • «Հայաստանյան գրադարանների միացյալ ավտոմատացված ցանց» (ALEPH) ծրագրում ընդգրկված 12 գրադարանները մուտքագրել են մոտ 3 մլն միավոր (778 700 անուն) գրքի մատենագիտական տվյալներ:
  • Որպես սոցիալական ծրագիր՝ ամսական երկու օր աշակերտության, իսկ վերջին շաբաթ օրը՝ բոլորի համար թանգարաններն աշխատում են առանց մուտքի վճարի:

Մշակութային ժամանակակից ենթակառույցների զարգացման ասպարեզում կառավարությունը, ՀՀ մարզերի համաչափ զարգացման սկզբունքից ելնելով, հիմնանորոգել և վերանորոգել է.

  • թատրոնի 6 շենք, որից 4‑ը` մարզային (Գավառի, Արտաշատի, Վանաձորի, Գորիսի թատրոնները),
  • 12 թանգարանային շենք, այդ թվում Օրբելի եղբայրներինը` Ծաղկաձորում, Պերճ Պռոշյանինը` Աշտարակում, Ակսել Բակունցինը` Գորիսում և այլն,
  • 13 գրադարանի շենք, որից 9‑ը` մարզային, Դիլիջանի ու Գավառի քաղաքային գրադարանները,
  • 201 մարզային մշակույթի տուն, ակումբ, ինչպես նաև կառուցել է 10 նորը։

Ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանման նպատակով՝

  • օժանդակություն է ցուցաբերել 12 անուն թերթերի և ամսագրերի, 4 գրքի հրատարակմանը, 2 ֆիլմի նկարահանմանը:

Միջազգային համագործակցության ոլորտում աջակցել է միջազգային ասպարեզում երկկողմ, բազմակողմ և միջազգային կառույցների հետ համագործակցությանը:

  • Արտերկրում հայ մշակույթի հանրահռչակմանն ուղղված՝ ապահովել է մշակութային կոլեկտիվների, անհատների մասնակցությունը շուրջ 120 միջազգային միջոցառումների՝ հյուրախաղերի, փառատոնների, մրցույթների, ցուցահանդեսների և այլն,
  • ՅՈՒՆԵՍԿՕ‑ի հետ համագործակցության շրջանակում մրցույթում հաղթելու արդյունքում, ՅՈՒՆԵՍԿՕ‑ի կողմից Երևանը հայտարարվել է 2012 թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք,
  • Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակներում ընդգրկվել է հայկական խաչքարը, հետևյալ վերտառությամբ՝ «Խաչքարի արվեստը. խորհուրդն ու խաչքարագործությունը»: «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանն արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ‑ի և Հունաստանի կողմից սահմանված Մելինա Մերկուրի մրցանակի: