Կառավարությունը 2011 թվականի ապրիլից իրավաբանական անձանց գրանցման բնագավառում ներդրեց «Մեկ պատուհանի» սկզբունքը, ինչի արդյունքում իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հիմնադրելու ցանկություն ունեցող անձը պետք է այցելի միայն մեկ կառույց` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կազմում գործող իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի գործակալություն, որը փաստաթղթերն ընդունելուց հետո ինքն է իրականացնում բոլոր ընթացակարգերը` համագործակցելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության և այլ մարմինների հետ։

Այսպիսով, եթե նախկինում ընկերությունը գրանցելու համար անհրաժեշտ էր այցելել 6 մարմին, ապա այսօր բավական է այցելել միայն մեկ կառույց, որն ապահովում է`

  • ֆիրմային անվանման,
  • հարկային հաշվառման համարի,
  • ապահովադրի հաշվառման համարի տրամադրումը,
  • պետական գրանցումը կամ հաշվառումն իրականացնելու համար անհրաժեշտ այլ գործընթացներ։

Այսպիսով, պարզեցվել է ընկերության հիմնադրման ընթացակարգը, կրճատվել է դրա համար պահանջվող ժամանակը՝ նախկին 20‑ի փոխարեն հասնելով մինչև առավելագույնը 2 օրվա։ Վերացվել է նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման պահանջը. դրա փոխարեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել ցանկացող ֆիզիկական անձը հաշվառվում է գրանցող մարմնի կողմից։

2011 թվականի ապրիլից գործում է նաև ինտերնետային www.e‑register.am կայքը, որի միջոցով իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի գործակալության կողմից մատուցվող ծառայությունը հասանելի է դարձել էլեկտրոնային եղանակով։ Համակարգը հնարավորություն է տալիս գրանցել իրավաբանական անձ /անհատ ձեռներեցի դեպքում՝ հաշվառել ֆիզիկական անձ/ հաշված րոպեների ընթացքում՝ գործընթացի ժամանակատարությունը հասցնելով նվազագույնի։

Իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի գործակալության «Մեկ պատուհան» համակարգի և www.e‑register.am կայքի մեկնարկին հաջորդող առաջին 4 ամիսների ընթացքում արդեն իրականացվել է 4359 պետական գրանցում/հաշվառում, որից 3436‑ը՝ անհատ ձեռնարկատեր, 923‑ը՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն։ Ընդ որում, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման գործընթացը համակարգի միջոցով միջին հաշվով տևել է 13‑14 րոպե։

  • Կառավարությունը փոփոխություններ կատարեց նաև բոլոր այն իրավական ակտերում, որտեղ սահմանվում էր փաստաթուղթը պարտադիր կնքված լինելու պահանջ՝ կնիքի փոխարեն նախատեսելով նույնականացման այլ միջոցներ, ինչպիսին է, օրինակ, էլեկտրոնային ստորագրությունը։
  • Կառավարությունը կրճատել է ընկերությունների լուծարման պետական գրանցման գործընթացի ժամկետը. անհատ ձեռներեցի լուծարման գրանցումը տեղի է ունենում մեկ օրում նախկին 30‑ի փոխարեն, իսկ մնացած իրավաբանական անձանց լուծարման գործընթացի պետական գրանցումը նախկին 30‑ի փոխարեն կատարվում է 20 օրում։
  • ՀՀ կառավարությունը նախաձեռնեց օրենսդրական փոփոխություններ, որոնց արդյունքում 2011 թվականի հունվարի 1‑ից էապես կրճատվեցին լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները։ Լիցենզավորման համակարգի պարզեցման համար կիրառվել են հետևյալ սկզբունքները.

Պարզ ընթացակարգով լիցենզավորում սահմանվել է գործունեության այն տեսակների համար, որոնց դեպքում պետությանն անհրաժեշտ են միայն գործունեությունն իրականացնողի տվյալները՝ հաշվառում կատարելու համար։

Բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաները սահմանվել են գործունեության այն տեսակների համար, որոնցով զբաղվելու դեպքում կազմակերպչի համար նախատեսված են պարտադիր նախնական պայմաններ և պահանջներ, որոնցով նա պետք է ապահովված լինի, որպեսզի իրավունք ունենա զբաղվելու տվյալ գործունեությամբ։ Այդ պայմանները պետք է ապահովեն սպառողների շահերը, պետական համակարգերի (օրինակ` ֆինանսական, էներգետիկ, առողջապահական և այլն) կայուն գործունեությունը։ Միաժամանակ այդ գործունեությունը պետք է առնչվի բնակչության լայն հատվածի հետ։

Գործող 157 բարդ և 12 պարզ (ընդամենը 169) ընթացակարգով տրամադրվող լիցենզիաների փոխարեն սահմանվեցին 84 բարդ և 12 պարզ (ընդամենը 96) ընթացակարգով տրամադրվող լիցենզիաներ, կամ լիցենզավորման ենթակա գործունեության 73 տեսակ կրճատվել կամ համախմբվել է։

Լիցենզավորման գործընթացն էլ ավելի պարզեցնելու նպատակով 2010 թվականի 2‑րդ կիսամյակից ֆիզիկական և իրավաբանական անձինք լիցենզավորման ենթակա որևէ գործունեությամբ զբաղվելու համար կարող են օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերի պատճենները համապատասխան լիցենզավորող մարմին ներկայացնել էլեկտրոնային համակարգի միջոցով։