Առողջապահության ոլորտում կառավարությունը հետևողականորեն իրականացրել է բուժծառայությունների որակի և մատչելիության բարձրացման, ինչպես նաև ոլորտի ստվերայնության կրճատման աշխատանք։

Այսպես, կառավարության նախաձեռնությամբ`

  • 2008 թվականի հուլիսի 1‑ից մեկնարկել է ծննդօգնության՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումն՝ ըստ հավաստագրերի,
  • 2011 թվականի հունվարի 1‑ից ներդրվեց մինչև 7 տարեկան երեխաների անվճար հիվանդանոցային բուժօգնության հավաստագրի ծրագիրը և երեխայի առողջության անձնագիրը:
  • 2011 թվականի մայիսից անվճար է 14 տարեկանը բոլորած նախազինակոչային տարիքի երիտասարդների բուժզննումը և անհրաժեշտության դեպքում՝ բուժումը։
  • 2010‑2011 թվականների ընթացքում ներդրվել և իրականացվում է հիվանդանոցային և առողջության առաջնային պահպանման օղակում աշխատող բուժաշխատողների կատարողականի վրա հիմնված խրախուսական վարձատրության նոր համակարգ:
  • 2010 թվականին ՀՀ կառավարության կողմից ընդունվեց «Դեղերի պատշաճ արտադրական գործունեության կանոնները», ինչի շնորհիվ ՀՀ‑ում դեղերի արտադրությունը կհամապատասխանեցվի միջազգային ստանդարտներին, կմեծանա տեղական արտադրության դեղերի արտահանման ծավալները, արտադրության տեխնիկական հագեցվածությունը կհամապատասխանեցվի ժամանակակից միջազգային չափանիշներին, կբարձրանա դեղերի որակի, արդյունավետության, անվտանգության վերահսկողության մակարդակը:
  • 2008‑2011 թվականների ընթացում ֆինանսական ճգնաժամի պայմաններում, համակարգում ոչ միայն չկուտակվեցին նոր կրեդիտորական պարտքեր, այլև առկա 2.5 մլրդ դրամ պարտքը նվազեցվեց մինչև 500 մլն դրամի, ինչը հիմանկանում դիտարկվում է որպես ընթացիկ աշխատանքային պարտք:

Բուժծառայությունների մատչելիության բարձրացման կարևոր գրավական է համակարգում կոռուպցիայի վերացումը։ Կառավարությունը հաստատակամ է այս հարցում` զանազան մեխանիզմներ կիրառելով հատկապես սոցիալապես անապահով խավերի բուժօգնության պետական ծրագրերի վերահսկման գծով։ Այս տեսակետից, ըստ Համաշխարհային բանկի մասնագետների իրականացրած մոնիթորինգի արդյունքների, ոչ պաշտոնական վճարումների կրճատման շատ լավ օրինակ է համարվել ծննդօգնության պետական հավաստագրի ներդրման ծրագիրը։ Այսպես, ըստ միջազգային փորձագետների գնահատականի, ծրագրի ներդրումից մեկ տարի անց՝ 2009 թվականին, նշված դեպքերի քանակը 91 տոկոսից նվազել է 21.8 տոկոսի 1 , կամ կրճատվել ավելի քան 4 անգամ։ Հայաստանի ամերիկյան համալսարանի հետազոտողների հավաստմամբ, էապես կրճատվել են նաև ոչ պաշտոնական վճարումները։ 2

Բնակչության բուժսպասարկման որակի և մատչելիության բարձրացման տեսակետից կառավարության կարևոր ձեռքբերումներից են հանրապետությունում շտապօգնության ծառայության զարգացմանն ու արդիականացմանն ուղղված հետևյալ միջոցառումները.

  • 2011 թվականին շտապօգնության ծառայությունների ավտոպարկի նորացումը` Չինաստանի կառավարության դրամաշնորհով ստացված 88 ժամանակակից ավտոմեքենաներով, որոնք հատկացվեցին Երևանի և հանրապետության բոլոր մարզերի գրեթե բոլոր քաղաքների 38 բուժհիմնարկներին,
  • Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ‑ում կանչերի ընդունման GPS միասնական համակարգի ներդրումը՝ միասնական դիսպետչերական կենտրոնի գործարկմամբ։ Վերջինս թույլ տվեց կանչերին արձագանքել 2‑ից 3 անգամ ավելի արագ` 7‑12 րոպեում, նախկինում 15‑20 րոպեի փոխարեն,
  • Շտապօգնության ծառայության աշխատողների վերապատրաստումը, ծառայությունների ֆինանսավորման բարելավումը և վարձատրության զգալի բարձրացումը։ Այսպես, շտապօգնության ծառայության բժիշկների աշխատավարձը 2011 թվականի հուլիսի դրությամբ կազմել է 103 հազար դրամ` 2010 թվականի 54 հազար դրամի փոխարեն, բուժքույրերինը՝ 75 հազար դրամ 47 հազար դրամի փոխարեն, վարորդներինը` 96 հազար դրամ 71 հազար դրամի փոխարեն։

Շտապօգնության ծառայության աշխատանքի որակի բարելավման նպատակով մշակվել և ներդրվել են 15 կլինիկական ուղեցույցներ՝ առավել հաճախ պատահող և կյանքին վտանգ սպառնացող վիճակների համար:

Առողջապահության ոլորտում «ստվերի» կրճատմանն ուղղված միջոցառումների շարքում կառավարությունը 2010 թվականին սկսեց «համավճարի» ծրագրի փորձարկումը 3 բուժհաստատություններում, իսկ 2011 թվականի փետրվարի 1‑ից ծրագրի գործողությունը տարածվել է հանրապետության բոլոր բուժհաստատությունների անհետաձգելի և գինեկոլոգիական բժշկական ծառայությունների վրա՝ միաժամանակ համավճարից ազատելով սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց և վերակաենդանացման միջոցառումներ պահանջող դեպքերը։ 2011 թվականին՝ համավճարի և առողջապահության ոլորտի մի շարք այլ բարեփոխումների արդյունքում բյուջե է մուտքագրվել նախկինում ստվերային շրջանառության մեջ գտնվող 3.5 մլրդ դրամ։ Պետական բյուջե հաշվանցված հարկերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 39 տոկոսով կամ 734.9 մլն դրամով։

Բյուջետային հատկացումների ավելացման, ֆինանսավորման համավճարային նոր մեխանիզմների ներդրման, վճարովի ծառայությունների գների մասնակի կարգավորման, ինչպես նաև հիվանդանոցային ծառայություններ մատուցող բուժհաստատություններում աշխատակիցների աշխատավարձերի վճարման մասնակի կանոնակարգման պայմաններում բժիշկների միջին աշխատավարձը 2010 թվականի 97.0 հազար դրամի դիմաց 2011 թվականին կազմել է շուրջ 170 հազար դրամ, բուժքույրերինը` համապատասխանաբար 52 և 70 հազար դրամ, մայրապետներինը` 47 և 57 հազար դրամ, մանկական ծառայության բժիշկներինը՝ 92 և 215 հազար դրամ։

Ստվերային շրջանառության աղբյուր էր նաև պոլիկլինիկաների կողմից զանազան տեղեկանքների տրամադրումը քաղաքացիներին։ ՀՀ կառավարությունը 2011 թվականի հունիսի 2‑ի որոշմամբ կասեցրել է քաղաքացիներից օրենքով չսահմանված որևէ տեղեկանք պահանջելը։

Բուժծառայության մատչելիության բարձրացման նպատակով կառավարությունը խթանել է կամավոր բժշկական ապահովագրության համակարգի զարգացումը, «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում գործատուների կողմից յուրաքանչյուր աշխատողի առողջության ապահովագրության համար կատարված ամսական 10000 դրամ ապահովագրավճարը սահմանել է որպես համախառն եկամտից նվազեցվող եկամուտ։ Օգտվելով ընձեռած հնարավորությունից` 2011 թ. հուլիսի 1‑ի դրությամբ 2677 ձեռնարկություն և կազմակերպություն պայմանագրեր են կնքել 23277 աշխատողների բժշկական ապահովագրության վերաբերյալ։

Առանձնահատուկ կարևորություն ունի կառավարության կողմից մարզերում իրականացվող բուժհաստատությունների արդիականացման ծրագիրը։ Կառավարությունը հիմնովին վերակառուցել է և բժշկական նորագույն սարքավորումներ տեղադրել Իջևանի, Հրազդանի, Արմավիրի, Արարատի Ապարանի, Գավառի և Գորիսի բժշկական կենտրոններում բուժկենտրոններով։ 2010 թվականին սկսվել են Շիրակի մարզի Գյումրու բժշկական նոր կենտրոնի կառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն 2012 թվականի գարնանը: Արդյունքում, Շիրակի մարզում կգործի միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից բժշկական կենտրոն, որը մարզի բնակչությանը կմատուց որակյալ և մատչելի բժշկական ծառայություններ: Հանրապետության 52 գյուղական համայնքներում նույն ժամանակահատվածում կառավարությունը կառուցել է 21 նոր և նորոգել 31 համայնքային ամբուլատորիա՝ տրամադրելով նաև ժամանակակից բժշկական սարքավորում, կահույք և բուժպարագաների ստանդարտ հավաքածու: Ընդհանուր առմամբ, այս ուղղությամբ կառավարությանն իրականացրել է 33 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում, որից 9.4 մլն դոլարը ՝ սարքավորման և կահույքի գծով։