Սոցիալական քաղաքականության ծրագրերը մշակելիս կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձրել բնակչության սոցիալապես խոցելի կամ հատուկ կարիքներ ունեցող կամ առանձնահատուկ մոտեցում պահանջող խմբերի` հասարակությանն ինտեգրվելու առավել ճկուն մեխանիզմների ներդրմանը։

Կառավարությունը անօթևան՝ միայնակ տարեցների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, մանկատների շրջանավարտների և այլ սոցիալական խմբերին պատկանող անձանց համար նախաձեռնել է «սոցիալական բնակարան» ծրագրի իրականացման գործընթացը։ Առաջին այդպիսի սոցիալական բնակարանների շենքերն արդեն կառուցվել են Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում, որտեղ առաջիկա ամիսներին կբնակեցվեն շուրջ 35 անօթևան ընտանիքներ: Բնակարաններն ապահովված են անհատական ջեռուցման համակարգով, նախատեսված է անվճար բուժսպասարկում, կան բոլոր անհրաժեշտ պայմանները՝ ինտեգրվելու քաղաքի հասարակությանը։

Կառավարությունն սկսել է «մանկատների բեռնաթափման» գործընթացը` նպատակ ունենալով մանկատանը բնակվող երեխաների խնամքը հնարավորինս տեղափոխել ընտանիք։ Այսպես,

  • ՀՀ կառավարությունն սկսել է «Զատիկ» մանկատան վերակազմավորումը երեխաների աջակցության կենտրոնի։ Այսինքն, երեխաների խնամքի հարցում աջակցելով սակավապահով ընտանիքներին` կառավարությունը խթանում է նրանց վերադարձն իրենց ընտանիքներ։
  • 2011 թվականին 22 ընտանիք խնամակալության է վերցրել 25 երեխայի, որոնցից յուրաքանչյուրի խնամքի համար կառավարությունն ամսական տրամադրում է 87 հազար դրամ։
  • 2008 թ. կառավարությունը կանոնակարգել է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների որդեգրման ընթացակարգերը, այդ թվում որդեգրման ենթակա երեխաների հաշվառման գործընթացը՝ այն համապատասխանեցնելով «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի կոնվենցիայի պահանջներին։
  • Կառավարությունը նախաձեռնել է իր կարևորությամբ կենսաթոշակային բարեփոխմանը համարժեք բարեփոխում սոցիալական ծառայությունների բնագավառում՝ նախատեսելով ներդնել ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը։ Նախատեսվում է մինչև տարեվերջ առնվազն 1 տարածքում իրականացնել փորձնական ծրագիր՝ կիրառելով «մեկ պատուհանի» սկզբունքը։ Սա նշանակում է մեր քաղաքացիներին մատուցել նոր որակի սոցիալական ծառայություններ, երբ քաղաքացին, այցելելով միասնական ընդունարան, լուծում կգտնի իր ցանկացած սոցիալական կարիքի համար։ Այս աշխատանքը ենթադրում է սոցիալական աշխատողի որակապես նոր ինստիտուտի ներդրում, երբ քաղաքացուն մատուցվող ծառայությունները հիմնված կլինեն նրա կարիքի գնահատման վրա, իսկ փաստաթղթերի հետ կապված աշխատանքը կիրականացվի քաղաքացու նվազագույն մասնակցությամբ։ Սրա շրջանակում կառավարությունն արդեն իսկ ամբողջ հանրապետությունում հատկացրել է շուրջ 5 տասնյակ միասնական ընդունարան ձևավորելու համար անհրաժեշտ շենքային տարածքներ, որոնք կնորոգվեն և կհամալրվեն նոր տեխնիկայով և գույքով ու անհրաժեշտ այլ պարագաներով (այդ թվում՝ տերմինալներով՝ քաղաքացիների ինքնասպասարկման համար), որով իրենց հիմնական տեղակայման վայրերն ու քաղաքացիներին լավագույնս սպասարկման անհրաժեշտ պայմանները կունենան նաև մեր բնակչության առնվազն 1/3‑ին սպասարկող սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները։

Կառավարությունը հաստատել է «Ներառական կրթություն իրականացնելու կարգը» և հետևողականորեն շարունակում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների՝ հանրակրթական դպրոցում ներառելու գործընթացը։ Անցած հինգ տարիների ընթացքում կրճատվել է հատուկ դպրոցների թիվը՝ 54‑ից հասնելով 24‑ի։ Դրա փոխարեն 62 հանրակրթական դպրոցում ներդրվել են ներառական կրթության մեթոդները և ընդգրկվել է 1651 երեխա (2007 թ. ներառական կրթություն իրականացվել է ընդամենը 14 հանրակրթական դպրոցում՝ 453 երեխայի ընդգրկմամբ)։

Հաշմանդամների ներգրավումն սպորտային միջոցառումներին ապահովելու համար կառավարությունն առաջին անգամ ֆինանսավորել է մեր մարզիկների մասնակցությունը պարալիմպիկ խաղերի ընտրական մրցումներին։

Հաշվի առնելով զինվորական ծառայությունից զորացրված երիտասարդների՝ բարձրագույն կրթությունը շարունակելու և կրթահամակարգին նորից ինտեգրվելու հետ կապված որոշակի դժվարությունները, կառավարությունն առաջին անգամ նրանց համար հաստատել է անվճար առկա ուսուցմամբ 141 տեղ՝ իրենց ավարտած բուհերի մագիստրատուրայում ուսումը շարունակելու համար։