ՓՄՁ‑ների բեռի թեթևացման նպատակով կառավարությունն ընդունեց որոշում, որով արգելվեցին մինչև 70 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների տեսչական ստուգումները։ Եվ եթե 2008 թվականի վերջին 2 եռամսյակների տվյալներով պետական մարմինները կազմակերպել են 15663 ստուգում, ապա 2010 թվականի նույն ժամանակաշրջանի ընթացքում իրականացվել է ընդամենը 331 ստուգում։ Ակնհայտ է, որ այս միջոցառման շնորհիվ էականորեն կրճատվել են կոռուպցիոն ռիսկերը, որոնք հատկապես վնաս են հասցնում փոքր և միջին բիզնեսին։ Չնայած նախապես որոշումը պետք է ծառայեր որպես հակաճգնաժամային գործիք, սակայն հաշվի առնելով դրա կիրառման դրական արդյունքը և այն, որ տեսչական բարեփոխման հիմքում դրվել է ռիսկերի վրա հիմնված ստուգման գաղափարը, որոշումը շարունակեց գործել նաև 2011 թվականին։

ՀՀ կառավարությունը նախաձեռնեց Հայաստանի տեսչական համակարգի բարեփոխման գործընթաց, որի իրականացումն սկսվեց 2009 թվականին և նախատեսվում է ավարտին հասցնել 2013 թվականին։

Բարեփոխումների շրջանակում 2011 թվականին «ՀՀ‑ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում կատարվեցին լրջագույն փոփոխություններ, որոնց արդյունքում`

  • Ստուգում իրականացնող բոլոր մարմինները պետք է ներդնեն ռիսկի վրա հիմնված ստուգման համակարգ և ստուգումը ծրագրեն` ելնելով տնտեսվարող սուբյեկտի ռիսկայնությունից։
  • Ստուգում իրականացնող մարմինները պարտադիր հրապարակում են ստուգման տարեկան ծրագրերը և փաստացի իրականացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ տարեկան հաշվետվությունները։
  • Ստուգում իրականացնող մարմինները, բացառությամբ սահմանված մարմինների, պարտավոր են մշակել և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել իրենց ոլորտի ստուգաթերթերը և ստուգում իրականացնել բացառապես ստուգաթերթերի հիման վրա։
  • Բարձր ռիսկայնության խումբը սահմանափակված է տնտեսվարող սուբյեկտների մինչև 20 տոկոսով։ Ընդ որում, բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների թիվը կազմում է տվյալ տարում ստուգման ենթակա տնտեսվարող սուբյեկտների առնվազն 70 տոկոսը, իսկ ցածր ռիսկայնության խմբում ընդգրկվածները` առավելագույնը 5 տոկոսը։
  • Սահմանվել է միևնույն պետական մարմնի կողմից միևնույն տնտեսվարող սուբյեկտի ստուգման հաճախականությունը (կախված տնտեսվարող սուբյեկտի ռիսկայնության աստիճանից)`
    • բարձր ռիսկայնության սուբյեկտներ` ոչ ավելի հաճախ, քան տարեկան 1 անգամ.
    • միջին ռիսկայնության սուբյեկտներ` ոչ ավելի հաճախ, քան 3 տարին 1 անգամ.
    • ցածր ռիսկայնության սուբյեկտներ` ոչ ավելի հաճախ, քան 5 տարին 1 անգամ։
  • Այն գերատեսչությունները, որոնք չեն ունենա ռիսկի վրա հիմնված ստուգման համակարգ, ինչպես նաև մշակված, հաստատված և հրապարակված ստուգաթերթեր, միևնույն տնտեսվարող սուբյեկտի մոտ կարող են ստուգում իրականացնել 5 տարին մեկ անգամ։

Նախատեսված է ունենալ տեսչական համակարգի արդյունավետ մոդել, նվազեցնել կրկնորդումները, օպտիմալացնել պետական ծախսերը, նվազեցնել ստուգումների քանակը, սպառողների համար ապահովել անվտանգ և վստահելի միջավայր։