Կառավարությունը ԱԱՀ հարկման շեմը նախկին 3 մլն դրամի փոխարեն բարձրացրեց մինչև 58.3 մլն դրամ։ Այս փոփոխությունն էապես հեշտացրեց հարկային վարչարարությունը բոլոր այն ՓՄՁ տնտեսվարողների համար, որոնք նախկինում համարվում էին ԱԱՀ վճարող. դրանց թիվը 32 հազար է։

  • Ներդրվել է ԱԱՀ‑ի հարկային հաշիվների էլեկտրոնային եղանակով դուրս գրման սկզբունքորեն նոր համակարգ:
  • Ներդրվել են հարկ վճարողների հարցումներով պաշտոնական և ընթացիկ պարզաբանումների տրամադրման հստակ ընթացակարգեր,
  • Գործարկվել են հարկ վճարողների սպասարկման 3 կենտրոններ՝ Երևանում և Վանաձորում, և հարկ վճարողների սպասարկման 4 սրահներ՝ այցելուների իրազեկումը մասնագիտացված կերպով ապահովելու նպատակով,
  • Ներդրվել է ԱԱՀ ավտոմատ վերադարձման համակարգ,
  • Կառավարության նախաձեռնած մի շարք օրենսդրական բարեփոխումների արդյունքում էապես կրճատվեցին հարկային մարմիններ ներկայացվող հաշվետվությունների քանակը և պարբերականությունը.
    • ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ կազմակերպությունները, անկախ ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից, այսուհետև հարկային մարմին չեն ներկայացնում ֆինանսական հաշվետվություններ (Ձև 1 և Ձև 2)։ Իրավական ակտերում կատարված փոփոխություններով հանվել են նաև պետական վիճակագրական հաշվետվությունների 1‑Ֆ և 2‑Ֆ ձևերը,
    • ԱԱՀ ամսական հաշվետվության ներկայացման պահանջը վերացվել է այն տնտեսվարողների համար, որոնց տարեկան շրջանառությունը փոքր է 100 մլն դրամից` նախկին 60 մլն դրամի փոխարեն,
    • ռեզիդենտ կազմակերպությունները շահութահարկի կանխավճարը և շահութահարկի նվազագույն վճարումն այսուհետև կատարում են եռամսյակը մեկ` նախկին ամսականի փոխարեն,
    • ոչ ռեզիդենտներին եկամուտ վճարելիս հարկային գործակալները վճարված եկամտի և պահված շահութահարկի վերաբերյալ ամփոփ հաշվարկը ներկայացնում են տարին մեկ անգամ` նախկին եռամսյակի փոխարեն,
    • անկախ վարձու աշխատողների քանակից` գործատուները հարկային մարմին պարտադիր սոցիալական ապահովության վճարի հաշվետվությունը ներկայացնում են եռամսյակը մեկ` նախկին ամսականի փոխարեն,
    • շահութահարկ վճարող իրավաբանական անձինք այլևս չեն ներկայացնում հաշվապահական հաշվեկշիռ, շահութահարկի և ֆինանսական արդյունքների հաշվետվություն` սահմանափակվելով միայն հարկային մարմնի հաստատած շահութահարկի հաշվետվության ներկայացմամբ։

Կառավարությունը տնտեսվարողներին հնարավորություն ընձեռեց հաշվետվությունը հարկային մարմին ներկայացնել էլեկտրոնային եղանակով։ Հարկային հաշվետվության ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով այսօր արդեն կարելի է ներկայացնել 39 տեսակի հաշվետվություն, ընդ որում համակարգն անընդհատ կատարելագործվում է՝ ընդգրկելով հաշվետվությունների նոր տեսակներ։ Էլեկտրոնային հաշվետվության համակարգից օգտվող հարկատուների թիվը հասել է 6100‑ի։

Նշված միջոցառումների արդյունքում նվազագույնի է հասցվում հարկատու‑հարկային տեսուչ ֆիզիկական շփումը` նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը, խնայելով հարկատուի ժամանակը և ռեսուրսները։

  • Ներդրվել է մաքսային ծառայության TWM ավտոմատ համակարգչային ծրագրում կիրառվող «կանաչ ուղին»։
  • Արտոնագրային վճարների մեխանիզմի ներդրման միջոցով պարզեցվել է համակարգը գերփոքր տնտեսվարողների համար։ Հաշվառում վարելուց և հարկային հաշվետվություն ներկայացնելուց ազատված են ֆիզիկական անձ այն տնտեսվարողները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 6 մլն դրամը, և որոնք չունեն վարձու աշխատող։
  • Ներդրվել է գերավճարների վերադարձն ուշացնելու դեպքում պետության կողմից հարկ վճարողին տույժի վճարման համակարգը։