Պետական նպաստների բնագավառում կառավարությունն աշխատանք է կատարել երկու հիմնական ուղղություններով. առաջին՝ բարձրացնել ընտանեկան նպաստի ծրագրի հասցեականությունը` համակարգում ընդգրկելով առավել սակավապահովներին, և երկրորդ՝ հասցեականության բարձրացման շնորհիվ ավելացնել բոլոր տեսակի նպաստների չափերը։

Նշված ուղղություններով կառավարությունն իրականացրել է հետևյալ միջոցառումները`

  • կատարելագործել է բոլոր տեսակի նպաստառուների հաշվառման տեղեկատվական բազաները` ներդնելով գերատեսչություններից տեղեկությունների առցանց ստացման մեխանիզմը։ Դրա արդյունքում նպաստ ստանալու իրավունքը կորցրեց շուրջ 17000 ոչ անապահով ընտանիք և ընտանեկան նպաստի համակարգի հասցեականությունն աճեց 11 տոկոսով: Համաշխարհային բանկի փորձագետների գնահատմամբ, ՀՀ ընտանեկան նպաստի համակարգն իր հասցեականության ցուցանիշով լավագույն ծրագրերից է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում 1 :
  • հնարավորինս բացառել է տեղեկանքերի ստացման հարցում եղած անտեղի քաշքշուկը` տեղեկություն ստանալու գործողությունը գրեթե ամբողջովին թողնելով կառավարման մարմինների պատասխանատվությանը,
  • ընտանեկան նպաստի համակարգում 2011 թ. հունվարից փոխվել են նաև անասնապահությունից ստացվող եկամտի հաշվարկման նորմատիվները, որով մեկ կովը կամ դրան համարժեք այլ ընտանի կենդանին կամ թռչունը չեն հաշվարկվում ընտանիքի եկամտում,
  • սահմանամերձ մի շարք բնակավայրերի ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ բացառվել է հողօգտագործումից և անասնապահությունից ստացվող եկամտի հաշվարկը,
  • 2009 թ. նպաստի միջին ամսական չափը բարձրացրել է 25 տոկոսով, իսկ 2010 թ. մայիսի 1‑ից` ևս 35 տոկոսով։ 2011 թվականին հանրապետության շուրջ 100 հազար աղքատ ընտանիք 2007 թվականի 17.5 հազար դրամի փոխարեն ամսական միջին հաշվով ստացել է 27 հազար դրամ նպաստ,
  • ընտանեկան նպաստի համակարգից դուրս մնացած ընտանիքներին հատկացրել է հրատապ միանվագ դրամական օգնություն, որի չափը նույնպես 2009 թ. ավելացրել է 20 տոկոսով, իսկ 2010 թ.` ևս 35 տոկոսով. 2011 թվականին այն 13,500 դրամ է` 2007 թվականի 7000 դրամի փոխարեն,
  • 2009 թվականին էապես ավելացրել է բոլոր տեսակի պետական նպաստների չափերը. երեխայի ծննդյան միանվագ նպաստը հասցվել է 50 հազար դրամի (35 հազար դրամի փոխարեն)` 1‑ին և 2‑րդ երեխայի համար և 430 հազար դրամի (300 հազար դրամի փոխարեն)՝ 3 րդ և հաջորդող յուրաքանչյուր երեխայի համար, երեխայի խնամքի նպաստը բարձրացրել է 7 անգամ. այն ներկայումս 18 հազար դրամ է (2300 դրամի փոխարեն): Ընդ որում, նպաստի չափի բարձրացման արդյունքում շեշտակիորեն ավելացավ նաև նշված նպաստից օգտվող անձանց թիվը՝ շուրջ 3 անգամ։ Առաջին դասարան ընդունվող երեխաներ ունեցող ընտանեկան նպաստ ստացող ընտանիքները 2009 թվականից ստանում են 25 տոկոսով ավելի միանվագ գումար՝ դպրոցականի ծախսերը հոգալու համար, իսկ բազմազավակ նպաստառու ընտանիքները յուրաքանչյուր երեխայի համար այլ հավասար պայմաններում ստանում են ամսական 500‑ից 1500 դրամ հավելյալ գումար։

Համաշխարհային բանկի փորձագետների հաշվարկները ցույց են տվել, որ եթե կառավարությունը չկատարեր 2009 թվականի վերը թվարկված կենսաթոշակների և սոցիալական աջակցության ծրագրերի հավելումները, ապա աղքատության մակարդակը հանրապետությունում կլիներ ոչ թե 34.1 տոկոս (ինչպես արձանագրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը), այլ 51.7 տոկոս։ 2