Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը մեծապես կարևորեց կառավարության դերը բյուջեի արդյունավետ վերաբաշխման և բնակչության սոցիալական պաշտպանության հարցում։ Կառավարությունը վերանայեց պետական բյուջեից ֆինանսավորվող բոլոր ծրագրերն այն տեսակետից, որպեսզի առավելագույնս ապահովի կատարվելիք ծախսերի սոցիալական ուղղվածությունը և բարձրացնի դրանց հասցեականությունը։ Անգամ ճգնաժամի պիկային տարիներին սոցիալական ոլորտներին՝ սոցիալական ապահովությանը, առողջապահությանն ու կրթությանն ուղղված միջոցների բաժինը պետական բյուջեի ծախսերում չիջավ 40 տոկոս սահմանագծից, և կառավարությունը կատարեց իր բոլոր սոցիալական պարտավորությունները։

Պետական բյուջեի սոցիալական ծախսերը չեն սահմանափակվել միայն սոցիալական ոլորտի առաջնահերթ ֆինանսավորմամբ։ Ցանկացած բյուջետային ծրագիր՝ ուղղված լինի տնտեսության իրական և ֆինանսական հատվածներին, թե համայնքային զարգացմանը, անցել է սոցիալական ազդեցության փորձաքննություն, և նախապատվությունը տրվել է առավելապես սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրին։ Այսպես, բոլոր հակաճգնաժամային և երկրի զարգացմանն ուղղված ծրագրերը մշակելիս և միջոցառումներն իրականացնելիս կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահել այդ ծրագրերի սոցիալական ուղղվածությունը, մասնավորապես, նոր աշխատատեղերի ստեղծումը և հների պահպանումը։ Այդպիսի վառ օրինակներից են արդյունաբերական խոշոր ընկերություններին արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրումը, պետական երաշխիքների հատկացումը կառուցապատողներին, ՓՄՁ ոլորտի աջակցությունը, արտոնյալ պայմաններով գյուղացիական վարկերի տրամադրումը։ Միայն թվարկված ծրագրերի իրականացման շնորհիվ կառավարությանը հաջողվեց պահպանել ավելի քան 15 հազար աշխատատեղ և շուրջ 13 հազար գյուղացիական տնտեսության ապահովել զբաղվածություն։

Կառավարությունը բյուջետային ծախսերի գերակշիռ մասն ուղղել է բնակչության սոցիալական խնդիրների լուծմանը։

Սոցիալական պաշտպանության գծով բյուջետային ծախսերը (մլրդ դրամ)