Արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող տնտեսվարողների համար բիզնես միջավայրն էապես բարեփոխվեց, մասնավորապես.

  • էապես կրճատվել են ապրանքատեսակների արտահանման համար պահանջվող փաստաթղթերն ու ընթացակարգերը։
  • Կրճատվել է ներմուծման պահին պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների ցանկը` 65‑ից նվազեցվելով 16‑ի։
  • Պարզեցվել է արտահանվող երկակի նշանակության ապրանքների համար համապատասխան փորձագիտական տեղեկանք տալու ընթացակարգը. կրճատվել է փորձաքննություն իրականացնելու ժամկետը՝ 1 ամսից դառնալով առավելագույնը 10 օր, ինչպես նաև փորձաքննության վճարը՝ 180.000 դրամից դառնալով 60.000 դրամ։
  • Կրճատվել են տնտեսվարող սուբյեկտների կողմից հավաստագրման գործընթացի համար ծախսվող ժամանակը և ծախսը։ Մասնավորապես, սերիական արտադրության ապրանքների համար պարբերաբար ծագման երկրի հավաստագիր կտրամադրվի միայն առաջին անգամ փորձաքննություն իրականացնելով։
  • Ներդրվել է ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման «Մեկ պատուհանի» սկզբունքը. հավաստագիր ստանալու համար տնտեսվարողը դիմում է միայն մեկ պետական կառույցի՝ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ, որտեղից էլ այնուհետև ստանում է հավաստագիրը։ Տնտեսվարողներն այսուհետև կարող են համապատասխանության պարտադիր հավաստման գործընթացն իրականացնել մաքսազերծումից հետո` մինչև իրացնելը։ Արդյունքում կրճատվում են մաքսային ձևակերպման համար պահանջվող փաստաթղթերը և ժամանակը։