Մենք ունենք երկրի զարգացման հստակ ու իրականանալի տեսլական: Մեր ռազմավարական նպատակն է այնպիսի Հայաստանի կառուցումը, որը կմիավորի համայն հայությանը` պահպանելով ու զարգացնելով ազգային ավանդույթները եւ օգտագործելով համաշխարհային քաղաքակրթության լավագույն ձեռքբերումները:
Հայաստանում, որին մենք ձգտում ենք, պետք է տիրի փոխադարձ հարգանքի, սիրո եւ ներողամտության մթնոլորտ:
Հայաստանը, որին մենք ձգտում ենք, պետք է ճանաչվի որպես ազատ մրցակցային միջավայրում գործարարության եւ ներդրումների համար լավագույն պայմաններ ապահովող երկիր: Մեր ապագան
գիտելիքի վրա հիմնված հասարակությունն է:
Հայաստանում, որին մենք ձգտում ենք, պետք է ապահովվի անվտանգ,
արժանավայել կյանք եւ ինքնարտահայտման հնարավորություն` մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար:
Ցանկացած հայ ընտանիքի համար կրթությունը եւ գիտելիքը լինելու են ամենամեծ պահանջարկ վայելող արժեքները:
Հայաստանը, որին մենք ձգտում ենք, պետք է դառնա ուժեղ ժողովրդավարական պետություն` կառավարման արդյունավետ համակարգով, որտեղ բարձրագույն արժեքը մարդն է, գերակայողը` նրա անօտարելի իրավունքները:
Հայաստանը, որին մենք ձգտում ենք, ունենալու է իր քաղաքացիների վստահությունը վայելող իշխանություն:
Հայաստանում, որին մենք ձգտում ենք, բոլորը հավասար են լինելու օրենքի առջեւ: Պետության ու քաղաքացիների միջեւ արհեստական պատնեշներ չեն լինելու: Հայաստանում, որին մենք ձգտում ենք, չեն լինելու աղքատներ, չեն լինելու արտոնյալներ:
Այս ամենը կյանքի կոչելը հեշտ չէ: Մեր ժողովրդին որեւէ նվաճում երբեք հեշտ չի տրվել: Մեզ միշտ հաջողվել է հաղթանակել կամքի եւ միասնականության շնորհիվ: Սա է մեր հաղթանակի բանաձեւը: