Պետական բյուջեից ֆինանսավորվող ամենածավալուն սոցիալական ծրագիրը կենսաթոշակայինն է, որի շահառու է 518 հազար մարդ, և որին ուղղվել է պետական բոլոր ծախսերի 22‑23 տոկոսը։ Այս ոլորտում կառավարությունը բարեփոխում է իրականացրել երկու հիմնական ուղղություններով՝ կատարելագործել է պետական կենսաթոշակի գործող համակարգը և օրենսդրական հիմքեր է ստեղծել նոր՝ աշխատավարձի հետ ուղղակի կապ ունեցող և անձնական պատասխանատվության վրա հիմնված կուտակային կենսաթոշակի համակարգի ներդրման համար։ Այսպես՝

  • Կենսաթոշակի վճարմանն առնչվող կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով կառավարությունը 2011թ. հունվարի 1‑ից ներդրել է կենսաթոշակի վճարման անկանխիկ համակարգ, որից արդեն օգտվում է ավելի քան 78 հազար մարդ։ Ներկայումս յուրաքանչյուր վեցերորդ կենսաթոշակառու իր թոշակն ստանում է պլաստիկ քարտով, և այս գործընթացը շարունակվում է։
  • Կենսաթոշակ ստացողների վերաբերյալ տեղեկատվության ապամենաշնորհացման և «Հայփոստին» ու առևտրային բանկերին տվյալների բազաների տրամադրման ընթացքում կառավարությունը ճշգրտել է շուրջ 65 հազար անհատական տվյալ և ճշտելուց հետո է միայն վճարել կենսաթոշակ. այս գործընթացը նույնպես շարունակվում է։
  • Կանոնակարգվել է յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակի վճարման ենթակա գումարի ֆինանսավորման գործընթացը, որի արդյունքում ամսվա առաջին աշխատանքային օրը ֆինանսավորվում է բոլոր մարզերի և Երևան քաղաքի կենսաթոշակառուների՝ վճարման համար անհրաժեշտ գումարի պահանջը, և նրանք հնարավորություն են ունենում ամսվա 2‑րդ աշխատանքային օրվանից ստանալ իրենց հասանելիքը (հեռավոր բնակավայրերում՝ 3‑րդ աշխատանքային օրվանից. այն դեպքում, երբ նախկինում մարզերում կենսաթոշակի վճարումն սկսվում էր ամսվա 2‑րդ տասնօրյակում, երբ Երևան քաղաքում այն հիմնականում ավարտված էր լինում)։
  • Կենսաթոշակի վճարման գործընթացն արդյունավետ կազմակերպելուն և վճարման հասցեականությունն ապահովելուն ուղղված միջոցառումների արդյունքում 2011 թվականի միայն օգոստոս ամսվա համար սոցիալական ծրագրերի գծով իրականացված ֆինանսավորումը պակասել է շուրջ 700.0 մլն դրամով։ Շուրջ 650.0 մլն դրամով նվազել է նաև կենսաթոշակի վճարման ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից կենսաթոշակառուներին կենսաթոշակ վճարելուց հետո վերադարձվող գումարը։
  • 2007 2011 թվականների ընթացքում շարունակական բնույթ է կրել նաև կենսաթոշակի գործերի գույքագրումը։ Մասնավորապես, առկա տեղեկատվությունը փաստաթղթային հիմքերի հետ համադրելու արդյունքում հաշվարկվել է շուրջ 600 մլն դրամ գերավճար, իսկ 4563 գործով` 460 մլն դրամ թերավճար։ Հստակեցման շնորհիվ մեկ ամսվա կտրվածքով խնայվել է շուրջ 11.0 մլն դրամ։
  • Համապատասխան աշխատանք է կատարվել ձևավորելու պետական կենսաթոշակային համակարգի տվյալների կենտրոնացված միասնական շտեմարան, ուր կներառվեն բացառապես նույնականացված տվյալներով կենսաթոշակառուները։ Շտեմարանի տվյալներն ինքնաշխատ եղանակով, առցանց, համալրվելու (համադրվելու) են նաև բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների և ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի տվյալների հետ, ինչը հնարավորություն է տալիս առավելագույնս ապահովել պետական կենսաթոշակային ապահովության oրենսդրության կիրառումը։ Նախատեսվում է շտեմարանի ձևավորումն ավարտել 2012 թվականի հունիսին։
  • Կենսաթոշակի վճարման գործընթացի բարեփոխման, այդ թվում՝ ոչ ճիշտ նշանակված, հաշվարկված կամ կրկնակի նշանակված գործերը «մաքրելու», մահվանից հետո կենսաթոշակի վճարման դեպքերը բացառելու միջոցով կառավարությունը 2011 թվականին, խնայել է մոտ 10.6 մլրդ դրամի բյուջետային ծախս` միաժամանակ հնարավորություն ստեղծելով կենսաթոշակառուներին նույնպես խնայելու իրենց կենսաթոշակից «թոշակ բաժանողներին» տրվող գումարը։
  • Կենսաթոշակային ապահովության ոլորտում իրականացված աշխատանքի արդյունքում`
    • էապես նվազում են կոռուպցիոն ռիսկերը, պատահական և միտումնավոր սխալների հավանականությունը,
    • անհրաժեշտ նախադրյալներ են ստեղծվում ներդնելու և կիրառելու տեղեկատվական նոր համակարգ, որով ամբողջությամբ ավտոմատացված կլինեն թե՛ վերոնշյալ գործընթացները, թե՛ տեղեկատվական այլ համակարգերից տվյալների ստացման ընթացակարգերը և թե՛ ներքին կառավարման համակարգերը։

Պետք է նշել, որ կենսաթոշակային ապահովության ոլորտի տեղեկատվական ենթակառուցվածքները կատարելագործելու ուղղությամբ իրականացվող ծախսն ամբողջությամբ կատարվում է ներքին խնայողության հաշվին։

  • Կենսաթոշակային բարեփոխման կարևոր նպատակներից է կենսաթոշակի չափի շարունակական բարձրացումը։ 2007‑2011 թվականների ընթացքում կառավարությունը 3 անգամ կատարել է կենսաթոշակի համատարած ավելացում՝ բոլոր խմբերի կենսաթոշակառուների համար և ևս 2 անգամ՝ կենսաթոշակառուների առանձին խմբերի համար։ 2007 թվականի համեմատ կենսաթոշակի միջին մակարդակը 2011 թվականին աճել է 2.5 անգամ, իսկ բազաին կենսաթոշակը՝ 2.5 անգամ։
  • Արմատական փոփոխություններ են կատարվել նաև զինվորական կենսաթոշակառուների և զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող դրամական օգնության բնագավառում։ Հստակեցվեցին դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցողների կատեգորիաները, ինչը հնարավորություն տվեց էլ ավելի թիրախային դարձնել ոլորտում վարվող քաղաքականությունը։ Դրա արդյունքում աճեցին ծառայողական պարտականությունները կատարելիս`
    • հաշմանդամ դարձած հրամանատարական կազմի զինծառայողներին տրվող գումարները (կենսաթոշակ և դրամական օգնություն)` 31‑35 տոկոսով,
    • հաշմանդամ դարձած շարքային կազմի զինծառայողներին տրվող գումարը` 11‑18 տոկոսով,
    • զոհված շարքային (պայմանագրային) կազմի զինծառայողի ընտանիքի անդամներին տրվող գումարը` շուրջ 21 տոկոսով։

Նոր չափով գումարները հնարավոր եղավ վճարել 2011 թ. հուլիս ամսին` վճարելով 2011 թ. հունվարից վերահաշվարկված գումարների տարբերությունը։

Հստակեցման շնորհիվ ընտանեկան նպաստի ոլորտում իրականացված փոփոխություններին զուգահեռ զոհված զինծառայողի ընտանիքին տրվող դրամական օգնության չափը սահմանվել է 30000 դրամ, որին 2011 թվականի սեպտեմբերի 1 ից ավելացվել է յուրաքանչյուր երեխայի համար 20000 դրամ։

Միաժամանակ, 2011 թ. սեպտեմբերի 1‑ից 5000‑ական դրամով ավելացել են նաև Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին և նրանց հավասարեցված անձանց տրվող դրամական օգնության և ՀՄՊ վետերաններին տրվող պատվովճարի չափերը։

Վերը նշված լրացուցիչ միջոցները ևս նախատեսվում է ֆինանսավորել ներքին խնայողության հաշվին։