2007‑2011 թվականների ընթացքում կառավարությունն իր ծրագրերը նպատակաուղղել է կրթական համակարգի բոլոր մակարդակներում կրթության որակի բարձրացմանը և շարունակական կրթության ապահովմանը։

Նախադպրոցական կրթության ոլորտում կառավարությունը նախաձեռնել է դպրոցահեն նախադպրոցական խմբերի ստեղծման ծրագիրը, որի փորձարկումն սկսել է 2010 թ. հունիսից՝ Արագածոտնի և Արարատի մարզերի 41 համայնքում։ Մինչև այս տարվա վերջ ծրագիրը կներդրվի ևս չորս մարզում՝ ընդգրկելով 130 համայնք և 5‑6 տարեկան 2334 երեխա։

Հանրակրթության ոլորտում կառավարությունն իրականացրել է շուրջ 590 դպրոցների հիմնանորոգում, վերակառուցում, ժամանակակից աշակերտական գույքով կահավորում, ինչպես նաև այդ դպրոցներն ապահովել է համակարգչային տեխնիկայով և ինտերնետային կապով՝ ընդլայնելով Հայաստանի դպրոցների ինտերնետային համացանցը։ Այժմ համացանցում ընդգրկված է 1405 դպրոց, կամ դպրոցների 93 տոկոսը: Բոլոր դպրոցներում կառավարությունը հիմնել է էլեկտրոնային գրադարաններ՝ 19 էլեկտրոնային ձեռնարկներով: Այժմ Հայաստանի դպրոցները հագեցված են 17000 համակարգչով, “համակարգիչ-աշակերտ” հարաբերակցությունը հասել է 22.5-ի, իսկ մեկ դպրոցին բաժին ընկնող համակարգիչների քանակը 2007 թ. 4.3-ի փոխարեն՝ 12-ի:

Դպրոցների տեխնիկական վերազինմանը համահունչ կառավարությունն իրականացրել է նաև դրանց կառավարման և դասավանդման բարեփոխումը։ Մասնավորապես, ներդրվել են ուսուցիչների ատեստավորման և դպրոցի տնօրենների հավաստագրման և վերապատրաստման նոր կարգերը։ Ներկայիս ավելի քան 1400 դպրոցի տնօրենից հավաստագիր է ստացել միայն 679‑ը։ Քննությունների արդյունքում հավաստագրվել են նաև 194 տնօրենի պաշտոնակատար ու 279 փոխտնօրեն և ուսուցիչ։ Հավաստագրված անձանց թույլ կտրվի մասնակցել դպրոցի տնօրենի մրցույթներին, որոնց ընթացակարգը կառավարությունն արդեն հաստատել է՝ ներառելով մրցույթների անցկացման թափանցիկության և հրապարակայնության ապահովման մեխանիզմներ։

Ավագ դպրոցների ձևավորման հարցում կառավարությունն ընդլայնել է դեռևս 2008 թվականին մեկնարկած փորձնական՝ 10 ավագ դպրոցների ստեղծման ծրագիրը` վերջիններիս թիվը հասցնելով 107‑ի, յուրաքանչյուր նորաստեղծ ավագ դպրոց նորոգել է և համալրել անհրաժեշտ տեխնիկայով և սարքավորումով, գործածության երաշխավորել 37 անուն դասագիրք և 12 անուն ուսուցչի ձեռնարկ։

Միջին մասնագիտական և նախնական (արհեստագործական) կրթության ոլորտում կառավարությունն իրականացրել է եվրոպական կրթական հիմնադրամի «Թուրինի գործընթաց»‑ում 2010 թվականին ներգրավվելու և վերջինիս պահանջներին համապատասխան մասնագիտական կրթությունը բարեփոխելու աշխատանքը։ Մասնավորապես, յուրաքանչյուր մարզում և մայրաքաղաքում ստեղծել է 12 տարածաշրջանային քոլեջ, նորոգել և վերակառուցել այդ քոլեջների շենքերն ու կառույցները, ամբողջովին նորացրել և վերազինել է դրանց նյութատեխնիկական բազան։ Միաժամանակ, իր կողմից հաստատված օպտիմալացման ծրագրով կառավարությունը 2010‑2011 թվականների ընթացքում միավորել և վերակազմավորել է 20 միջին մասնագիտական հաստատություն և արհեստագործական ուսումնարան, իսկ ևս 4 վարժարան‑քոլեջ՝ որպես բազային՝ միացրել համապատասխան բուհերին։

Բարձրագույն կրթության բարեփոխումը կառավարությունն իրականացրել է Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համապատասխան. հաստատել է բարձրագույն կրթության որակավորման ազգային շրջանակը, մշակել և ընդունել է բուհերի ֆինանսավորման ռազմավարությունը, վերանայել մասնագիտական կրթական ծրագրերի արտոնագրման պայմաններն ու պահանջները, կարգավորել ուսանողների շարժունության հիմնահարցը, ներդրել հետբուհական՝ հետազոտողի կրթական ծրագրի կրեդիտային համակարգը՝ սահմանելով ասպիրանտների համար 180 կրեդիտի պարտադիր պահանջը։ Կատարված քայլերի շնորհիվ կառավարությանը հաջողվել է ձերբազատվել շուկայում անորակ կրթական ծառայություն մատուցող 30‑ից ավելի բարձրագույն ուսումնական հաստատությունից՝ արտոնագրից զրկելու, մասնակի կասեցնելու կամ այլ բուհերի հետ դրանք միավորելու ճանապարհով։

Կառավարությունը նաև երիտասարդների համար ստեղծել է արտասահմանյան կրթօջախներում որակյալ կրթություն ստանալու հնարավորություն։ Այսպես, կրթության բնագավառում 2007‑2011 թվականներին ստորագրված 31 միջպետական համաձայնագրով 742 երիտասարդ գործուղվել է արտասահման բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու։ «Լույս» կրթական հիմնադրամի ստեղծմամբ 43 երիտասարդ` 2009/2010 թթ., 68‑ը` 2010/2011 թթ. և 143‑ը` 2011/2012 թթ. ուսումնական տարում աջակցություն է ստացել` ուսանելու աշխարհի լավագույն 25 համալսարաններում։

Սփյուռքահայ կրթօջախներին կառավարությունը 2007‑2011 թվականների ընթացքում տրամադրել է 169 հազար օրինակ ուսումնական գրականություն, վերապատրաստել 19 երկրների կրթօջախների 440 ուսուցչի, սփյուռքի համար պատրաստել 3500 մանկավարժական և մասնագիտական կադր։

Այս բնագավառում կառավարությունն աշխատանք է կատարել հետևյալ հիմնական ուղղություններով.

  • Հիմնադրել է Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան, որին կից ստեղծել է տարրական մասնիկների և միջուկային ֆիզիկայի նորարարության համալիր ծրագիր` երիտասարդ գիտնականների և ասպիրանտների համար։ Այսօր արդեն ծրագրում ընդգրկված են 11 երիտասարդներ, ովքեր կառավարության ֆինանսավորմամբ մասնակցել են համաշխարհային ճանաչում ունեցող Շվեյցարիայի և ԱՄՆ‑ի գիտակրթական կենտրոնների նախագծերին, տասնյակ միջազգային գիտաժողովների` ներկայացնելով բարձր էներգիաների ֆիզիկայի բնագավառում իրենց կատարած գիտական‑նորարարական աշխատանքները։
  • Նախաձեռնել է միջուկային բժշկության ծրագիրը, որի շրջանակում Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում կազմակերպել է «տեխնեցիում» ռադիոիզոտոպի արտադրությունը։ Հայաստանում գործող երկու գամմա‑խցիկներում այս ռադիոիզոտոպի կիրառմամբ հնարավոր է դարձել ավելի ճշգրիտ ախտորոշել օնկոհիվանդներին։ Զուգահեռաբար հիմնադրել է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ‑ն, որը բելգիական «ԱյԲիԷյ մոլեկուլյար» ընկերության հետ համատեղ սկսել է կառուցել ռադիոիզոտոպ արտադրող նոր ցիկլոտրոնը։ Վերջինս թույլ կտա Հայաստանում ստեղծել քաղցկեղի ախտորոշման և բուժման գերժամանակակից կենտրոն։ Այս նպատակին կառավարությունն արդեն հատկացրել է շուրջ 5.2 մլն եվրո։

Կրթություն‑գիտություն կապն ամրապնդելու համար կառավարությունն սկսել է գիտահետազոտական ինստիտուտների միացումը համալսարաններին, կրթական և գիտական ակադեմիաներին։