«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար 2007-2011 թթ. Ներդրվել է 195 մլն ԱՄՆ դոլար, որը շուրջ 110 մլն ԱՄՆ դոլարով ավելի է նախորդ 5 տարում` 2002-2006 թթ. ներդրված գումարից: «Զվարթնոց» hամալիրի շահագործումը հնարավորություն կտա բարձրացնել օդանավակայանի թողունակությունը։ Գրեթե կկրկնապատկվեն առկա բոլոր կառուցվածքները, հաշվառման սեղանների թիվը նախկին 24‑ի փոխարեն կդարձվի 48, անվտանգության զննման անցակետերը նախկին 2‑ի փոխարեն կլինեն մինչև 5, սահմանային անցակետերը նախկին 24‑ի փոխարեն` 36։ Անկասկած, այս աշխատանքները կհանգեցնեն ուղևորափոխադրման սպասարկման որակի բարձրացմանը, ընթացակարգերի պարզեցմանը և նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը, օդանավակայանն էլ ավելի կհամապատասխանի միջազգային չափանիշներին։

2010 թվականին կառավարությունը համապատասխան փոփոխություն կատարեց և վերացրեց ՀՀ‑ից օդային ուղևորների ելքի պետական տուրքի առանձին գանձումը։

Հաստատվել է փոքր ավիացիայի զարգացման հայեցակարգը, մշակվել և կազմվել են աերոնավիգացիոն քարտեզներ, կարգավորվել է փոքր ավիացիայի թռիչքների իրականացման ապահովումը։

Արմատապես փոխվել են ավիաուսումնական կենտրոնի ուսուցման մեթոդներն ու պահանջները, ինչի շնորհիվ կատարվում են օդաչուների ստուգողական թռիչքներ «Դայմոնդ» տիպի օդանավով։

Կատարված հետևողական աշխատանքի շնորհիվ վերջին տարիներին նոր չվերթներ են բացվել դեպի Ռիգա, Վարշավա, Ցյուրիխ, Բարսելոնա, Մադրիդ, Մարսել, Հռոմ, Թել‑Ավիվ, Դելի, Աստրախան, Բրյանսկ և Թբիլիսի ուղղություններով, ինչպես նաև ավելացել է նախկինում շահագործվող չվերթների շաբաթական հաճախականությունը, ինչը նպաստել է չվերթների թվի ավելացմանն ու ուղևորափոխադրման աճին։

Ուղևորների քանակը 2007 թվականի 1 մլն 200 հազարից ավելացել է և 2011 թվականին կազմել 1 մլն 700 հազար: Այսինքն՝ 2007-ից 2011 թվականներին գրանցվել է 29 տոկոս աճ: Ընդ որում, 2011 թվականի աճը 2010 թվականի համեմատ կազմել է 6.2 տոկոս՝ շուրջ 40 հազար ուղևոր: