2007 թվականին ՀՀ Կառավարության կողմից ձեռնարկված մակրոտնտեսական համախումբ լուծումների հետևանքով հնարավոր եղավ խուսափել 2008 թվականին սկիզբ առած համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամը, սակայն նույնը տեղի չունեցավ նույնը տեղի չունեցավ 2009 թվականին, երբ ճգնաժամը տարբեր խողովակներով (երկիր ներհոսող տրանսֆերտների կրճատում, մետաղների միջազգային գների կտրուկ անկում, արտահանման պահանջարկի նվազում` արտահանման շուկաներ համարվող երկրներում տնտեսական անկման պատճառով, օտարերկրյա ներդրումների կրճատում) ներթափանցեց նաև ՀՀ տնտեսություն` 2009 թվականին հանգեցնելով 14.1 տոկոս տնտեսական անկման և միջնաժամկետում մակրոտնտեսական կայունության խախտման վտանգին։ Տնտեսական ճգնաժամը նկատելի դարձրեց ՀՀ տնտեսության կառուցվածքի դիվերսիֆիկացման և վերափոխման խիստ անհրաժեշտությունը, ինչին և անմիջապես ձեռնամուխ եղավ կառավարությունը` որդեգրելով տնտեսության արտադրողական ճյուղերի օժանդակման և աջակցման ռազմավարություն։

Այդ իրավիճակում կառավարության որդեգրած քաղաքականության նպատակն է եղել արագորեն շտկել ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով ստեղծված մակրոտնտեսական անկայուն վիճակը (կասեցնել խորացող տնտեսական անկումը), վերադառնալ տնտեսական վերելքի փուլ և հետագայում ստեղծել երկարաժամկետ կայունության ապահովման հիմքեր։

Կառավարությունն առաջին հերթին ձեռնամուխ եղավ հետևյալ խնդիրների իրականացմանը.

  • Կարճաժամկետում հակազդել տնտեսական անկմանը և նպաստել տնտեսության համախառն պահանջարկի աճին
  • Ստեղծել արտադրության ընդլայնման և համախառն առաջարկի աճի խթաններ։

Նշյալ նպատակների արդյունավետությանը հասնելու համար գործի դրվեց ընդլայնողական հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության ամբողջ գործիքակազմը, ինչի շնորհիվ պետական բյուջեի պակասուրդը 2007 թվականի 1.5 տոկոսից 2009 թվականի ընթացքում հասավ 7.6 տոկոսի, իսկ Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը նույն ժամանակահատվածում կտրուկ իջեցվեց 2.25 տոկոսային կետով: Արդյունքում տնտեսության մեջ տարբեր խողովակներով ներարկվեց մեծածավալ լիկվիդայնություն, և որպես հետևանք արդեն իսկ ճգնաժամի տարվա կեսից տնտեսական անկման ցուցանիշը, որը հուլիսին կազմեց 18.5 տոկոս, սկսեց նվազել, իսկ տարվա վերջին հասավ 14.1 տոկոսի։

2010 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, չնայած արձանագրվող տնտեսական աշխուժացմանն ու վերականգնմանը, բախվեց մեկ այլ մարտահրավերի` առաջարկի գնաճի, որը միջնաժամկետում կարող էր էապես վտանգել մակրոտնտեսական կայունությունը։ 2010 թվականն ավարտվեց 2.1 տոկոս տնտեսական աճով 1 ` կրելով նաև կառավարության վարած ընդլայնողական քաղաքականության ազդեցությունը, սակայն 12‑ամսյա գնաճի ցուցանիշը հասավ 9.4 տոկոսի։ Պետք է նշել, որ 9.4 տոկոս գնաճի միայն 7.0 տոկոսային կետն էր պայմանավորված առաջարկի գործոններով, որոնց վրա, ինչպես տնտեսագիտական ակադեմիական աշխարհը և երկրների փորձն են փաստում, հակազդելու տնտեսական գործիքակազմը բացակայում է։ Այսպես` ձևավորված գնաճի միայն 5.0 տոկոսային կետը գյուղատնտեսական ապրանքների գների կտրուկ աճի պատճառով է եղել, որն էլ արդյունք էր գյուղմթերքների (բուսաբուծության) առաջարկի կտրուկ` մոտ 20.3 տոկոս կրճատման, իսկ վերջինս էլ պայմանավորված էր տարվա ընթացքում ձևավորված բնակլիմայական անբարենպաստ պայմաններով։ Գնահատված է, որ գնաճի 2.0 տոկոսային կետը միջազգային շուկաներում պարենի և հումքային ապրանքների սրընթաց բարձրացման հետևանքով է եղել, ինչը ներմուծվող ապրանքների գների միջոցով ներթափանցել է շուկա։ Երկրների միջազգային փորձը և տնտեսագիտական գրականությունը փաստում են, որ առաջարկի գնաճին կտրուկ արձագանքելը մակրոտնտեսական երկու կարևոր` հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների միջոցով կարող է հանգեցնել տնտեսության այլ ճյուղերի զարգացման ճնշմանը, առավել ևս, որ Հայաստանի համար 2010 թվականը հետճգնաժամային վերականգնման տարի էր, իսկ երկարաժամկետ տնտեսական աճի ապահովումը` նախապատվություն։ Ուստի կառավարությունը, Կենտրոնական բանկի հետ համատեղ, 2010 թ. ընթացքում չդիմեց հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության կտրուկ կոշտացման, ինչը հղի էր տնտեսությունը ստագֆլ յացիայի մեջ գցելու վտանգով։2 Փոխարենը որդեգրվեց մեկ այլ` գնաճ‑տնտեսական աճ նախապատվությունները հավասարակշռելու ռազմավարությունը, քանի որ երկարաժամկետում երկուսն էլ կարևոր են և փոխկապակցված, իսկ մակրոտնտեսական կայունությունը բնութագրվում է տնտեսական աճով և ցածր գնաճով։

Ինչ վերաբերում է ՀՀ տնտեսությանը, ապա կառավարության որդեգրած մակրոտնտեսական քաղաքականության համատեքստում բյուջեի պակասուրդի նվազեցման քաղաքականությունը (2009 թվականի ՀՆԱ‑ում 7.6 տոկոսից մինչև 2.4 տոկոս 2014 թվականին), որի արդյունքում կտրուկ կկրճատվի նաև ընթացիկ հաշվի պակասուրդը (2009 թվականի ՀՆԱ‑ում 15.8 տոկոսից մինչև 7.9 տոկոս 2014 թվականին) միջազգային կառույցների կողմից գնահատվեց խելամիտ և մակրոտնտեսական կայունություն ապահովող։ 3

Այսպիսով, նախ անհրաժեշտ էր զսպել գնաճային սպասումները, որոնք ձևավորվել էին առաջարկի գնաճի հետևանքով։ Դրա համար 2011 թվականի սկզբից Կենտրոնական բանկն աստիճանաբար սկսեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսները, իսկ կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակեց դրսևորել պահպանողական վարքագիծ։ Երկրորդ, կառավարությունն անմիջապես ձեռնամուխ եղավ գյուղատնտեսական առաջարկի խթանման քաղաքականությանը, որպեսզի չեզոքացնի նախորդ տարվա գյուղմթերքի գների բարձր մակարդակի ձևավորման ազդեցությունն ընդհանուր գնաճի վրա։ Երրորդ, գործադիրը խիստ հսկողության տակ պահեց առաջին անհրաժեշտության ապրանքների շուկաներում գնագոյացման ամբողջ շղթան, որպեսզի թույլ չտա սպառողական շուկաներում գների անհարկի բարձրացում։ Չորրորդ, կառավարությունը Կենտրոնական բանկի հետ համատեղ մշակեց և իրականացրեց ապադոլարացման քաղաքականություն, որպեսզի փոխարժեքի սպեկուլ յատիվ արժեզրկում տեղի չունենա, ինչը ներմուծված ապրանքների գների միջոցով նորից կարող էր գնաճ ստեղծել։

Արդյունքում 12-ամսյա գնաճի ցուցանիշը 2011 թ. մարտի 11.5 տոկոսից 2011 թվականի տարեվերջին կտրուկ նվազեց մինչև 4.7 տոկոս: Միևնույն ժամանակ իրականացված քաղաքականության շնորհիվ տնտեսական աճը 2011 թվականին կազմեց 4.6 տոկոս։ Նշված ցուցանիշները վկայում են, որ իրականացված մակրոտնտեսական քաղաքականությունը խելամիտ է եղել արտաքին շոկերի կլանման և մակրոտնտեսական կայունության ապահովման գործում։

Պետք է նշել նաև, որ տնտեսական ճգնաժամի տարում որպես համընդհանուր վարքագիծ երկրների կառավարությունները ձևավորեցին բյուջեի մեծ պակասուրդներ։ Սակայն հարկաբյուջետային, հետևաբար և մակրոտնտեսական կայունության ապահովման տեսանկյունից կարևոր է «ելքի ռազմավարություն» որդեգրելը։ Սա ենթադրում է, որ երկրները պետք է սահուն իջեցնեն բյուջեի պակասուրդների մակարդակը, որպեսզի չբախվեն ճգնաժամի նոր վտանգին։ Շատ երկրներ ձախողեցին դրա իրականացումը։

ՀՆԱ կառուցվածքը 2008 եւ 2010 թվականներին