Կառավարության ընդունած որոշման հիման վրա վերացվեց մինչև 1500 քառ. մետր մակերես ունեցող շինությունների համար բնապահպանական փորձաքննություն անցկացնելու պահանջը։

2011 թվականի մարտին ընդունված որոշման հիման վրա պարզեցվեց շինարարության ողջ գործընթացը՝ թույլտվություն ստանալուց մինչև շինարարության փաստագրման ակտն ստանալը։

Կառուցապատման ընթացակարգ սահմանող իրավական ակտերում կատարվեցին անհրաժեշտ լրացումներ և փոփոխություններ՝ կիրառելով միջազգային պրակտիկայում ընդունված մոտեցումը, համաձայն որի` կառուցապատման ընթացակարգը տարբերակվում է ըստ քաղաքաշինական օբյեկտի ռիսկայնության աստիճանի։ Ընթացակարգի փոփոխությունն առաջին հերթին ենթադրում է վարչական գործընթացների համար պահանջվող ժամկետի և քայլերի տարբերակում, ինչը պայմանավորված է քաղաքաշինական օբյեկտի ռիսկայնության աստիճանով։ Ընդ որում, ցածր ռիսկայնության օբյեկտի կառուցման համար շինարարական թույլտվություն ստանալու պահանջ ընդհանրապես չի սահմանվել։

Ընթացակարգային պարզեցումը ենթադրում է նաև մի շարք քայլերի համախմբում և կրճատում՝ անհրաժեշտության դեպքում որոշ գործառույթների իրականացումը վերապահելով պետական մարմիններին, այլ ոչ թե կառուցապատողներին։ Այսպես`

  • Եթե նախկինում կառուցապատողը նախագծի համաձայնեցումն ու հաստատումն ապահովելու համար պետք է առանձին դիմումներ ներկայացներ ջրամատակարարման մարմին, հեռահաղորդակցության օպերատորին, էլեկտրականության մատակարարին, ապա այսօր այդ ամբողջ գործընթացն իրականացվում է նախագծման թույլտվություն տրամադրող մարմնի միջոցով։ Մատակարարող ծառայությունները նախագծման թույլտվության տեխնիկական պայմանները տրամադրում են նախագծման թույլտվություն տրամադրող մարմնին` կառուցապատողին ազատելով ավելորդ քաշքշուկից և ծախսից։
  • Ճարտարապետա- հատակագծային առաջադրանքը և դրա անբաժանելի մաս հանդիսացող տեխնիկական պայմանները կառուցապատողին տրամադրվում են անվճար։
  • Այսուհետև II կատեգորիայի դասակարգում ունեցող օբյեկտների համար նախագծային փաստաթղթերի փորձաքննությունը պարտադիր չէ։
  • Այսուհետև չի պահանջվում լրացուցիչ իրազեկում II և III ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար, եթե առկա է նախագծվող տարածքի համար հասարակության իրազեկման ընթացակարգերը սահմանված կարգով անցած և հաստատված գոտևորման նախագիծ։

Եթե նախկինում մինչև 1500 քառ. մետր մակերեսով օբյեկտ կառուցելու համար պահանջվում էր կատարել 20 քայլ և ծախսել 137 օր, ապա իրականացված բարեփոխումից հետո գործընթացն ավարտին հասցնելու համար կպահանջվի ընդամենը 7 քայլ և 27 օր։